«Մեր ժամանակի հերոսը» վեպը (1838-40թթ.)՝ Մ. Յու.Լերմոնտովի գլուխգործոցն ու ռուս գրականության դասական նմուշներից մեկը, լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում, 1840թ., երկու մասով ու 1000 օրինակով:

Ռեալիստական այս գործի գլխավոր հերոսը՝ Գրիգորի Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընդգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է: Լերմոնտովի նպատակն էր խորը հոգեբանական վերլուծության ենթարկել ժամանակակից մարդու կերպարը: Գրաքննադատները Պեչորինի կերպարը համարում են Պուշկինի Օնեգինի շարունակությունը, բայց Լերմոնտովի հերոսի էությունն ավելի խորն է, ավելի անհատական: Պեչորինը գրականության պատմության մեջ երբևէ եղած ամենահակասական կերպարներից է, որին կարելի է անվերջ ուսումնասիրել ու միշտ մի նոր բան հայտնաբերել նրա մեջ:
«Ես պատրաստ էի սիրել ամբողջ աշխարհը, բայց ինձ ոչ ոք չհասկացավ, և ես սովորեցի ատել: Վախենալով հեգնանքից` լավագույն զգացմունքներս պահում էի հոգուս խորքում: Այդպես դրանք բոլորը մահացան»:
«Նա դժգոհ է իրենից. կարծում է, որ սառն է եղել: Սա առաջին ու ամենամեծ ձեռքբերումն է: Վաղը նա կցանկանա փոխհատուցել ինձ: Արդեն անգիր գիտեմ այս ամենը: Ի՜նչ ձանձրալի է»:
![]() |
Բելա, Մ.Զիչի, 1902թ. |
Լերմոնտովը նշել է, որ իր համար շատ հետաքրքիր է եղել ժամանակակից մարդու կերպարն այնպես պատկերել, ինչպես ինքն է այն տեսնում: Ըստ հեղինակի՝ Պեչորինի նման մարդկանց նա շատ է հանդիպել. սա է հենց նման կերպար ներկայացնելու գլխավոր պատճառը: Ի տարբերություն Պուշկինի՝ Լերմոնտովը շեշտը դնում է հերոսի ներքին աշխարհի արտացոլման վրա՝ հավաստիացնելով, որ «մարդու հոգու պատմությունը , թեկուզ ամենաչնչին մարդու, շատ ավելի հետաքրքիր ու օգտակար է, քան մի ամբողջ ազգինը»: Ոչ օրդինար ու վիճահարույց այս կերպարը Լերմոնտովի գեղարվեստական բացահայտումներից մեկն է: Պեչորինի կերպարը ավելի քան տիպական է. նրա մեջ իր արտացոլումն է գտել հետդեկաբրիստական շրջանի իրականությունը, մի շրջան, երբ «մակերեսին երևում էին միայն կորուստներն ու դաժանությունը, իսկ ներսում մեծ աշխատանք էր տարվում՝ խուլ ու անխոս, բայց և ակտիվ, անդադար»:
![]() |
Մ. Վրուբել. Պեչորինի ու Գրուշնիցկու մենամարտը |
Պեչորինը կրթված մարդ է, հասարակության վերին խավի ներկայացուցիչ, սակայն՝ կյանքից դժգոհ ու իր համար երջանկություն գտնելու բոլոր հույսերը կորցրած: Ինչպես նշվեց, նա համալրում է Պուշկինի կողմից Եվգենի Օնեգինով բացված «ավելորդ մարդկանց» շարքը: Ռուս հայտնի գրաքննադատ Վ. Բելինսկին նշել է, որ «ժամանակի հերոսի» մասին վեպ գրելու միտքը ամբողջովին Լերմոնտովին չի պատկանում, քանի որ այդ ժամանակ արդեն գոյություն ուներ Կարամզինի «Մեր ժամանակի ասպետը», և առահասարակ, XIXդ. սկբզի շատ գրողների մոտ էր ծագում նման կերպարին անդրադառնալու գաղափարը: Բելինսկին Պեչորինի մեջ տեսնում էր «հոգու անցումային վիճակ, երբ մարդու համար հինն ամբողջովին կործանված է, իսկ նորը դեռ չկա, երբ մարդն ինչ-որ իրական բանի հնարավորություն է միայն ապագայում, իսկ ներկայում ոչ այլ ինչ է, քան կատարյալ ուրվական»:

