Ուշ ռոմանտիզմի էպիկական հսկայական այս «կտավը» Հյուգոն ստեղծել է շուրջ երեսուն տարիների ընթացքում՝ գտնվելով բոնապարտյան Ֆրանսիայից հեռու՝ օտարության մեջ: 1859թ. օգոստոսի
18-ի համաներումից հետո հրաժարվելով
վերադառնալ Ֆրանսիա՝
Հյուգոն իր
վաթսունամյակը դիմավորում է արտաքսման
մեջ ու նշանավորում այն հռչակավոր իր այս վեպի ստեղծմամբ:
Վեպի հիմքի մեջ հեղինակը դրել է իր ժամանակաշրջանի երկու միմյանց խիստ հակասող կերպարների՝ տաժանակրի ու սրբակյացի, բայց ոչ թե նրանց բարոյական տարբերությունը ցույց տալու, այլ՝ նրանց Մարդու մեկ ամբողջականության մեջ միավորելու համար:
Հյուգոն վեպը գրել է ընդհատումներով: Սկզբում ստեղծվել են ստեղծագործության սյուժետային իրադարձությունները, այնուհետև այն վերաճել է պատմական գլուխների:
1830-ականների սկզբին
Հյուգոն ինքն
իր մեջ
պատկերում էր
վեպի սկզբնական
էսքիզները՝ գրելով
նախաբան հետևյալի
մասին, որ
«Նրանք, ովքեր կհարցնեն՝ իսկապես եղել են այդպիսի իրադարձություններ, մենք կպատասխանեինք, որ դա նշանակություն չունի: Եթե ճակատագրի կամոք այս գիրքն իր մեջ ամփոփի որևէ դաս կամ խրատ, եթե նրա մեջ նկարագրվող իրադարձությունները կամ զգացմունքները իմաստից զուրկ չեն, ուրեմն այն հասել է իր նպատակին…Կարևոր է ոչ թե այն, որ պատմությունը ճշմարտացի լինի, այլ այն, որ այն իրական լինի»:
«Թշվառների» գլխավոր նպատակը Հյուգոն տեսել է այն ճանապարհի մեջ,
որով անցնում է թե՛ առանձին անհատը, թե՛ ամբողջ հասարակությունը՝ «չարից դեպի բարին, անարդարից՝ արդարը, խաբեությունից՝ ճշմարտությունը:
Սկզբնակետը նյութականն է, վերջնակետը՝ հոգին»:
Վեպի հիմնական կապող կերպարը տաժանակիր Ժան Վալժանն է, որն իր մեջ ամփոփում է վեպի գաղափարի ներքին իրականացումը:
Վեպի «ամենաթշվառ» հերոսն անցնում է բարոյապես կայանալու դժվարին ուղի, որն սկսվում է
Դինի յոթանասունհիգամայա սրբակյաց եպիսկոպոս Շառլ Միրիելի
հետ պատահական հանդիպումից: Ազնվակյաց ծերունին առաջինն էր, ով, իմանալով նրա անցյալի մասին, երես չի թեքում նրանից, օթևան է տալիս իր տանը, վերաբերվում որպես հավասարի և ոչ միայն պարզապես ներում է արծաթե սպասքի գողության փաստը,
այլ նաև նվիրում է արծաթե երկու մոմակալ՝ խնդրելով օգտագործել դրանք ի շահ աղքատների:
Տաժանակրի՝ ծանրագույն աշխատանքից ու մշտական անարդարություններից բթացած հոգում ներքին հեղափոխություն է տեղի ունենում, որը նրան հասցնում է բարոյապես կայանալու առաջին աստիճանին. նա սկսում է արդար ու ազնիվ կյանք վարել:
Ժան Վալժանի ճակատագրի մյուս բեկումնային շրջանն է դառնում Շանմատյեի գործը: Իրեն անծանոթ մարդուն տաժանակրությունից փրկելն ու գաղտնիքի բացահայտումը հերոսի համար դառնում է ներքին ծանրագուն պայքար: Ժան Վալժանն ամբողջ գիշեր տանջվում է՝ մտածելով՝ արդյոք արժե վտանգի տակ դնել մի ամբողջ ծայրամասի բարեկեցությունը մեկ մարդու կյանքի համար ու եթե նա կանգ առնի երկրորդ տարբերակի վրա, արդյոք դա չի վկայի նրա ավելորդ հպարտության մասին: Նա գնում է ճակատագրին ընդառաջ՝ այդպես էլ վերջնական որոշում չկայացնելով: Դատական նիստի ժամանակ նա ասում է իր անունը՝ տեսնելով Շանմատիեի մեջ մի թշվառ ծերունու, որը գաղափար անգամ չուներ՝ ինչ էր կատարվում իր շուրջը:
