Thursday 24 September 2015

Վիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն»

«Մարդկային կատակերգություն»՝ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ 1943թ. հրատարակված վիպակը, որը հեղինակին բնորոշ յուրահատուկ ոճով արծարծում է պատերազմի կործանիչ ազդեցության թեման: 

Վիպակի նախաբանում, որը վերնագրված է «ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ», հեղինակը գրում է. «Գրել եմ հնարավորին չափ պարզ, լրջության ու զվարթամտության այն շաղախով, որ հատուկ է մեր ընտանիքին և հատկապես քեզ։ Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Միևնույն է, քեզ անպայման պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ գրել է քո որդին և գրել ամենալավ ու բարի մտքով»: 

Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Վեպի գլխավոր հերոսը 14-ամյա Հոմեր Մաքոլին է: Հոմերը մեծանում է անհայր ընտանիքում, ավագ եղբայրը՝ Մարկուսը, մասնակցում է պատերազմին: Ընտանիքի ապրուստը վաստակելու համար տղան աշխատանքի է անցնում փոստային գրասենյակում: Հոմերն աշխատանքի ընթացքում հասունանում է, քանի որ ստիպված է լինում բախվել իրական կյանքին: Նա դառնում է «մահվան լուր բերող», ստիպված է լինում մահացած զինվորների ընտանիքներին հայտնել նրանց մահվան բոթը: Արդյունքում Հոմերը տեսնում է ցավը, վիշտը, հիասթափությունը իրենց ամենադաժան դրսևորումներով: Այս ամենը փոխում է տղայի աշխարհայացքը, նա հասկանում է, որ չարիքը ոչ թե վերացական մի երևույթ է, այլ ավելի քան ներկա է մարդկանց կյանքում:
«— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է»։

Վիլյամ Սարոյան
«Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում»։

Վիպակի սյուժետային գիծը տարվում է հիմնականում երեխաների միջոցով: Սա է այս ստեղծագործության մեջ առկա «համատարած բարության» գլխավոր գաղտնիքը: 
«Մարդկային կատակերգության» հերոսներից յուրաքանչյուրը հրապուրիչ է յուրովի: Հեռագրերի գրասենյակի ղեկավար պարոն Սփանգլերն, օրինակ, աչքի է ընկնում ոչ միայն բարեսրտությամբ, այլև իր երիտասարդ տարիքի համար արտասովոր իմաստությամբ: Սփանգլերը հավատում է լուսավորի հաղթանակին. ժամանակն ի զորու է ցրել բոլոր ամպերը, պետք է միայն համբերությամբ լցվել ու սպասել: «Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր»,-ասում է Սփանգլերը նորեկ Հոմերին: 
Կերպարներից մյուսը՝ պարոն Գրոգանը, դառը իրականությանը դիմանալու միջոցը գտել է ալկոհոլի մեջ: 68-ամյա Գրոգանը, իր իսկ խոսքերով, քաղաքի ամենահին հեռագրիչներից է, իր գործի մեծ վարպետ: Նա չի ուզում ընդունել այն փաստը, որ մարդու ձեռքերն արդեն երկրորդական են դառնում, քանի որ մեքենաներն ավելի վստահելի ու արագ են: «Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել, ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ, մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։ Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից: Երևի մի շաբաթից կմեռնեմ»: Այնումենայնիվ, Գրոգանը ևս սիրում է կյանքն ու գնահատում այն փոքրիկ հաճույքները, որ կարելի է զգալ պատերազմից ու աղքատությունից գորշացած քաղաքում. «Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ, որովհետև դու և ես դեռևս ողջ ենք»,- խնդրում է ծերունին Հոմերին: Հեռագրիչը մեծ ջերմությամբ է լցված պատանու նկատմամբ. նա փորձում է ճիշտ խորհուրդներ տալ հասուն կյանք մուտք գործող տղային: 

Դրվագ վիպակի 1943թ. էկրանավորումից, ԱՄՆ
Փոքրիկ Ուլիսեսը՝ Հոմերի եղբայրը, իր մեջ ամփոփում է անմեղ երեխայի միամիտ ու հուսառատ հայացքները. նա օժտված է միայն երեխային հատուկ անկեղծ զարմանալու ու կյանքին լուսավոր աչքերով նայելու ունակությամբ: Տիկին Մաքոլին՝ չորս երեխայի տեր այրին, զավակներին տալիս է իր ունեցած ամբողջ սերը՝ փորձելով ճիշտ ու լավ մարդիկ դաստիարակել: Ընտանիքի մայրը երեխաներին պարբերաբար հիշեցնում է իրենց հոր մասին, խոսում նրա առավելություններից: «Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով»։

