Sunday, 20 September 2015

Ֆրեդերիկ Շոպեն



     



       Ֆրեդերիկ Ֆրանսուա  Շոպեն (1810-1849թթ)՝  աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար, մանկավարժ, լեհական ու համաշխարհային երաժշտական արվեստի խոշորագույն դեմքերից: Շոպենը հանդիսանում  է դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ, որը նորովի է մեկնաբանել գոյություն ունեցող մի շարք ժանրեր. ռոմանտիկական հիմքի վրա զարգացրել է պրելյուդիան, ստեղծել է դաշնամուրային բալլադը, բանաստեղծականացրել ու դրամատիզացրել պարերը՝ մազուրկան, պոլոնեզը, վալսը, սկերցցոն վերածել ինքնուրույն ստեղծագործության: Հարստացրել  է հարմոնիան ու դաշնամուրային ֆակտուրան, միաձուլել դասական ձևերը մեղադային գույներով ու երևակայությամբ:

       
     Շոպենի երաժշտական ժառանգությունը ներառում է սոնատաներ, ֆանտազիաներ, բալլադներ, սկերցցոներ, էքսպրոմպտներ, նոկտյուրներ, էտյուդներ, վալսեր, մազուրկաներ, պոլոնեզներ, պրելյուդիաներ եւ դաշնամուրային այլ գործեր, որտեղ զգացմունքների խորությունն ու անկեղծությունը միախառնվել է տեխնիակակն կատարելությանն ու վայլեչությանը:

      Շոպենը ծնվել է Վարշավյան կոմսությունում գտնվող Ժելյազովա-Վոլյա բնակավայրում: 1795թ. դրությամբ Լեհաստանը դադարել էր գոյություն ունենալ որպես առանձին պետություն, իսկ Վարշավան նապոլեոնական պատերազմների արդյունքում գտնվում էր Ռուսական կայսրության տիրապետության տակ: Շոպենը մինչև արևմուտք ուղևորվելը փաստացիորեն  ապրում էր Ռուսական կայսրության մաս հանդիսացող տարածքում: Բացառություն են միայն նրա կյանքի առաջին երեք տարիները՝ ընդհուպ 1815թ. մարտը, երբ այդ շրջանը հանդիսանում էր Ֆրանսիական կայսրությանը պատկանող Վարշավյան կոմսության մաս:

       Կոմպոզիտորի հայրը՝ Նիկոլյա Շոպենը (1771—1844) 1806թ. ամուսնանում է Սկարբկովների հեռավոր բարեկամ Յուլյա Կիրուջինայի հետ (1782—1861): Պահպանված տեղեկությունների համաձայն՝ Շոպենի մայրը պատշաճ կրթություն է ստացել, տիրապետել է ֆրանսերենին, եղել է  շատ երաժշտասեր, հրաշալի դաշանամուր է նվագել, գեղեցիկ ձայն ունեցել: Շոպենը հենց մորն է պարտական երաժշտական իր առաջին տպավորությունների համար, ինչպես նաև ժողովրդական երաժշտության նկատմամբ ունեցած հետաքրքրության ու սիրո համար:
        1810թ. աշնանը՝ որդու ծնունդից որոշ ժամանակ անց, Նիկոլյա Շոպենը տեղափոխվում է ապրելու Վարշավայում: Շնորհիվ Սկարբկովների հովանավորության, որոնց մոտ նա աշխատում էր որպես դաստիարակ, Վարշավայի լիցեյում մանկավարժ Մաեի մահից հետո նա զբաղեցնում է վերջինիս տեղը:  Մտավորական ծնողների  ազդեցությունն իր մեծ նշանակություն է ունենում ընտանիքի անդամների վրա: Բացի Ֆրեդերիկից, ընտանիքում կային նաև նրա երեք քույրերը՝ Լյուդովիկան, Իզաբելլան ու Էմիլյան: Քույրերը բազմակողմանի զարգացած էին, իսկ վաղամեռիկ Էմիլյան առհասարակ հրաշալի գրական տաղանդ ուներ:



Հենրիկ Սիմիրաձսկի  «Շոպենը նվագում է Ռաձիվիլսների համար, 1829»
(1887)
      Դեռ մանկուց Շոպենը արտասովոր երաժշտական ունակություններ ուներ: Նա առանձնահատուկ ուշադրությամբ ու խնամքով էր շրջապատված: Մոցարտի պես՝ նա ևս շրջապատողներին ապշեցնում էր երաժշտական «համակվածությմբ», իմպրովիզներ անելու անսպառ երևակայությամբ: Երաժշտական ընկալունակությունն ու տպավորվածությունը նրա մոտ արտահայտվում էին բուռն ու անսովոր կերպով: Երաժշտություն լսելիս նա կարող էր արտասվել, գիշերները վեր կենալ, որպեսզի դաշնամուրի միջոցով արտահայտեր մտածված մեղեդին ու ակորդները:

     
      