Պեչորինը յուրահատուկ տղամարդ է, գեղեցիկ, հմայիչ արտաքինով, հարուստ. նա կարող է համապատասխանել ցանկացած աղջկա երազած տղամարդու կերպարին: Զինովորական է և՛ կարգով, և՛ հոգով: Նա ակտիվ կյանք է վարում, սիրում է «խառնվել» ուրիշների հարաբերություններին: Վեպի առաջին իսկ էջերից մենք տեսնում ենք հետաքրքրասեր Պեչորինին, որն ուզում է կյանքից հնարավորինս շատ բան վերցնել: Սկզբում ընթերցողը չի հասկանում նրա արարքների դրդապատճառները, նրան զարմացնում է երիտասարդի էքսցենտրիկ պահվածքը: Օրինակ՝ նա գողանում է իրեն դուր եկած աղջկան՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին:
Հասարակության հետ պայքարում, սակայն, Պեչորինն աստիճանաբար կորցնում է իր ակտիվությունը, դառնում է անտարբեր, սառը դիտող: Եթե «Տաման» գլխում Գրիգորին աշխույժ ու հետաքրքրասեր երիտասարդ է, ապա «Մերի»-ում մենք տեսնում ենք նույնիսկ մանկամիտ, հոսքի հետ հավասար ընթացող մի մարդու, որին միայն Վերայի մեկնումն է արթացնում քնից՝ որոշ ժամանակով նրա մեջ առաջացնելով կյանքը փոխելու ցանկություն: Մենք տեսնում ենք հերոսի վիշտն ու հուսահատությունը. «Վերային ընդմիշտ կորցնելու մտքից նա ինձ համար դարձավ ամենաթանկն բանն աշխարհում՝ կյանքից, պատվից, երջանկությունից էլ թանկ»: Ընթերցողն ակամա ուրախանում է՝ տեսնելով, որ Պեչորինը դեռ ապրում է, որ մարդը վերջնականապես չի մահացել նրա մեջ, որ նա դեռ ունակ է անկեղծ սիրելու: Այս պոռթկումը, սակայն, շատ կարճ է տևում. մեր առջև կրկին զգոն, զուսպ, սառը ու թաքուն տառապող անհատ է:
![]() |
Դրվագ վեպի 1965թ., էկրանավորումից |
Չնայած հակասական բնավորությանն ու վառ արտահայտված էգոիզմի՝ Պեչորինը զուրկ չէ մարդկային դրական հատկանիշներից: Առաջին հերթին, նա խելացի ու կիրթ մարդ է, անալիտիկ ուղեղ ունի, անվերջ քննադատելով կողքիններին՝ նա քննադատորեն է դիտում նաև իր սեփական արարքները: Բացի այդ, Պեչորինը քաջ տղամարդ է, ինչը երևում է մենամարտի տեսարանում: Նա կարողանում է իսկապես սիրել, միանգամայն ազնիվ զգացմունքներ տածել հակառակ սեռի հանդեպ:
Բնությունը նրան բարի սիրտ է շնորհել, նա ընդունակ է մարդասեր արարքների: Այս ամենից հետո հարց է ծագում՝ ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ այս բոլոր հատկանիշները մահացել էին նրա մեջ: Միգուցե հասարակությունը, միգուցե՝ ինքը՝ Պեչորինը:
![]() |
Պեչորին, հեղինակ՝ Դ.Ա. Շմարինով, 1941թ. |

Լերմոնտովից առաջ ռուս գրականության մեջ դեռ ոչ ոք նման խորությամբ չէր վերլուծել մարդկային հոգեբանությունը:
Ի վերջո, ինչպե՞ս է վերաբերվում իր հերոսին ինքը՝ Լերմոնտովը: Հեղինակի խոսքերով՝ Պեչորինն իր սերնդի արատներից կազմված կերպար է:
Ինչ վերաբերում է վեպի մյուս հերոսներին, ապա նրանք հիմնականում ստեղծվել ու զարգացել են գլխավոր հերոսի կերպարը ավելի խորը բացահայտելու համար:
Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը «Մեր ժամանակի հերոսը» վեպը դասում են համաշխարհային արձակի արժեքավոր նվաճումների շարքին:
No comments:
Post a Comment