Wednesday, 23 September 2015

Գերի Կուպեր



Գերի Կուպեր (նույն ինքը՝ Ֆրենկ Ջեյմս Կուպեր, 1901-1961թթ.)՝ ամերիկացի դերասան, Հոլիվուդի բոլոր ժամանակների ամենասիրված աստղերից մեկը: Իր 35 տարվա կարիերայի ընթացքում (1925-60թթ.) Կուպերը նկարահանվել է մոտ 100 ֆիլմում: 1961թ. լեգենդար դերասանն արժանանում է պատվավոր «Օսկարի» ամերիկյան կինոյի զարգացման մեջ ունեցած իր ավանդի համար:  
Գերին 1903թ-ին

Կուպերը ծնվել է 1901թ. մայիսի 7-ին ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում, անգլիացի էմիգրանտների ընտանիքում: Հայրը հեղինակավոր դատավոր էր, ինչպես նաև սեփական հողատարածքն ուներ: Գերին բրիտանական բարձրակարգ դպրոց է հաճախում՝ տարածաշրջանում լավագույններից մեկը: 1920թ.՝ դեռ ավագ դպրոցի տարիներին, Գերին սկսում է արվեստի դասընթացների հաճախել: Արվեստի, հատկապես՝ գեղանկարչության հանդեպ պատանու հետաքրքրությունը ծնվել էր ամերիկացի գեղանկարիչներ Չարլզ Մարիոն Ռասսելի և Ֆրեդերիկ Ռեմինգտոնի կտավներն ուսումնասիրելիս: Գերին ինքը նկարում էր և բարձր առաջադիմություն էր գրանցում արվեստի դասընթացներին:  




1924թ.Կուպերները տեղափոխվում են Լոս Անջելես՝ կապված ընտանիքի հոր աշխատանքի հետ: Ապարդյուն կերպով աշխատանք փնտրելիս Կուպերն այստեղ հանդիպում է Մոնտանայի իր հին ընկերներին, որոնք ապրուստ էին վաստակում վեսթերն ֆիլմերում էպիզոդիկ դերերով: Կուպերը որոշում է փորձել  օրական 5 դոլլար վարձատրությամբ այս աշխատանքը՝իր առջև նպատակ դնելով գումար կուտակել արվեստի մասնագիտացված դասընթացների  համար: 

Գերին, Վերոնիկան
 և նորածին Մարիան
1925թ. Կուպերը սկիզբ է դնում իր դերասանական գործունեությանը՝ նկարահանվելով մի շարք համր ֆիլմերում, որոնց մեծ մասը վեսթերն ժանրին էին պատկանում: Այդ ֆիլմերից կարելի է առանձանցնել «Բարբարա Ուորթի շահումը», որտեղ մարմնավորած երիտասարդ ճարտարագետի կերպարը համարվում է Կուպերի առաջին կարևոր դերակատարումը:
Առհասարակ, վեսթերն ժանրի ֆիլմերում Կուպերի ունեցած հաջողությունը շատերը բացատրում են Մոնտանայի կովբոյների շրջապատում ապրելով. Կուպերը անկաշկանդ ու բնական էր վեսթերն միջավայրում, լիարժեք տիրապետում էր ձի հեծնելուն ու հիանալի տեսք ուներ հեծյալի դիրքում: 1928թ. Կուպերն արդեն ճանաչված դերասան էր, յուրաքանչյուր դերի համար 2750 դոլլար էր վաստակում և բազմաթիվ աղջիկների կուռքն էր: 

Այնուամենայնիվ, Կուպերին իրական ճանաչում է բերում Վիկտոր Ֆլեմինգի  «Վիրջինիացին» ֆիլմը  (1929թ.)՝ Կուպերի առաջին ձայնային ֆիլմը: Ի տարբերություն շատ այլ դերասանների, ովքեր համր ֆիլմից ձայնայինի անցման ժամանակ մի շարք խնդիրներ էին ունենում, Կուպերը հեշտությամբ ինտեգրվում է աշխատանքային նոր պայմաններին ու իր հաճելի ու հստակ ձայնով շարունակում է գերել բոլորին:  Կուպերի վաղ դերերից իր կարևորությամբ առանձնանում է նաև Ջոզեֆ ֆոն Ստերբերգի՝ 1930թ. նկարահանած «Մարոկկո» ֆիլմում մարմնավորած կերպարը:
«Վիրջինիացին»
Այս ֆիլմում Կուպերը հանդես է գալիս Մառլեն Դիտրիխի հետ միասին: Մի շարք այլ ֆիլմերում հաջող դերակատարումներից հետո 1931թ. Կուպերը մեկնում է Ալժիր, այնուհետև՝ Իտալիա, որտեղ ապրում է մեկ տարի: Հռոմում Կուպերը ոչ միայն ծանոթանում է իտալական մշակույթին, այլև իտալական կենցաղին ու նիստուկացին: Կուպերը «սովորում» է եվրոպական բարձր խավի հետ շփման «օրենքները»: Կուպերի այս շրջանի ճանապարհորդությունների շարքում էր նաև Աֆրիկա ուղևորությունը, որը մեծ բավականություն է պատճառում դերասանին՝ էլ ավելի ուժեղացնելով վայրի բնության հանդեպ Կուպերի սերը: Կյանքը այլ կողմերից տեսած ու թարմացած Կուպերը վերադառնում է Հոլիվուդ 1932թ. ապրիլին և նոր պայմանագիր է կնքում ՛՛Paramount Pictures՛՛-ի հետ՝ տարեկան երկու ֆիլմ ու շաբաթական 4000 դոլլար աշխատավարձի պայմաններով:  




