Sunday 24 January 2016

Նոյվանշտայն դղյակ






     Նոյվանշտայն դղյակը Գերմանիայի ամենանշանավոր դղյակներից մեկն  է, որի մասին խոսելիս շատերը նշում են, որ առաջին հայացքից թվում է, թե ինչ-որ մեկն այստեղ թողել է իր խաղալիքը, քանի որ դղյակի` կանաչ եղևնիների ֆոնին վեր խոյացող փղոսկրե գույն ունեցող աշտարակներն ուղղակիորեն անիրական են  թվում: Այդ անիրականության զգացումը չի նվազում անգամ դղյակին մոտենալիս, քանի որ դիտողի աչքի առջև բացվում են ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք ամբողջացնում են ալպիական բլուրներում ծվարած «գերմանական հեքիաթը»:

     

       Նոյվանշտայն դղյակը կառուցվել է «հեքիաթային արքայի»` Լյուդվիգ Երկրորդի օրոք, որը, ինչպես գրում է Ֆեյխտվանգերը,  «չէր սիրում Մյունխենը, բայց չափազանց շատ էր սիրում  բազմաթիվ դժվարամատչելի վայրերում  թանկարժեք ու շքեղ դղյակներ կառուցել»: Եվ իսկապես, նրա բոլոր կառույցներն էլ ստացվում էին մեկը մյուսից հեքիաթային, ինչի համար էլ վերջինիս կոչում էին  «հեքիաթային արքա»:

         Ի տարբերություն Լյուդվիգ Առաջինի եւ Մաքսիմիլիան Երկորրդի` Լյուդվիգ Երկրորդը կառուցում էր ոչ թե հասարակության, այլ` ինքն իր համար, այն աստիճան, որ երբեմն մտածում էր հրամայել իր մահվանից հետո քանդել իր կառուցած դղյակները:
       Իր հրաշալիք-դղյակի մասին Լյուդվիգ II թագավորն սկսել է երազել դեռ մանկուց: Մանուկ հասակից նա սիրել է մասնակցել թատերական ներկայացումների: Ամառները նա անցկացնում էր Հոենշվանգաու դղյակում` Շվանգաուների տոհմական կալվածքում, որը Լյուդվիգի հայրը` Մաքսիմիլիան II ձեռք էր բերել դեռ 1833թթ.:

        Նոյվանշտայն դղյակի կառուցողական աշխատանքներն սկսվում են  1869թ. եւ շարունակվում մինչև 1886: Այն նվիրված էր Լեոնգրին ասպետին եւ սկզբնական շրջանում նախատեսվել էր լինել որպես երեքհարկանի գոթական ամրություն: Նոյվանշտայն թարգմանաբար նշանակում է «կարապների նոր քարափ»:
          Սակայն ժամանակի ընթացքում դղյակի նախագիծը փոփոխությունների է ենթարկվում եւ ի վերջո վերածվում ռոմանտիկական  ոճի հինգհարկանի ամրության, որը, ըստ Լյուդվիգ Երկրորդի, առավել համապատասխան էր լեգենդին:
        Լյուդվիգ Երկրորդը գումարներ չէր խնայում իր երևակայությունն իրականություն դարձնելու համար, ինչի համար էլ դղյակը կառուցելու համար աշխատանքի էին հրավիրվում ժամանակի լավագույն վարպետները, գեղանկարիչներն ու քանդակագործները: Դղյակի կառուցումն ուղղակիորեն դատարկում է պետական գանձարանը եւ խանգարում միապետության մյուս գործերին, ինչն էլ վճռական գործոն է  դառնում դղյակի համար:
         Նոյվանշտայն դղյակը գտնվում է Շվանգաուի երկու ամրությունների տեղում: Թագավորը հրամայել էր պայթյունի միջոցով խորը տարածություն ազատել ժայռերի մեջ, մոտ ութ մետր խորությամբ, որտեղ էլ պետք է կառուցվեր դղյակը:
      

Դղյակի  մերձակա ճանապարհների ու խողովակաշարի կառուցումից հետո, 1869թ. սեպտեմբերի 5-ին դրվում  է հսկայական այդ դղյակի հիմքի առաջին քարը: Ճարտարապետն էր պալատական ճարտարապետ Էդուարդ Ռիդելը, իսկ մյունխենցի վարպետ Կրիստիան Յանկն ապահովում  էր  ճարտարապետի մտահղացումների գեղարվեստական տեսքը:

