Saturday, 19 September 2015

Մեջբերումներ ժան Պոլ Սարտրի «Ալտոնայի կալանակյացները» պիեսից

«Դարե՜ր, ահա՛ իմ դարը՝ մենավոր ու տձև մեղադրյալը...Դարաշրջանը կարող էր լավը լինել, եթե մարդը չհետապնդվեր իր դաժան ու անհիշելի ոսոխից, այն գիշատիչ ցեղատեսակից, որ երդվել էր կործանել նրան, անմազ ու նենգամիտ այն գազանից, որ էր մարդը: Մեկին գումարած մեկ անում է մեկ. ահա մեր առեղծվածը… Գազանը թաքնվում էր, նրա հայացքը միանգամից հայտնաբերում էինք մեր մերձավորների մտերիմ աչքերի մեջ: Այնժամ մենք հարվածում էինք. օրինական, կանխարգելող ինքնապաշտպանություն… Ես անակնկալի բերեցի գազանին, հարվածեցի, մի մարդ վայր ընկավ. նրա մահամերձ աչքերի մեջ տեսա գազանին, որը դեռ ողջ էր...Այդ ո՞վ էր, այդ ինչի՞ց էր այս ճապաղ ու խանձված համն իմ կոկորդում: Մարդու՞ց էր, գազանի՞ց, թե՞ ինձնից… Դարաշրջանի համն էր դա: Երջանի՜կ դարեր, ձեզ ակնհայտ են մեր ատելությունները, ինչպե՞ս պիտի հասկանաք մեր մահաբեր սերերի դաժան իշխանությունը… Սեր գումարած ատելություն, մեկին գումարած մեկ...Գուցեև ուրիշ դարաշրջաններ չլինեն մեր դարից հետո:Գուցե մի ռումբ հանգցրած լինի տիեզերքի լույսերը: Ամեն ինչ մահացած. աչքերը, դատավորները, ժամանակը: Ես՝ Ֆրանց ֆոն Գեռլախը, այստեղ՝ այս սենյակում, դարաշրջանը դրեցի իմ ուսերին և ասացի. «Ես պատասխան կտամ իմ դարի համար: Այսօր և ընդմիշտ...»
ժան Պոլ Սարտր «Ալտոնայի կալանակյացները»

No comments:

Post a Comment