Ժան Վալժանի համար ամենաողբերգականը դառնում է նրա հոգևոր կայացման երրորդ շրջանը, երբ նա հրժարավում է Կոզետտայից: Անմնացորդ սիրելով իր խորթ դստերը, ամփոփելով իր մեջ զգացմունքների մի ամբողջ բազմազանություն (սեր դստեր, քրոջ, մոր ու, հնարավոր է, նաև կնոջ նկատմամբ)՝ նա գնում է Շանվրեր փողոցի բարիկադներ, որտեղ փրկում է մահից իր
կողմից ատելի Մարիուսին՝ անելով դա
ի սեր
իր համար
ամենաթանկ էակի՝
Կոզետտայի:
Ժան Վալժանի կյանքն սկսվում է տաժանակրությունից ազատվելուց հետո: Սկզբում նա սովորում է մարդկանց նկատմամբ բարին գործել, հետո՝ զոհել իրեն հանուն ճշմարտության, այնուհետև՝ հրաժարվել նրանից, ում աշխարհում ամենաշատն է սիրում: Նյութական բարեկեցությունից, ինքն իրենից ու երկրային կախվածություններից հրաժարվելը մաքրում են Ժանի հոգին՝ դարձնելով նրան եպիսկոպոս Շառլ Միրերին հավասար: Նախկին տաժանակիրը հեռանում է կյանքից՝ իր հոգու հետ հաշտված, այնպես, ինչպես պետք է լինի ցանկացած քրիստոնյայի հետ:
Ժան Վալժանին ամբողջապես հակադիր կերպար է ոստիկան Ժավերը: Խստորեն հետևելով օրենքի տառին՝ նա չի տեսնում շուրջը ո՛չ իրական բարությունը, ո՛չ մարդասիրությունը այնքան, մինչև դա դիպչում է հենց իրեն: Իր ոխերիմ թշնամու հանկարծակի ազատումը քանդում է արդարադատության մասին նրա պատկերացումները: Նա սկսում
է մտորել այն մասին, որ աշխարհում կան բաներ, որոնք վեր են մարդկանց կողմից ստեղծված օրենքից: Ժավերն այնքան կտրուկ է սկսում տեսնել Աստծո գոյությունը, որ նրա՝ մեղքերից տանջահար հոգին չի հասցնում դիմադրել ճշմարտության բացված անդունդին, ինչն ավարտվում
է վերջինիս ինքնասպանությամբ:
Ժան Վալժանի՝ տաժանակրությունից ազատվելու ու նրա մահվան միջև ձգվում են տասնութ տարիներ, սակայն վեպի գեղարվեստական ժամանակը սահմանափակված չէ 1815թ. հոկտեմբերից մինչև 1833թ. ամառն ընկած ժամանակահատվածով: Հյուգոն պարբերաբար ընթերցողին պատմում է անցյալի իրադարձությունների մասին՝ տանելով դեպի 1815թ. հունիսի
18-ի Վաթեռլոոյի ճակատամարտ, պատմում է Փոքր Պիկլյուս վանքի մասին, կամ տանում
է դեպի ապագա՝ պատմելով 1848թ. Հեղափոխության մասին, որը ծնվել էր դեռ 1832թ. ապստամբությունից:
Գործողությունների հիմնական վայրը Փարիզն է, իսկ սյուժետային բոլոր գծերի հատման կետը՝ Գորբոյի խրճիթը, որտեղ Տոնարդյեն կազմակերպում է Ժան Վալժանի դարանակալությունը:
Վեպի գլխավոր ու երկրորդական կերպարները միմյանց հետ կապված են բարեկամական կամ սյուժետային կապերով, սակայն նրանք միշտ չէ, որ գիտեն դրա մասին, օրինակ՝ Կոզետտան, ի դեմս Տոնարդյեի, չի ճանաչում իր նախկին խնամակալին, Գավրոշը, տեսնելով երկու երեխաներին, չի ճանաչում իր եղբայրներին, Ժան Վալժանը, Տոնարդյեն ու Ժավերը երբեմն-երբեմն չեն ճանաչում միմյանց: Սրանք այնպիսի հանգամանքներ են, որոնց միջոցով ծնվում են սյուժետային ինտրիգներ:
