Tuesday 3 November 2015

Մարթա Գրեմ

      

     
      Մարթա Գրեմ՝ ամերիկացի հռչակավոր պարուհի եւ խորեոգրաֆ, ХХ դարի ամենավառ արտիստներից մեկը, ամերիկյան ժամանակակից պարի՝ «մոդեռնի» հիմնադիրը, որին ամերիկյան մամուլը մշտապես անվանում էր «դարի պարուհի», «դարի կուռք:
      Մարթա Գրեմը ծնվել է 1894թ. մայիսի 11-ին, Փենսիլվանիա նահանգի Ալլեգենա քաղաքամաերձ բնակավայրում: Ծագումով նա hնդկուհի է, այսինքն՝ արմատներով սերում է Ամերիկայի տեղաբնիկներից: Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն  է գործել հայրը, որը բժիշկ էր և զանազան ֆիզիկական շարժումներ էր կատարում նյարդային խանգարումները վերացնելու համար: Բժիշկ Գրեմը գտնում էր, որ մարդու մարմինը կարող է արտահայտել  նրա զգացմունքները, եւ այդ գաղափարները մեծ հետաքրքրություն են առաջացնում Մարթայի մեջ:
     1910թ. Մարթայի  ընթանիքը տեղափոխվում է Կալիֆորնիա, և երբ վերջինս տասնյոթ տարեկան էր, նա ներկա է գտնվում հայտնի պարուհի Ռութ Սեն-Դենի համերգին, որը ելույթ էր ունենում Լոս Անջելեսի «Մեյսոն» օպերային թատրոնում: Աղջիկը հիանում է նրա արվեստով ու սկսում է երազել պարուհի դառնալու մասին: Մարթային ընձեռված էր նաև ուսում ստանալու իրավունքը: Նախնական կրթությունը ստացել է հայրենի Փենսիլվանիայի «Վասսար» քոլեջում, որը հայտնի էր ոչ միայն տրվող գիտելիքների որակով, այլև սպորտային ավանդույթներով ու «սուֆրաժիզմ» կոչվող ուղղությանը գաղափարակցելով: Սուֆրաժիզմի համախոհները պայքարում էին գենդերային հավասարության համար:

      1913թ. Մարթան ընդունվում է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկը, հետո սովորում է Իսպանիայում` «Դենիշոուն» դպրոցում` հիմնադրված նույն Սեն-Դենիի կողմից: Այս տարիներին պարը համարվում էր ավելի շատ զվարճանքի միջոց ու պարզապես զբաղմունք: Արվեստ էր համարվում միայն բալետը: Սակայն ԱՄՆ-ում նույնիսկ բալետը չէր գնահատվում ինչպես որ հարկն էր, և դպրոցներում պարուհիներին պատրաստում էին մեծամասամբ կաբարեներում պարելու համար: Նրանց պատկերացմամբ սա էր պարուհու իդեալական կարիերան: Բայց Մարթան ուզում էր իսկական արտիստուհի դառնալ և նա հասնում է իր նպատակին: Գրեմը հրաժարվում է պարուհու ընդունված նորմերից ու ցույց տալիսց, որ պարի մեջ նույնպես կինն ու տղամարդը հավասար են, կինը չի զիջում տղամարդուն ոչ մի հարցում: Իր արվեստով Մարթան կոտրում է այն կարծրատիպը, որ կինը թույլ արարած է: «Ամենամարտնչող ֆեմինիստուհին` Մարթա Գրեմը, ազատագրեց կնոջն ու պարը» («New York Times»):
     
1926թ. Գրեմը հիմնադրում է իր խումբն ու դպրոցը՝ "Martha Graham Dance Company", ստեղծում արդիական պարի լեզուն: Սկզբնական շրջանում ոճական առումով նրա ծրագրերը նման էին իր ուսուցիչների կիրառած ծրագրերին, սակայն Գրեմը շատ արագ է գտնում իր անհատական ուղին, իր գեղարվեստական անկրկնելի հմայքը՝ սկսելով պարի մեջ իրականացնել բարդ փորձարարություններ:

       Նրա դպրոցից հետագայում դուրս են գալիս ժամանակակից պարի մի շարք վարպետներ՝ մոդեռն-պարողներ, մոդեռն-խորեոգրաֆներ, ինչպիսիք են Մերս Քենինգեմն ու Պոլ Թեյլորը:
       Գրեմն անձամբ էր հեղինակավոր կոմպոզիտորներին պատվիրում գրել իր բեմադրած բալետի համար երաժշտություն, շատ դեպքերում նաև անձամբ էր ստեղծում հագուստեները՝ ցուցադրելով իր բազմաբնույթ տաղանդը:

       Գրեմը պարային համարներ էր բեմադրում նաև մյուս թատրոնների արտիստների համար: Նրա խմբում եւ խմբի խաղացանկում հանդես էին գալիս ժամանակի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մակարովան, Պլիսեցկայան, Բարիշնիկովն ու Նուրեևը:
      Մարթա Գրեմը գտնում էր, որ շարժումները պետք է լինեն մարդկային հոգու ինքնարտահայտումը: Նա գտնում էր, որ պարը «կյանքի գործիքն է», հոգու լեզուն: Ըստ նրա, մարմինը պահպանում է հիշողությունը մարդկային ամենատարբեր հոգեվիճակներում, եւ հենց պարի է մեջ է բացահայտվում մարդու էությունը:
       Մարթա Գրեմը հրաշալի ճանաչում էր ոչ միայն եվրոպական մշակույթը, այլև նաև՝ Արևելքինը: Նրա խորեոգրաֆիայի հիմքում դրված են նաև արևելյան մշակույթների ավանդական ֆոլկլորային շարժումներ ու դիրքեր, արևելյան սիմվոլիկա:
     

     Գրեմը հետաքրքրված էր հին հնդկական, հունական առասպելաբանությամբ ու գրականությամբ: Ողբերգական կնոջ կերպարը մշտապես առկա է նրա բալետային ներկայացումների հիմքում: Երկար տարիներ հենց նա էլ իր բալետների գլխավոր մենակատարն էր: Նրա պարերի մեջ մշտապես առկա էին համարձակ գաղափարներ, եւ նա արտասովոր շարժումների միջոցով ցույց էր տալիս աշխարհին ուղված իր հայացքները, շարժումներ, որոնք առաջ ոչ ոք երբևիցե չէր օգտագործել պարերի մեջ: Նա գտնում էր, որ ֆիզիկական նման արտահայտչականությունն ստեղծում էր հոգևոր ու զգայական ասպեկտներ, որոնք գրեթե ամբողջապես անտեսվել էին արևմտյան  պարային ձևերում:

     Մարթա Գրեյը շարունակում է պարել ընդհուպ վաթսուն տարեկան հասակը, իսկ դրանից հետո նվիրվում խորեոգրաֆիային մինչև կյանքի վերջ՝ 1991թ.:

     

No comments:

Post a Comment