Ավստրիայի ազգային գրադարանը երկրի խոշորագույն գրադարանն է: Գտնվում է Վիեննայի Հոֆբուրգ դղյակում:

1575թ.-ի դրությամբ գրադարանի հավաքածուն արդեն ներառում էր 9000 գիրք` բոլորն էլ արժեքավոր ու եզակի: Դրանց հետևելու համար անհրաժեշտ է լինում աշխատանքի հրավիրել առաջին գրադարանավարին:
Ֆերդինանդ Երկրորդ կայսեր հրամանով՝ 1624թ.-ից սկսած կառավարությունը մշտական միջոցներ է հատկացնում գրադարանի ծաղկեցման համար:
1722թ. Կառլ Վեցերորդը հրամայում է կայսերական գրադարանի համար առանձին սրահ կառուցել Հոֆբուրգում: Հավաքածուի հաջորդ խոշոր համալրումը կատարվում է արքայազն Եվգենի Սավոյսկու ջանքերով: Նրա կազմակերպած գրքահավաքի շրջանակներում հաջողվում է գրադարանի հավաքածուին ավելացնել մոտ 15 000 գիրք՝ մեծ մասամբ բերված Իտալիայից և Ֆրանսիայից: Այս ժամանակ է կատարվում նաև հավաքածուի առաջին խոշոր համակարգումն ու նյութերի խմբավորումը:
Ավստրիայի՝ հանրապետություն հռչակվելուց հետո (1920թ.) Կայսերական գրադարանը վերանվանվեց Ավստրիայի ազգային գրադարան: Հատկանշական է, որ շինության սկզբնական շրջանի ճարտարապետական լուծումը թույլ է տալիս ենթադրել, որ ի սկզբանե գրադարանի մուտքի իրավունք են ունեցել միայն ընտրյալները, քանի որ մուտքը եղել է միայն Շվեյցարական բակի կողմից: Սակայն հետագայում գրադարանն ընդլայնել են ու ավելացրել շքամուտք:
Հոֆբուրգի ամենանշանավոր հատվածներից մեկն ապշեցնում է իր հարստությամբ ու ներկայացնում պատմության միջով մի իսկական ճամփորդություն: Ընդհանուր առմամբ Ազգային գրադարանի հավաքածուն կազմված է մոտ 7,5 մլն. նմուշից: Բացի բազմաթիվ արժեքավոր գրքերից, գրադարանը հարուստ է հնագույն պապիրուսներով (դրանցից ամենահինը վերագրվում է մ.թ.ա. XV-րդ դարին), վաղեմի ձեռագրերով, գլոբուսներով, քարտեզներով, լեգենդար անձանց ինքնագրերով, հայտնի երգահանների պարտիտուրներով և այլն: Այստեղ է պահվում նաև այնպիսի եզակի նմուշ, ինչպիսին է Գուտենբերգի 1455թ. Աստվածաշունչը: Վերջապես, Ազգային գրադարանը կարող է հպարտանալ իր ինկունաբուլաների հավաքածուով՝ մոտ 8000 օրինակ:
Ավստրիայի ազգային գրադարանն աշխարհի ամենաճոխ, հայտնի ու արժեքավոր գրադարաններից մեկն է:
No comments:
Post a Comment