Friday, 1 August 2014

Մարկ Շագալ



Մարկ Շագալ (1887-1985թթ)՝ Բելառուսում ծնված, ազգությամբ հրեա նկարիչ, XX դարի մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչներից: Սովորել է սինագոգին (հրեական աղոթատանը) կից դպրոցում, ապա՝ աշխարհիկ վարժարանում: Նկարչության առաջին դասերն առել է ժամանակի ռեալիստ պրոֆեսիոնալ նկարիչներից: 1907–09 թթ-ին Շագալը Սանկտ Պետերբուրգում աշակերտել է հայտնի բեմանկարիչ Լեոն Բակստին, ստեղծել «Ննջեցյալ», «Սև ձեռնոցներով հարսնացուն» նկարները: 1910–14 թթ-ին Փարիզում շփվել է ավանգարդիստ արվեստագետների հետ, կատարելագործել է իր ինքնատիպ գեղարվեստական տեխնիկան, ստեղծել «Ես և գյուղը» «Ինքնանկար», «Ջութակահար» և այլ գործեր:
1914 թ-ին Բեռլինում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, արժանացել մեծ ճանաչման: Նույն թվականին Շագալը Վիտեբսկում կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել թանգարան, իսկ 1917 թ-ից ղեկավարել է Վիտեբսկի արվեստի դպրոցը: 1948 թ-ին Շագալը վերադարձել է Ֆրանսիա, հաստատվել է Ռիվերայում: 1953–56 թթ-ի ստեղծագործության մեջ գերակշռում են Փարիզը և Վիտեբսկը պատկերող կտավները: 1964 թ-ին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը և Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը, 1966 թ-ին ավարտել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի որմնանկարները: 1967 թ-ին «Մետրոպոլիտենում» ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը: Շագալի արվեստին բնորոշ է իրականության ընդգծված սուբյեկտիվ ընկալումը, որն արտացոլում է Արևմուտքի մտավորականության հոգևոր ճգնաժամը: Նրա ստեղծագործությունների մեծ մասը սերտորեն կապված է իր մանկությանը և հրեական կենցաղին, որոնցից քաղված պատկերները խորհրդանշական են և առեղծվածային: Շագալի կտավներում առարկաներն անիրական տարածության մեջ ունեն անսովոր դասավորություն, գծանկարն էսքիզային է և անորոշ, գունաշարը՝ վառ ու ֆանտաստիկ («Վիտեբսկի վրա», 1914 թ.):

«Արվեստը նախ և առաջ հոգեվիճակ է: Իսկ մեղավոր երկրի վրա քայլողներիս հոգին սուրբ է»,-Մարկ Շագալ:



No comments:

Post a Comment