Վեպի հոգեկերտվածքն արտացոլված է Ժան Վալժանի կերպարում, ռոմանտիկական հիմքը՝ միմյանց նկատմամբ սերը՝ Կոզետտայի ու Մարիուսի կերպարներում, որոնց բնույթը գրեթե չի փոխվում վեպի ողջ սյուժեի ընթացքում:
Սիրո գիծը վեպում սերտորեն կապված է մահվան թեմատիկայի հետ. Մարիուսին սիրահարված Էպոնինան կանչում է նրան բարիկադներ՝ նախընտրելով տեսնել նրան մահացած, քան ուրիշ կնոջ պատկանելիս, բայց արդյուքնում հանձնվում է ու զոհվում՝ փրկելով սիրելիի կյանքը: Մարիուսը գնում է բարիկադներ, քանի որ չէր կարող ապրել առանց Կոզետտայի, նույն
այդ պատճառով նրա հետևից գնում է
Ժան Վալժանը: Ինչպես և բնորոշ է
ռոմանտիկ հերոսներին, նրանք քիչ են առնչվում ռեալիզմին. նրանք գտնվում են իրենց զգացմունքների տիրապետության տակ և չեն տեսնում իրավիճակի զարգացման այլ ուղիներ բացի «սիրելի մարդու հետ լինելուց» հենց այդտեղ, հենց այդ պահին, այլ դեպքում՝ ուղղակիորեն պատրաստ են մեռնել:
Վեպի բարոյական
հայեցակարգը համապատասխանում է մարդկային
կյանքի մասին
Հյուգոյի
պատկերացումներին՝ իբրև
լույսի
ու
խավարի շարունակական
հերթափոխ: Բարոյական դասի
խնդիրը հեղինակի
համար առավել
կարևոր է,
քան ռեալիստական
վերլուծությունը, քանի որ
Հյուգոն ինքն
է վեպի
վերջում նշում,
որ այն
առավել կարևոր
դերակատարություն ունի, քան
իրական կյանքի
պատկերումը: Ընկալելով
աշխարհը որպես
բարու եւ
չարի մշտական
պայքար՝ Հյուգոն
ձգտում է ցույց
տալ այդ
պայքարը, շարժումը՝
մշտապես շեշտադրելով
բարու ու
հոգևորի հաղթանակը:
Հյուգոն իր
առջև խնդիր
էր դրել
վերակենդանացնել հասարակության կողմից կորսված
բարոյական արժեքները,
ինչը վեպը
դարձնում է հեղինակի կողմից
մշակված յուրահատուկ
առաքելություն, այդ իսկ
պատճառով Արևմուտքում
այս վեպը
հաճախ անվանում
էին «Ժամանակակից
Ավետարան», ինչպես
այն բնորոշում
էր հենց
ինքը Հյուգոն:
Վեպը բարձր
են գնահատել
Նեկրասովը, Շչեդրինը,
Տոլստոյն ու
Դոստոևսկին եւ այլք:
Չնայած գաղափարական
դիրքորոշումների ու ստեղծագործական
մեթոդների տարբերությանը՝
«Թշվառների» մեջ
նրանք տեսել
են իրենց
հոգեհարազատ գծեր:
Տոլստոյն, օրինակ,
վեպում ռոմանտիզմի
ու հռետորիկայի
համատեքստում տեսել է պատմական
ու մարդկային
ճշմարտություն, գտել է սոցիալական մերկացում
ու բարոյական
քարոզ, սեր
հասարակ մարդկանց
նկատմամբ, ոստի
Հյուգոյի այս
վեպը նա
վեր է դասել ֆրանսիական
բոլոր ժամանակակից
վեպերից:
Անգամ քաոսի
մեջ Հյուգոն
տեսնում է հրաշալին,
դաժան սրտի
մեջ՝ մարդկայնության
հատիկներ, արատավոր
հասարակության մեջ՝ ներդաշնակության
գծեր ու
անգամ փարիզյան
աղբանոցների մեջ
նա պատկերում
է կանաչ
ու թարմ
խոտեր, առողջ
ու ուրախ
կյանք: Չկար
կյանքի որևէ
մռայլ երևույթ,
որը Հյուգոյի
համար անհուսալի
լիներ: Այդ
իսկ պատճառով
«Թշվառների» աշխարհը
հեղինակի՝ բարու
հաղթանակի նկատմամբ
հավատով լցված
հայացքով
ջերմացնում էր
մռայլ ու
խավար երևույթները:
Հյուգոյի գաղափարներն
ապրում էին
ոչ միայն
պատկերվող մարդկանց,
այլ նաև
կենդանի ու
մեռած բնության
մեջ, որը
նա նկարագրում
էր յուրահատուկ
սիրով՝ տեսնելով
նրա մեջ
բարոյական նույն
պայքարը:
No comments:
Post a Comment