       1869—1873թթ. կառուցվում են դղյակի դարպասները: 1873թ-ից սկսած կառուցողական աշխատանքները լայն թափ են ստանում: 1883թ. դղյակի շինարարությունն ավարտվում է, իսկ հաջորդ տարի գարնանը, թագավորն արդեն կարող էր ապրել չորրորդ հարկի իր հարկաբաժնում, որտեղ էլ Լյուդվիգ Երկրորդն անցկացնում է իր կյանքի վերջին երկու տարիների գրեթե քառորդ մասը:
         Թագավորի մահվանից հետո դղյակի կառուցումը դադարեցվում է, եւ դղյակի երրորդ հարկի ու ասպետական կացարանների կառուցումն այդպես էլ ավարտին չեն հասցվում, իսկ իննսուն մետր բարձրությամբ աշտարակը, կից եկեղեցով, որը պետք է կառուցվեր գոթական ոճով,  չի կառուցվում:

       Դղյակի ներքին հարդարանքը ևս աչքի է ընկնում յուրահատուկ շքեղությամբ: Միայն արքայական մահճակալը պատրաստելու համար, որի վրա աշխատում էին տասնհինգ վարպետներ, պահանջվում է չորս եւ կես տարի: Ննջարանի պատերը զարդարող կտավները նվիրված են Տրիստանի եւ Իզոլդայի պատմությանը, որը խորապես տպավորել էր քսանամյա թագավորին:
        Թագավորի ննջարանում կառուցվում է նաև փոքրիկ աղոթարան, որը նվիրված էր Ֆրանսիայի  Լյուդովիկոս արքային, ի պատիվ որի` անվանել էին նաև Լյուդվիգ թագավորին: Դղյակն առհասարակ թատերական դեկորացիայի տպավորություն է  թողնում, և մասամբ նաև իրենից իսկապես թատերական դեկորացիա է ներկայացնում, քանի որ ներքին հարդարանքն իրականացվել է մյունխենցի թատերական նկարիչ Կրիստիան Յանկի ղեկավարությամբ: Արդյունքում, դղյակի ներքին հարդարանքի մեջ միախառնվել են ճարտարապետական-գեղարվեստական մի շարք ոճեր` մավրիտանական, գոթական, բարոկկոյական տարրեր: Դղյակի գահասրահը կառուցվում է դեկադանս-բյուզանդական ոգով, երգասրահը` աննկարագրելի լուսավորությամբ ու նախատեսված Վագների օպերաների բեմադրման համար:
   Դղյակի յուրաքանչյուր սրահ ձոնված է վագներյան օպերաներին ու գերմանական լեգենդների հերոսներին:
      

         Գահասրահը  հիշեցնում է Վագների  «Պարսիֆալ» օպերայի Գրալ դղյակը: Չնայած նրան, որ այն իր վերջնական ավարտին չի հասցվում` համարվում  է դղյակի ամենատպավորիչ սրահը: Նրանում արքան ցանկանում էր արտացոլել Աստծո ողորմածությունը: Գմբեթաձև հատուկ պատվանդանը, գահի համար նախատեսված որմնախորշով, պետք է նկարագրեր արքայի ու Աստծո միջև կապը:

        Այս սրահում հատկապես աչքի են ընկնում Վիեննայից ժամանած վարպետ Դետոնի խճանկարները, որի մակերեսին կարելի է տեսնել կենդանիների ու բույսերի պատկերներով երկնային գունդը: Սրահի սյուները կառուցված են արհեստական մարմարից: Սրահն ավարտվում է ոսկեզօծ կիսաշրջանաձև ելուստով: Կարարիական մարմարից պատրաստված ինը աստիճաններ տանում են դեպի կամրջակը, որտեղ պետք է դրվեր ոսկուց ու փղոսկրից կառուցված գահը, սակայն, այդ մտահղացումն այդպես էլ չի իրականացվում:
    

  Գմբեթի  շողշողուն կապույտ երկնակամարի տակ գտնվում է Մարիամի եւ Հովսեփի կողքին գտնվող Հիսուսը, ներքևում` սուրբ թագավորները, իսկ ձախ կողմում` մարմարե աստիճանների մոտպատկերված են տասներկու առաքյալները` որպես Աստծո կամքի կրողներ:

