Վերսալ պալատական համալիրը 17-րդ դարի ֆրանսիական ճարտարապետության գլուխգործոցներից է: Պալատի պատմությունը սկսվում է 1623թ-ից, դեռ Լյուդովիկոս 13-րդի օրոք, ով այդ տեղում կառուցել էր որսորդական տնակ: Վերսալը կերտվել է նշանավոր ճարտարապետներ Լյուի Լևոի և Ժյուլ Արդեն Մանսարի կողմից, զբոսայգու ճարտարապետն է Անդրե Լենոտրը:
Հետագայում, արդեն 1661թ.-ից այն ընդլայնվում և համալրվում է Լյուդովիկոս XIV կողմից, քանի որ վերջինս Ֆրոնդայի ապստամբությունից հետո Լուվրում մնալը համարում էր վտանգավոր և նպատակ ուներ Վերսալը վերածել թագավորական նոր նստավայրի: Ճարտարապետներ Անդրե Լենոտրն ու Շարլ Լեբրեն վերափոխում ու ընդլայնում են պալատը կլասիցիզմի ոճով՝ դարձնելով այն «Արևի արքայի» ժամանակաշրջանի ինքնատիպ հուշարձան, աբսոլյուտիզմի գաղափարախոսության ճարտարապետական արտահայտչաձև: Վերսալ պալատական համալիրը, որն ամենամեծն է Եվրոպայում, աչքի է ընկնում ճարտարապետական ձևերի ամբողջականությամբ ու ներդաշնակությամբ:1682-1789թթ.՝ մինչև Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, Վերսալը թագավորական պաշտոնական նստավայրն էր:
1801թ.-ից ստանում է թանգարանի կարգավիճակ և բաց՝ հանրության համար:1837թ. Վերսալում բացվում է նաև Ֆրանիսայի պատմության թանգարան: Պալատի շինարարության համար նախատեսված գումարների հաշիվները պահպանվել են մինչև մեր օրերը: Պալատն արժեցել է 25 725 836 լիվր (1 լիվրը կազմում է 409 գ արծաթ, ներկայումս՝ մոտավորապես 2,6 միլիարդ եվրո): Վերսալի հետ են կապված ֆրանսիական ու համաշխարհային պատմության մի շարք նշանավոր իրադարձություններ, քանի որ հենց այստեղ են կնքվել բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում 1919թ. հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը՝ սկզիբ դնելով միջազգային հարաբերությունների հետպատերազմյան Վերսալյան համակարգին:Վերսալի զբոսայգիները ձգվում են 101 հեկտար տարածությամբ:
: Պալատը նույնպես ապշեցնում է իր հսկայական չափերով: Հիացած Վերսալի գեղեցկությամբ՝ Պետրոս 1-ին թագավորը հրամայում է կառուցել նույն պալատից ու զբոսայգիներից նաև Պետերբուրգում, բայց այս գլուխգործոցը, որտեղ միախառնված են բարոկկոն և կլասիցիզմը, մինչև այսօր համարվում է անկրկնելի կոթող:
No comments:
Post a Comment