1818թ. Վարշավայի թերթերից մեկի հունվարյան համարում հրատարակվում  է նորություն երաժշտական առաջին պիեսի մասին, որը գրվել էր դեռևս նախնական դպրոցում սովորող մի կոմպոզիտորի կողմից. «Այդ «Պոլոնեզի» հեղինակը, - գրում էր թերը, - աշակերտ է, որի ութ տարին դեռ չի լրացել: Նա երաժշտական իրական հանճար է՝ մեծագույն թեթևությամբ ու բացառիկ ճաշակով: Նա  կատարում  է դաշնամուրային ամենաբարդ պիեսներ, ստեղծագործում պարեր ու վարիացիաներ, որոնք առաջացնում են ոլորտի գիտակերի հիացմունքը: Եթե այդ վունդերկինդը ծնվեր Ֆրանսիայում կամ Գերմանիայում, նա իր վրա ավելի մեծ ուշադրություն կհրավիրեր»:

        Երիտասարդ Շոպենին սովորեցնում են երաժշտություն՝ դրա հետ մեծ հույսեր կապելով: Ծագումով չեխ   դաշնակահար  Վոյցեխ  Ժիվնին  սկսում է պարապել յոթամյա տղայի հետ: Պարապմունքները բավականին լուրջ էին, չնայած նրան, որ Շոպենը միաժամանակ սովորում էր նաև Վարշավայի կրթարաններից մեկում: Տղայի կատարողական տաղանդն այնքան արագորեն էր զարգանում, որ տասներկու տարեկան հասակում Շոպենը գրեթե չէր զիջում լեհ կոմպոզիտորներին: Ժիվնին հրաժարվում է  պարապել նրա հետ՝ հայտարարելով, որ այլևս ոչինչ չունի նրան սովորեցնելու:
       

Ավարտելով կրթարանն ու Ժիվնիի մոտ յոթամյա պարապմունքները՝ Շոպենն սկսում է տեսական պարապմունքները կոմպոզիտոր Յոզեֆ Էլսների մոտ:

Դելակրուա «Շոպենի ու Սանդի համատեղ դիմանկարը» 1838
       Իշխան   Անտոն    Ռադզիվիլլայի   ու Չետվերտինսկի իշխանների հովանավորությամբ՝  Շոպենը  դուրս   է գալիս բարձր հասարակություն, որը տպավորված էր նրա գրավիչ արտաքինով ու նրբակիրթ շարժուձևերով:

       1829թ-ից  սկսվում  է  Շոպենի արտիստիկ գործունեությունը: Նա ելույթներ է ունենում       Վիեննայում, Կրակովում՝   կատարելով  իր   ստեղծագործությունները: Վերադառնալով Վարշավա՝ 1830թ. նոյեմբերի 5-ին նա լքում է այն մշտապես: Հայրենիքից  այդ բաժանումը դառնում  է  նրա մշտական լուռ կսկիծի պատճառը: 30-ականներին դրան ավելանում  է  նաև Ժորժ Սանդի նկատմամբ սերը, որը նրան ավելի շատ թախիծ է  բերում, քան երջանկություն:

         1830թ. տարածվում են Լեհաստանի անկախության համար բարձացված ապստամբության լուրերը: Շոպենը երազում էր վերադառնալ հայրենիք ու մասնակցել մարտերին: Հավաքագրումներն ավարտվում են, սակայն ճանապարհին հասնում են սարսափելի լուրերն այն մասին, որ ապստամբությունը ճնշվել է, իսկ դրա կազմակերպիչները գերի են վերցվել: Շոպենը խորապես հավատում էր, որ իր երաժշտությունը կարող էր օգնել իր հարազատ ժողովրդին՝ հասնելու հաղթանակի: «Լեհաստանը կլինի փայլուն, հզոր ու անկախ»,- գրում էր Շոպենն իր օրագրում:



 

Ֆելիքս Ժոզեֆ Բարիոս  «Շոպենի մահը»
      Մեկնելով Դրեզդեն, Վիեննա, Մյունխեն՝ 1831թ. ժամանում է Փարիզ: Ճանապարհին Շոպենը գրում է «Շտուտգարդյան օրագիրը», որն արտահայտում էր Շտուտգարդ ժամանելու ընթացքում նրա հոգեվիճակը, որտեղ նա տառապում էր Լեհական ապաստամբության ձախողման լուրերից: Այդ շրջանում Շոպենը գրում է իր նշանավոր «Հեղափոխական էտյուդը»:

      Առաջին համերգը նա տալիս է Փարիզում, քսաներկու տարեկան հասակում, որը հսկայական հաջողություն է ունենում: Համերգներով Շոպենը հազվադեպ էր ելույթ ունենում, մինչդեռ  ֆրանսիական  ազնվականության  ու  լեհական համայնքների սրահներում Շոպենի հռչակն աննախադեպ էր: Կային կոմպոզիտորներ, որոնք չէին ընդունում Շոպենի տաղանդը, ինչպես, օրինակ, Կալկբրեններն ու Ջոն Ֆիլդը, բայց դա չէր խանգարում Շոպենին երկրպագուների բանակ հավաքել ինչպես արվեստագետների, այնպես էլ շարքային քաղաքացիների շրջանում:

