Sunday, 23 November 2014

Բլյուզ

Բլյուզ (անգլ. “blues”, “blue devils”- «թախիծ», «կարոտ» բառից)` երաժշտական ժանր, որն առաջացել է 19-րդ դարում ԱՄՆ-ի հարավարևմտյան աֆրոամերիկյան համայնքում: Ջազի և ռեգթայմի հետ միասին բլյուզը համարվում է աֆրոամերիկացիների ամենամեծ ներդրումներից մեկը համաշխարհային երաժշտության մեջ: «Բլյուզ» տերմինն առաջին անգամ օգտագործել է Ջորջ Կոլմանը իր “Blue devils” ստեղծագործության մեջ (1798թ.): Բլյուզի ծագումը գալիս է այն ժամանակներից, երբ Աֆրիկայից ամերիկյան մայրցամաք աշխատուժ է բերվում: Բլյուզն առաջանում է որպես «աշխատանքային երգ»՝ աֆրիկացիների կրոնական արարողությունների մշակույթից: Այդ ժամանակաշրջանում աֆրոամերիկացիներն աշխատում էին պլանտացիաներում որպես ամենակեղտոտ ու բարդ աշխատանքը կատարող անձնակազմ: Նրանց ծանր կյանքի ու կենսական անտանելի պայմանների ամբողջ ողբերգությունն արտահայտվում էր հիմնականում երգերում, առավելապես` հետագայում առանձին ժանր դարձած «աշխատանքային երգերում»: Բլյուզի` որպես ժանրի առաջացմանը մեծապես նպաստել է 1863թ. ստրկության արգելումը ԱՄՆ-ում: Բլյուզի նեղ հայրենիքն է համարվում Միսիսիպի գետի շրջակայքը:

Այս ժանրի «կատարողներից» շատերը, ինչպես և 20-րդ դարի առաջին կեսի ԱՄՆ-ի ողջ սևամորթ բնակչությունը, մինչ ծերության տարիները շարունակում էին ցածրակարգ ու ծանր աշխատանք կատարել: Նրանք թափառում էին երկրով մեկ, պատահական հանձնարարություններով գումար վաստակում` երբեմն առիթ ունենալով ելույթ ունենալ փոքրիկ խնջույքների ժամանակ: Նման խնջույքներին երաժշտության դիմաց սովորաբար փողի փոխարեն ուտելիք էին տալիս: Այսպիսին էր բլյուզ կատարողների կյանքը. ծանր աշխատանք ու չնչին վարձատրություն ամենուրեք: Այնումենայնիվ, նրանք սիրում էին իրենց երաժշտությունն ու առանց կիթառի հազվադեպ էին դուրս գալիս փողոց, ինչի շնորհիվ բլյուզի հնչյուններ կարելի էր լսել գրեթե ամենուրեք`փողոցներում, գնացքներում և այլն: Բլյուզը դասակարգվում է մի շարք տեսակների՝ դասական կամ քաղաքային, արխայիկ, լիրիկական, մոդերն, ֆանկի և այլն: Դասական բլյուզի ձևավորման ավարտը համարվում է նախորդ դարի 20-ական թթ.`բլյուզ կատարող անսամբլների ի հայտ գալու շրջանը: Սրանով հաստատվում ու ամրապնդվում են բլյուզի ժանրային առանձնահատկություններն ու 12-տակտանի ձևը: Արդյունքում այն անցնում է աֆրոամերիկյան մշակույթի սահմաններն ու ներթափանցում այսպես կոչված շոու-բիզնես: Ուշագրավ է, որ այս շրջանում մեծ հետաքրքրություն ու համբավ էին վայելում բլյուզի կին վոկալիստուհիները: 1920թ. Մեմի Սմիթը ձայնագրում է իր «Crazy Blues» ձայնասկավառակը, որն, ի զարմանս բոլորի, մեծ հաջողություն է ունենում: Ձայնագրման կենտրոններն ու պրոդյուսերները, կանխազգալով «նոր երաժշտության» մեծ ապագան, կենտրոնանում են բլյուզի վրա ու սկսում տարածել այն: Սկսվում է դասական բլյուզի ծաղկման ժամանակաշրջանը:




Բյլուզի իգական սեռի առաջին վառ ներկայացուցիչներից են նաև Մա Ռեյնին, Բեսի Սմիթը: Տղամարդ կատարողներից մեծ համբավ էին վայելում Ջիմմի Ռաշինգը, Ռոբերտ Ջոնսոնը, որն իր 27 տարվա կյանքի ընթացքում հասցրեց ձայնագրել ավելի քան 30 երգ: Ջոնսոնի երգարվեստն ու ոճը մեծ ազդեցություն են թողել հատկապես Միք Ջագգերի ու Էրիք Քլեփթոնի վրա:
60-70-ական թթ ԱՄՆ-ում բլյուզը շարունակում էր ծաղկել այնպիսի կատարողների շնորհիվ, ինչպիսիք են Ջոն Լի Հուքերը և Մադդի Ուոթերսը, որոնք երիտասարդ սերնդին ոգեշնչում էին ստեղծագործել ու զարգացնել ժանրը: Հուքերը բլյուզային իր ոճը միաձուլեց ռոքի տարրերի հետ և սկսեց նվագել սպիտակամորթ երիտասարդ երաժիշտների հետ: Իհարկե չի կարելի չնշել լեգենդար Բի Բի Քինգի անունը, որին անվանում են «բլյուզի արքա»: Բլյուզի մատուցման նրա նոր ձևն ու կատարողական օրիգինալ լուծումները նոր շունչ տվեցին ժանրին: 80-ականներից մինչ մեր օրերը բլյուզն ապրում ու զարգանում է մի շարք տաղանդավոր երաժիշտների շնորհիվ, որոնց թվում են` Բոբբի Ռաշը, Սիր Չարլզ Ջոնսը, Մայլս Դեյվիսը, Ռոբերտ Քրեյը, Էրիկ Քլեփթոնը, Ջոննի Լենգը, Ջոն Մեյերը և շատ ուրիշներ
:

No comments:

Post a Comment