Wednesday 4 January 2017

Կրոնբորգ ամրոցը

Կրոնբորգ ամրոցը գտնվում է Դանիայում` Հելսինգյոր քաղաքի մոտակայքում: Ներկայիս ամրոցի կառուցումից առաջ այս տարածքում եղել է Կրոգեն անունով ամրոցը: Հելսինգյորը ժամանակին համարվել է Դանիայի երկրորդ կարևոր քաղաքը (Կոպենհագենից հետո), և Կրոնբորգը մշտապես եղել է ոչ միայն այս քաղաքի, այլև ամբողջ երկրի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: 

Ամրոցը կառուցվել է թագավոր Էրիկ VII-ի հրամանով, 1420-ական թվականներին: Այս շրջանում մի քանի որմափակ շենքերից կազմված շինությունը ծառայում էր Բալթիկ ծովը լքող նավերից տուրքեր հավաքելուն: 1585թ. թագավոր Ֆրեդերիկ Երկրորդը վերակառուցում է ամրոցը` այն դարձնելով Վերածննդի դարաշրջանի ամենագեղեցիկ ու արժեքավոր դղյակներից մեկը: Հենց այս օրերին է այն ստանում իր ներկայիս անվանումը: 1629թ. սեպտեմբերի 25-ին Կրոնբորգը գրեթե ամբողջությամբ այրվում է, կանգուն է մնում միայն մատուռը: 1639թ. թագավոր Քրիստիան Չորրորդի նախաձեռնությամբ ամրոցի արտաքին տեսքը վերականգնվում է, սակայն ներքին հատվածը մինչ օրս էլ իր նախկին տեսքը չի ստացել: 
1658 թ. շվեդական զորքերը Կարլ Գուստավ Վրանգելի առաջնորդությամբ գրավում են ամրոցը: Երբ Կրոնբորգը կրկին վերադառնում է Դանիայի տիրապետությանը, որոշվում է էապես ամրացնել նրա ցամաքային մատույցները, այդ պատճառով 1688-1691 թթ. ամրոցի մոտ կառուցվում է ամրաբուրգ:

18-րդ դարից սկսած թագավորական ընտանիքը աստիճանաբար «հրաժարվում է» Կրոնբորգից: 1739թ. մինչև 21-րդ դարի կեսերն ամրոցը ծառայում է որպես բանտ. ձերբակալվածները ամրաշինության աշխատանքներ էին կատարում: Չնչին հանցանքների համար դատապարտվածներին թույլատրվում էր աշխատել ամրոցի պատերից դուրս: Ներկայումս ամրոցի ստորգետնյա բանտախցերը բաց են զբոսաշրջիկների համար: 
Կրոնբորգի ամենահայտնի բանտարկյալը Գեորգ III-ի քույր և Քրիստիան VII-ի կին Կարոլինա-Մաթիլդա Ուելսցին էր. նա ամրոցում բանտարկված է եղել երեք ամիս՝ 1772թ. հունվարի 17-ից մինչև ապրիլի 30-ը:
1785-ից մինչև 1924 թ. Կրոնբորգն ամբորղջությամբ գտնվում էր դանիական զինվորականների կառավարման ներքո, սակայն վերջին զինվորը ամրոցը լքում է միայն 1991 թ.: 

Համլետի և Օֆելյայի արձանները
Կրոնբորգ ամրոցը հայտնի է նաև «Էլսինոր» անվամբ` որպես Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի գործողության վայր: Ամրոցում պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1816 թ.՝ դրամատուրգի մահվան 200 ամյակի կապակցությամբ: Բեմադրության դերերը կատարում էին կայազորի զինվորները: Այդ ժամանակվանից ամրոցում կանոնավոր կերպով բեմադրվում է դանիացի ամենահայտնի արքայազնի մասին պիեսը: Ամրոցի մոտ կարելի է հանդիպել Համլետի և Օֆելյայի արձանին, որը միշտ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է: 
1584թ. հենց այստեղ են իրենց մեղրամիսն անցկացնում Շոտլանդիայի թագավոր Հակոբ VI-ը (հետագայում՝ Անգլիայի Հակոբ Առաջին արքան) և Դանիայի արքայադուստր Աննան: Ըստ այդմ, կարելի է չզարմանալ, որ Շեքսպիրը հենց այս ամրոցն է ընտրել որպես իր պիեսի գործողության վայր. այն լավ հայտնի էր իր հայրենիքում: Անգլիացի դրամատուրգը մեծ կարևորություն չի տվել այն փաստին, որ այն պատմական իրադարձությունները, որ ընկած են «Համլետ»-ի հիմքում, իրականում կատարվել են Յուտլանդիայի տարածքում: Հենց վերոհիշյալ թերակղզում է, ըստ XII դարի պատմիչներից մեկի վկայության, ապրել Ամլետ անունով արքայազնը՝ Շեքսպիրի հերոսի նախատիպը: Այսպիսով, չնայած դանիացիները միայն Շեքսպիրի ստեղծագործական երևակայությանն են պարտական Համլետի ու այս վայրի կապի համար, նրանք արդեն վաղուց ակտիվորեն օգտագործում են այս թեման առաջին հերթին տուրիստներին գրավելու համար: 

Հոլգեր Դանիացու արձանը
Դանիացի մյուս լեգենդար արքայազնը՝ Հոլգեր Դանիացին, ըստ ավանդության քնած է Կրոնբերգ ամրոցի նկուղներից մեկում, և եթե մի օր Դանիային վտանգ սպառնա, նա կարթնանա, կվերցնի իր թուրն ու կոչնչացնի թշնամուն: Հանս Քրիստիան Անդերսենը Հոլգերին համարում էր Դանիայի լավագույն խորհրդանիշներից մեկը: 

Ներկայումս Կրոնբորգը Դանիայի խոշոր տուրիստական կենտրոններից է. ամրոցը տարեկան ավելի քան 200 000 այցելու է ունենում: 1915թ. ամրոցում տեղակայվում է դանիական նավատորմի պատմությունը (Վերածննդից մինչ մեր օրերը) ներկայացնող Դանիական ծովային թանգարանը:
2000թ. Կրոնբորգը ընդգրկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության օբյեկտների» ցանկում:









No comments:

Post a Comment