Wednesday, 2 September 2015

Կուրանտա

Կուրանտա (իտալ. "corrente", ֆրանս. "courante"- «վազող, սահող»)՝ իտալական ծագման հանդիսավոր պար, որը հատկապես տարածված էր եվրոպական արքունիքներում 16-17-րդ դարերում: Կուրանտայի մասին առաջին գրավոր հիշատակումները գրանցվել են Ուիլյամ Շեքսպիրի և Տուանո Արբոյի ստեղծագործություններում: 
Կուրանտան ծագել է 14-15-րդ դարերում: Ի սկզբանե այն գեղջկական ուրախ պար է եղել (2\4 չափով), որի աշխույժ բնույթը լիովին համապատասխանում է իր անվան ստուգաբանությանը: 15-րդ դարում կուրանտան տարածում է գտնում նաև իտալական բարձր խավի շրջանում՝ կրելով մի քանի նկատելի փոփոխություն: Ի տարբերություն պարի գեղջկական տարբերակի՝ արքունական կուրանտայի շարժումները շատ ավելի բարդ են դառնում, փոխվում է կատարման եղանակը, ցատկերը պակաս կտրուկ են դառնում, և վերջապես, փոխվում է պարի չափը՝ դառնալով 3\4-ի կամ 3/8-ի: Այնուամենայնիվ, կուրանտայի ընդհանուր բնույթը մնում էր նույնը: 

Կուրանտան ուներ իր ավանդույթները, որոնցից ամենատարածվածը պարի հրավիրելու «արարողությունն» էր: Երբ տղամարդն առաջին անգամ պարի էր հրավիրում կնոջը, մերժվում էր և հեռանում: Երկրորդ փորձի անպակաս մասնիկը կնոջ առջև ծնկի իջնելն էր. այս դեպքում կինը չէր կարող մերժել նման ասպետական հրավերը: Զույգը հանդիսավոր կերպով անցնում էր սրահի կենտրոն ու սկսում պարել: Սկսվում էր պարային երկխոսությունը. ցատկերը համաչափ ու սիստեմատիկ էին՝ դեպի առաջ, հետ, կողք: Շարժումները փոխելիս տղամարդը բաց էր թողնում կնոջ մի ձեռքը և վերցնում մյուսը: Պարը վերջանում էր ավանդական ռևերանսով կամ այտի համբույրով: 

16-րդ դարում Փարիզում տարածվում է կուրանտայի ֆրանսիական տարբերակը՝ ավելի մեղմ տեմպով (6/4 կամ 3/2 չափով), հազվադեպ ցատկերով ու շատ ավելի պարզ շարժումներով: Այս դեպքում արդեն տեղին է հիշել պարի անվանման ստուգաբանական մյուս տարբերակը՝ «սահող»: Որոշ ժամանակ ֆրանսիական կուրանտան ուղեկցում էր պարահանդեսների բացման հանդիսավոր երթը, սակայն հետագայում այս «պատիվն» անցնում է ժամանակի տարածված մեկ այլ պարին՝ ալլեմանդային, որն ավելի նուրբ ու հանդիսավոր էր իր բնույթով: Արդյունքում կուրանտան դառնում է պարահանդեսների երկրորդ պարը: Այդ շրջանում կուրանտան էլ ավելի էր մեղմացել՝ լիովին համապատասխանելով ֆրանսիական նրբագեղ ճաշակին: Շուտով կուրանտան սկսեցին անվանել «գիտական պար». պատճառն այն էր, որ կուրանտային տիրապետող մարդը ինքնաբերաբար կիրթ անհատի համբավ էր ձեռք բերում, քանի որ կուրանտայի տեխնիկային ամբողջապես տիրապատելը մեծ աշխատանք էր պահանջում: Առհասարակ, ֆրանսիական կուրանտան ազնվափայլություն ու բարձր ծագում էր խորհրդանշում: 

17-րդ դարի երկրորդ կեսին առաջ է գալիս մենուետը՝ մեկ այլ պարահանդեսային պար, որը ետին պլան է գցում կուրանտային: Վերջինս դեռ երկար ժամանակ շարունակվում էր դասավանդվել պարային դպրոցներում՝ որպես պարային նրբագեղության ու արքունական պարահանդեսային ավանդույթների վառ օրինակ: Այնուամենայնիվ, 18-րդ դարում կուրանտան վերջնականապես դուրս է մղվում առօրյա կիրառույթունից՝ իր տեղը լիովին զիջելով մենուետին: 

Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա կուրանտաներին անդրադարձել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Յ.Ս. Բախն ու Գ.Ֆ. Հենդելը: 

No comments:

Post a Comment