    Հյուրասրահում (կամ Մեծ սրահ) պահվում է կարապ-ասպետի` Լոենգրինի լեգենդի խորհրադանիշը` կարապի տեսք ունեցող սկահակը: Մեկ անգամ, պատահականորեն, սկահակի մեջ ջուր են լցնում, որը թափելու համար անհրաժեշտ էր շրջել արվեստի այդ հսկա գործը: Սակայն այն կոտրելու հավանականությունն այնքան մեծ էր, որ որոշում են զոհաբերել կարապի մեկ ոտքը: Արդյունքում, կարապե սկահակի մեկ ոտքը կոտրում են ու դատարկում ջուրը:
       Լյուդվիգ Երկրորդի օրոք Երգասրահում այդպես էլ ոչ ոք չի երգում: Միայն մեր օրերում են այնտեղ սկսել համերգներ անցկացնել: Սկսած 1933թ.-ից Վագներյան փառատոնի շրջանակներում Նոյվանշտայն դղյակում կազմակերպվում են դասական երաժշտության համերգներ:
       Դղյակի առաջին հարկում գտնվում է թագավորական ընդարձակ խոհանոցը` հսկա վառարաններով ու փայլեցված սպասքով: Կաղնե տախտակադրվագներով առանձնացված ճաշարանը զարդարված է Ֆերդինանդ Ռիլոտիի եւ Իոսիֆ Այգների կտավներով:
       Դղյակի պատուհանները նայում են Վերին Բավարիայի չքնաղ բնապատկերներին:
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դղյակի կառուցումը հսկայական ծախսեր էր առաջացնում` Բավարիայի կառավարությունը որոշում է ազատվել Լյուդվիգ Երկրորդի  մտահղացումներից եւ հենց իրենից: 1886թ. հատուկ մշակված ծրագրի համաձայն, հոգեբույժ Բերնարդ ֆոն Գուդենն ու ևս երեք բժիշկներ մեղադրում են թագավորին հոգեպես անառողջ լինելու մեջ: Վերջինիս տեղափոխում են Շտարնբերգ լճի ափին գտնվող Բերգ փոքրիկ դղյակը: Որոշ ժամանակ անց, Լյուդվիգ Եկրորդին, բժիշկ

        

       Գուդենի ուղեկցությամբ, թույլատրում են նավակով զբոսնել լճում: Զբոսանքներից մեկից նրանք երկուսն էլ չեն վերադառնում: Որոնումների արդյուքնում հայտանբերվում են նրանց մարմինները: Գոյություն ունեն նրանց մահվան երեք վարկածներ.
1. Պաշտոնական վարկած: Լյուդվիգ թագավորը ինքնասպանություն է  գործել, քանի որ վերջին օրերին մտորել է այդ մասին ու գտել, որ լավագույն տարբերակը լճում խեղդվելն  է, իսկ բժիշկը ցանկացել է  օգնել նրան ու ևս խեղվել:

2.Լինելով հրաշալի լողորդ` Լյուդվիգ թագավորը որոշել է փախչել, բժիշկը ցանկացել է խանգարել նրան և սպանվել է թագավորի ձեռքով, իսկ վերջինս էլ սառը ջրից եւ ապրած ծանր վայրկյաններից կաթվածի է ենթարկվել:
3.Նրանց երկուսին էլ սպանել են նախարարների կաբինետի հրամանով, քանի որ վերջիններս նպատակադրվել էին գահ բարձրացնել Լյուդվիգ թագավորի հորեղբորը` արքայազն Լուիթպոլդին:
         Թագավորի մահվանից հետո դղյակի շինաշխատանքները դադարեցվում են, դղյակը հայտարարվում  է ազգային ժառանգություն, եւ հպարտորեն պահպանվում է այն բավարացիների կողմից, որոնք կործանում  են դղյակը կառուցած թագավորին:
       

 Որոշ վկայությունների համաձայն` Երկրորդ համաշխարհայինի տարիներին դղյակում էր տեղակայված Երրորդ ռայխի գաղափարական ստորաբաժանումներից մեկը:

       Նոյվանշտայն դղյակի տեսքով ժամանակին հիացել է ռուս կոմպոզիտոր Չայկովսկին, եւ հենց այստեղ է, ըստ որոշ պատմաբանների, նշանավոր կոմպոզիտորի մոտ ծնվել «Կարապի լիճը» գրելու մտահղացումը:





No comments:

Post a Comment