1932թ. Կուպերը նկարահանվում է  «Հրաժեշտ զենքին» ֆիլմում  (Է. Հեմինգուեյի համանուն վեպի էկրանավորումը): Ռեժիսոր Ֆրենկ Բորզեյգիի այս ֆիլմը դառնում է տարվա ամենահաջողված գործը, իսկ Կուպերի դրամատիկ դերակատարումը բարձր են գնահատում թե՛ նրա երկրպագուները, թե՛ մասնագետները: 
«Հրաժեշտ զենքին»

1936թ.  հատկանշական է դառնում Կուպերի կարիերայում. նա նկարահանվում է Ֆրենկ Կապրայի «Պարոն Դիդսը տեղափոխվում է քաղաք» կատակերգությունում՝ մարմնավորելով Լոնգֆելլոու Դիդսի կերպարը: Այս դերակատարումը մեծ փառք է բերում Կուպերին. նա կարողանում է կերտել  «ամերիկյան հերոսի» կերպարը՝ ազնվության, քաջության ու բարեսրտության խորհրդանիշ: Կինոքննադատների կարծիքով Դիդսի կերպարով Կուպերը նոր ազգային հերոս ծնեց:  

Էռնեստ Հեմինգուեյի հետ 

Կուպերի կինոկարիերայից խոսելիս հարկ է նշել նաև 1940-ական թթ., երբ դերասանը բավականին կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից նկարահանվում  է մեծ հաջողություն գրանցող ֆիլմերում, այդ թվում՝  «Ծանոթացիր Ջոն Դոուի հետ»,  «Կրակի գունդ»,  «Սերժանտ Յորք»,  «Յանկիների հպարտությունը», «Ու՞մ համար է ղողանջում զանգը» (Է. Հեմինգուեյի համանուն վեպի էկրանավորումը) և այլն: Այս բոլոր ֆիլմերում մարմնավորած դերերը Կուպերին էլ ավելի մեծ փառք են բերում՝ արդեն որպես հասուն ու փորձառու դերասանի: 
Ինչ վերաբերում է դերասանի անձնական կյանքին, ապա նրա առաջին կինը Վերոնիկա Բալֆն էր, որի հետ Գերին ամուսնանում է 1933թ: 2 տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ Մարիա Վերոնիկա Կուպերը, որը Գերիի պես դեռ մանկուց տարվել էր արվեստով, մասնավորապես՝ գեղանկարչությամբ:

Ժամանակի շատ աստղերի պես Գերին նույնպես հայտնի էր արտամուսնական կապերով: Նա սիրային կապեր էր հաստատում գրեթե բոլոր դերասանուհիների հետ, որոնց հետ առիթ էր ունենում աշխատել: Նրա սիրուհիների շարքում են եղել Կլարա Բոուն, Էվելին Բրենտը, Լուպե Վելեսը, Մառլեն Դիտրիխը, Կառոլ Լոմբարդը, Ինգրիդ Բերգմանը, Պատրիսիա Նիլը, Գրեյս Քելլին, Ժիզել Պասկալը և ուրիշներ: 

Կուպերն ու Ի. Բերգմանը «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմում
«Ուղիղ կեսօրին»

Կուպերը կրկնակի օսկարակիր դերասան է.  «Սերժանտ Յորք» և  «Ուղիղ կեսօրին» ֆիլմերում մարմնավորած դերերի համար արժանել է  «Օսկարի» արձանիկների: Կուպերի մասնակցությամբ բազմաթիվ ֆիլմերից հարկ է առանձնացնել նաև  «Սերը կեսօրին», «Թևեր»,  «Վերա Կրուս»,  «Վերադարձ դրախտ»,  «Դալլաս» և այլն: 

Կուպերի մահից հետո թերթերը գրում էին. «Գերի Կուպերի կյանքն ընդհատվեց ուղիղ կեսօրին, երբ արևը երկնակամարի ամենաբարձր կետում է գտնվում: Մի՞թե սա արժանի մահ չէ Ամերիկայի ամենակատարյալ ասպետի համար»: 

No comments:

Post a Comment