       
Լուսանկարիչ՝ Բիսսոն  (1849)
 1837
թ. Շոպենն ունենում է թոքերի հիվանդության առաջին նոպան: Հենց այդ շրջանին է համընկնում Ժորժ Սանդի հետ կապը: Վերջինիս հետ Մալյորկա այցելությունը բացասաբար է  անդրադառնում նրա առողջության վրա՝ ստիպելով տառապել ցավագին նոպաներից: Այնուամենայնիվ, նրա մի շարք փառահեղ գործեր, այդ թվում՝ քսանչորս պրելյուդիաներ, ստեղծվել են հենց իսպանական այդ կղզում բնակվելու ընթացքում:

         Ժորժ Սանդի հետ տասնամյա համատեղ կյանքը, որը լի էր մի շարք փորձություններով, մաշում է նրա առողջությունը, իսկ 1847թ. Սանդի հետ բաժանումը խորը սթրեսի պատճառ է  դառնում:

         Ցանկանալով լքել Փարիզը, որպեսզի լայնացնի ծանոթների իր շրջանակը, 1848թ. ապրիլին Շոպենը մեկնում է Լոնդոն՝ համերգներ տալու ու մանկավարժությամբ զբաղվելու: Դա դառնում է նրա վերջին ճանապարհորդությունը: Հաջողությունը, նյարդային ու լարված կյանքը, բրիտանական խոնավ կլիման ու պարբերաբար կրկնվող նոպաները վերջնականապես խլում են նրա ուժերը: Վերադառնալով Փարիզ՝ Շոպենը մահանում  է 1849թ. հոկտեմբերի 5-ին (17):

       Շոպենի մահը խորապես սգում է ողջ երաժշտական աշխարհը: Նրա հուղարկավորությանը մանսակցում են նրա արվեստի ու տաղանդի հազարավոր երկրպագուներ:
Շոպենի արձանը Վարշավայի Լազիենկի զբոսայգում
       Նրա կամքի համաձայն՝ հուղարկավորությանը նշանավոր արտիստների կողմից կատարվում է Մոցարտի «Ռեքվիեմը»՝ այն կոմպոզիտորի ստեղծագործությունը, որին Շոպենը բոլորից վեր էր դասում: Կատարվում է նաև  Շոպենի № 4 պրելյուդիան: Պեր-Լաշեզ գերեզմանատանը Շոպենի աճյունը հանգչում է  Քերուբինիի ու Բելլինիի կողքին: Շոպենի սիրտը, նրա իսկ ցանկության համաձայն, տեղափոխվել է  Վարշավա, որտեղ զմռսվել է Սուրբ Խաչ եկեղեցում:

Շոպենի վերջին դաշնամուրը (1848–49)
       Պոլոնեզներում ու բալլադներում Շոպենը պատմում  է իր հարազատ երկրի՝ Լեհաստանի մասին, նրա գեղատեսիլ վայրերի ու ողբերգական անցյալի մասին: Այդ ստեղծագործություններում նա օգատգործել է ժողովրդական էպոսի լավագույն գծերը: Դրա հետ միաժամանակ՝ Շոպենը բացառիկ ինքնատիպությամբ է փայլում՝ առանձնանալով  համա8ձակ ստեղծարարությամբ:

      Բեթհովենից հետո կլասիցիզմն իր տեղը զիջում է ռոմանտիզմին, եւ Շոպենը դառնում է  երաժշտության  մեջ այդ խոշորագույն ուղղության գլխավոր ներկայացուցիչներից մեկը: Շոպենը հաճախ հասնում է  ողբերգականության գագաթնակետին, ինչպես դա կարելի է  տեսել նրա նշանավոր «Թաղման քայլերթում»՝ 35-րդ սոնատայում, կամ հանդես  է գալիս որպես հրաշալի քնարերգու, ինչպես իր երկորրդ  դաշնամուրային կոնցերտի «Larghetto»-ում:
Վարշավայում Շոպենի թանգարանը

       Շոպենի երաժշտական արվեստի լավագույն գործերից են նրա էտյուդները, որտեղ տեխնիակկան էքզերսիների հետ ունկնդրի առջև բացվում է յուրօրինակ պոետիկ աշխարհ: Այդ էտյուդներն առանձնանում են թե՛ երիտասարդական ավյունով ու թարմությամբ, թե՛ դրամատիզմով: Նրանցում նկատվում են հարմոնիկ հրաշալի երանգենր:

       Առավել «իքնակենսագրական» ժանր նրա արվեստում համարվում է  վալսը, որը, մի շարք երժշտագետների կարծիքով, սերտորեն կապված է Շոպենի իրական կյանքի հետ, ուստի դրանք կարող են դիտվել իբրև յուօրինակ «քնարական օրագրեր»:



No comments:

Post a Comment