Չարլսթոն (անգլ.՝ Charleston)՝ 1920-ականների ԱՄՆ-ում մեծ տարածում գտած պար, որն իր անվանումը ստացել է Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքից:
Չարլսթոնը հատկապես լայն տարածում է ստանում Բրոդվեյում կայացած «Runnin' Wild» շոուի շրջանակներում, որտեղ առաջին անգամ կատարվում է Ջեյմս Ջոնսոնի հեղինակած «Չարլսթոն» երգը:
Չարլսթոնի հիմնական քայլն ուղեկցվում է 8 հաշվով: Այն պարում են միաժամանակ շարժելով ձեռքերն ու ոտքերը, սակայն գլխավոր «ծանրաբեռնվածությունն» ընկնում է ոտքերի վրա, որոնք անդադար շարժման մեջ են: Չարլսթոն կարելի է պարել խմբով, զույգով կամ միայնակ, ընդ որում միայնակ պարելիս շարժումներն ավելի թեթև են ու հախուռն: Սոլո կատարման ժամանակ մեծ տեղ է տրվում նաև իմպրովիզացիային:
Չնայած իր աֆրոամերիկյան ծագմանը՝ 1920-ական թթ-ին չարլսթոնը խելահեղ տարածում է գտնում ոչ միայն ամերիկյան հասարակության տարբեր խավերի շրջանում, այլ նաև Եվրոպայում. Հին մայրցամաքի բնակչության մոտ 80%-ը չարլսթոն պարել գիտեր:
Այս պարը հաճախ ասոցացվում է «ֆլեպերների» ("flappers")՝ այն ազատամիտ աղջիկների հետ, որոնք արտացոլում էին «20-ականների սերնդի» մտածելակերպն ու գաղափարները: Ի հակադրություն վիկտորիանական բարոյախոսությանը (որի հիման վրա դաստիարակվել էին նրանց տատիկներն ու մայրերը), այս սերունդը ակնհայտ կերպով քանդում էր կանանց շուրջ հյուսված կարծրատիպերը՝ իր ազատությամբ աչքի ընկնող հագուստ էր կրում, վառ կերպով շպարվում էր, ջազ էր լսում, մեքենա քշում, չէր ամաչում ծխելուց, հաճախ էր ալկոհոլ օգտագործում և այլն: Չարլսթոնը ծագման սկզբնական շրջանում համարվում էր ոչ բարոյական պար, հետևաբար, ֆլեպերներն առաջիններից էին, որ չարլսթոնը ներառեցին իրենց մշտական պարացանկի մեջ՝ դրանով ևս մեկ անգամ ըմբոստանալով ընդունված կարգերի ու հասարակական կարծիքի դեմ:
![]() |
Ժոզեֆինա Բեյքերը չարլսթոն պարելիս, 1926թ. Փարիզ |

1927թ.-ից սկսած չարլսթոնը սկսում է աստիճանաբար զիջել իր դիրքերը՝ տեղ բացելով ավելի նոր ու համարձակ պարերի համար: Այն ծնունդ է տալիս լինդի հոպ կոչվող պարին, որն առաջացել է 1930-ական թթ., այն բանից հետո, երբ չարլսթոնը սկսում է կրել ջազի ու սվինգի ազդեցությունը:
No comments:
Post a Comment