Առհասարակ, այս վիպակի բոլոր հերոսներին համախմբում են մարդկային լավագույն հատկանիշները. նրանք բարի, հասարակ, բնական, աշխատասեր մարդիկ են, որոնք հավատում են սիրո ուժին՝ իր բոլոր դրսևորումներով: Սերը կփրկի աշխարհը նույնիսկ այնպիսի դաժան երևույթից, ինչպիսին պատերազմն է: 

Չի կարելի չնկատել այս ստեղծագործության ու Հոմերոսի «Ոդիսականի» միջև կապը՝ սկսած հենց հերոսների անուններից՝ Հոմեր, Ուլիսես: Այս երկու ստեղծագործություններն ունեն նաև թեմատիկ ընդհանրություն՝ վերադարձ դեպի տուն: «Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ կհասնեն վերջնական օթևանի,կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ»: Ինչպես Սարոյանի Հոմերի, այնպես էլ Հոմերոսի Ոդիսևսի հայրենի քաղաքի անունը Իթաքա է: 
Այս վիպակը շատ առումներով նաև ինքնակենսագրական է: Իթաքան, ինչպես նշվեց, Սարոյանի հայրենի Ֆրեզնոն է: Հոմերի պես Սարոյանը ևս պատանի տարիքում աշխատել է փոստում: 

Վիպակում պատկերվող իրադարձությունների մեծամասնությունը արժանահավատ է, սակայն Սարոյանը երբեմն դիմում է նաև երևակայականի օգնությանը, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնում ստեղծագործության ընդհանուր մթնոլորտը: Թեև վեպի գործողությունները կատարվում են Երկրորդ համաշխարհայինի տարիներին, բուն ռազմական գործողություններ ընթերցողը չի տեսնում. պատերազմի ազդեցությունը ավելի քան վառ է, սակայն այն տեղի է ունենում հեռավոր ու անհայտ մի վայրում: 

«Մարդկային կատակերգության» գլխավոր հերոսը պատերազմն է, ավելի կոնկրետ՝ պատերազմի ստվերն ու հետևանքները: Սարոյանը քննադատում է պատերազմը. համաշխարհային այս չարիքը ոչ մի արդարացում ունենալ չի կարող: Այն անիմաստ է ու կործանիչ, այն միմիայն մահ է բերում իր հետ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր: 

Վիպակի վերջում Մարկուսի՝ Հոմերին գրած նամակում Սարոյանը, կարծես, ամփոփում է պատերազմի մասին իր պատկերացումները. «Երջանիկ եմ, ու թեև երբեք չեմ հավատացել պատերազմների, և գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում էլ դրանք հիմարության են, բայց հպարտ եմ, որ ծառայում եմ իմ հայրենիքին, իսկ իմ հայրենիքը Իթաքան է, մեր տունը և բոլոր Մաքոլիները։ Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու, դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել»։

Նամակը կարդալուց հետո Հոմերն ասում է.
— Եթե իմ եղբայրը սպանվի այս հիմար պատերազմում,— ասաց նա,— ես կթքեմ աշխարհի վրա։ Առհավետ կատեմ։ Բարի չեմ լինի, բոլորից չարը կլինեմ, ամենաչար մարդը, որ երբևէ ծնվել է։
Այնուամենայնիվ, ընթերցողը հասկանում է, որ Հոմերը երբեք չի կարող չարանալ, ինչպես որ չեն չարացել նրա ընտանիքի մյուս անդամներն ու, առհասարակ, Իթաքայի բնակիչները: 

Սարոյանի հայրենի Ֆրեզնոն՝ Իթաքայի նախատիպը
Սարոյանն այս վիպակում ներկայացնում է կյանքի գրեթե բոլոր մութ կողմերը՝ մահ, պատերազմ, այրի մնացած կանայք, չքավորություն, ալկոհոլիզմ, հուսահատություն, մենություն, սակայն իրեն հատուկ վարպետությամբ այս ամենի հետ մեկտեղ կարողանում է բացառիկ լավատեսություն փոխանցել ընթերցողին, հավատ բարու նկատմամբ: «Մարդկային կատակերգության» ամեն տողը լցված է բարությամբ: Այս յուրահատուկ ստեղծագործությունը, կարծես, մաքրազերծում է նաև ընթերցողին՝ դարձնելով նրան իր հերոսների պես վեհ ու գթասիրտ: Իհարկե չարը կարող է հմայիչ լինել, կարող է իր թակարդը գցել շատերին, բայց բարին ևս ունակ է թովելու մարդկանց, դարձնելու այնպիսին, ինչպիսին պետք է լինեն: Սարոյանի ընթերցողի մեջ դեպի լավը փոխվելու ակամա ձգտում է առաջանում:

No comments:

Post a Comment