Մայա Պլիսեցկայա՝ 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր պարուհի, ռուսական բալետի խորհրդանիշ, որը մտել է բալետի պատմության մեջ աներևակայելի երկարատև ստեղծագործական աշխատանքով:
Ծնվել է 1925թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում: Հայրը՝ Միխայիլ Պլիսեցկին, հայտնի տնտեսվար էր, իսկ մայրը՝ Ռախիլ Մեսեռերը՝ համր կինոյի դերասանուհի: Այս երկու գերդաստանները ռուսական բալետին մի քանի նշանավոր գործիչներ են «նվիրում». բացի Մայայից, Պլիսեցկի-Մեսեռերների տոհմին են պատկանում սովետական բալետի աստղ, բալետմայստեր Ասաֆ Մեսեռերը, «Բոլշոյ» բալետի մենապարող Ալեքսանդր Պլիսեցկին և խորեոգրաֆ Ազարի Պլիսեցկին, թատերական նկարիչ Բորիս Մեսեռերը և բալետի պարուհի Սուլամիֆ Մեսեռերը:
![]() |
«Կարմեն», 1974թ. |
1932-36թթ. Պլիսեցկիների ընտանիքն ապրում է Նորվեգիայի Շպիցբերգեն քաղաքում, որտեղ Մայայի հայրը զբաղեցնում է ԽՍՀՄ դեսպանի պաշտոնը: 1938թ. ապրիլի 30-ի գիշերը Միխայիլին քաղաքական պատճառներով ձերբակալում են և նույն թվականին գնդակահարում: Ռախիլին աքսորում են Ղազախստան՝ հայրենիքի դավաճանների կանանց համար նախատեսված հատուկ ճամբար (միայն 1941թ. է վերադառնում Մոսկվա): Որպեսզի Մայան մանկատուն չընկնի, մորաքույրը՝ հայտնի պարուհի Սուլամիֆ Մեսեռերը, որոշում է որդեգրել նրան:


1960թ. Գալինա Ուլանովայի՝ բեմից հեռանալուց հետո Մայան դառնում է «Բոլշոյ» թատրոնի պրիմա-պարուհին: 1967թ. նա մարմնավորում է Բեթսի Տվերսկայայի դերը Ալեքսանդր Զարխիի «Աննա Կարենինա» ֆիլմում: Տարիներ անց պարուհին Լ. Տոլստոյի հենց այս ստեղծագործությունն է ընտրում որպես իր բալետմեյստերական դեբյուտի հիմք և բեմադրում է Ռոդիոն Շչեդրինի համանուն բալետը՝ հանդես գալով գլխավոր դերով: Հետագայում Մայան բեմադրում է ամուսնու նաև այլ ստեղծագործություններ («Ճայը», «Տիկինը շան հետ»): Այնուամենայնիվ, նա իրեն խորեոգրաֆ չէր համարում՝ նշելով, որ հիմնականում առաջնորդվում է իմպրովիզով:

![]() |
«Կարապի լիճը» «Բոլշոյ» բալետ, 1966թ. |
Մայան մահանում է սրտի կաթվածից, 2015թ. մայիսի 2-ին, Մյունխենում, 90 տարեկան հասակում: Ըստ կտակի՝ Շչեդրինի մահվանից հետո նրա ու կնոջ մասունքները տարածվելու են Ռուսաստանի վրա:
Մայա Պլիսեցկայան արտահայտիչ պլաստիկությամբ, ճկուն մարմնով, թեթև, եթերային քայլվածքով, ֆենոմենալ ցատկերի տիրապետող ու բարձր երաժշտականությամբ օժտված արտիստուհի էր: Նա իր սեփական ոճն էր ստեղծել, որն առանձնանում էր իր նրբագեղությամբ, ճկունությամբ, յուրաքանչյուր ժեստի, շարժման ամբողջականությամբ ու կատարելությամբ: Պլիսեցկայայի պլաստիկության մեջ պարային արվեստը հասնում է բարձր ներդաշնակության:
![]() |
«Դոն Կիխոտ», 1974թ. |
Պլիսեցկայայի կատարած բազմաթիվ դերերից հատկապես հիշարժան են Կիտրիի պարտիան Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ», Օդեթ-Օդիլիան Պ. Չայկովսկու «Կարապի լիճը», Ջուլիետը Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Ռայմոնդան Ա. Գլազունովի «Ռայմոնդա», արքայադուստր Ավրորան Պ. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», Մեհմենե Բանուն Ա. Մելիկովի «Լեգենդ սիրո մասին», Ֆրիգիա և Էգինա Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետներում:
![]() |
Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը |
1967թ. հատուկ Մայայի համար Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի երաժշտության հիման վրա ստեղծվում է «Կարմեն-սյուիտ» բալետը՝ Շչեդրինի մշակմամբ ու բալետմեյստեր Ալբերտո Ալոնսոյի բեմադրությամբ: Պլիսեցկայան բեղմնավոր համագործակցություն էր ծավալում ֆրանսիացի լեգենդար պարող, պարուսույց ու բեմադրիչ Մորիս Բեժարի հետ. վերջինս հատուկ Մայայի համար բեմադրում է «Այսեդորա», «Լեդա» և այլ բալետներ: Տաղանդավոր պարուհին իրեն փորձել է նաև ֆլամենկոյի ժանրում՝ համագործակցելով խորեոգրաֆ Խոսե Գրաներոյի հետ: Հայտնի է, որ Մայան երազում էր աշխատել ժամանակի մեկ այլ հայտնի բալետմեյստերի՝ Լեոնիդ Յակոբսոնի հետ, բայց նման հնարավորություն նրան այդպես էլ չի ընձեռվում:
Մայա Պլիսեցկայան, բնականաբար, արժանացել է մի շարք մրցանակների՝ արվեստի, մասնավորապես՝ բալետի մեջ ունեցած իր մեծ ավանդի համար:
No comments:
Post a Comment