Sunday 1 March 2015

Ֆրենկ Սինատրա

Ֆրենկ Սինատրա (Ֆրենսիս Ալբերտ Սինատրա, 1915-1998)՝ ամերիկացի երգիչ, դերասան և շոումեն: 20-րդ դարում Սինատրան դարձավ ոչ միայն ամերիկյան մշակույթի, այլև ամբողջ երաժշտական աշխարհի  կենդանի լեգենդ` ինն անգամ արժանանալով «Գրեմմի» մրցանակի: Ֆրենսիսը ծնվել է 1915թ. դեկտեմբերի 12-ին Հոբոքենում (Նյու Ջերսի, ԱՄՆ): Մայրը` Դոլլի Գարավանտեն, շատ ծանր ծննդաբերություն էր ունեցել` կապված նորածնի արտասովոր քաշի հետ (6 կգ.): Հայրը` Մարտին Սինատրան, պղնձագործ էր, իսկ մասնագիտությամբ բուժքույր մայրն աշխատում էր Դեմոկրատական կուսակցության գրասենյակում: Երկուսն էլ ԱՄՆ էին գաղթել Իտալիայից: Որդու ծնվելուց հետո հայրը մշտական աշխատանք գտնելու խնդիր ուներ, ինչի արդյունքում սկսում է զբաղվել բռնցքամարտով` փորձելով գումար վաստակել սիրողական մարտերում: Դոլլին մռայլ, բայց էներգիայով լի մի կին էր, որը սիրում էր իր ընտանիքը, սակայն ավելի շատ կենտրոնացած էր աշխատանքի, քան ընտանեկան հոգսերի վրա: Այս պայմաններում փոքրիկ Ֆրենկը ժամանակի մեծ մասն անցկացնում էր տատիկի հետ: 1917թ. պատերազմը ներխուժում է ԱՄՆ: Ծնողների հոգսերն ավելանում են, և Ֆրենկը գրեթե մշտական բնակություն է հաստատում տատիկի տանը: Համեմատած իր հասակակիցների` երկու տարեկան Ֆրենկը շատ դանդաղ էր մեծանում ու աչքի չէր ընկնում ոչնչով: Սակայն, որոշ ժամանակ անց, Ֆրենսիսը տարվում է երաժշտությամբ` օրեցօր ավելի մեծ հակումներ ցուցաբերելով երաժշտության հետ կապված ամեն ինչի նկատմամբ: 13 տարեկանից տղան սկսում է որոշ գումար վաստակել մեգաֆոնի ու նմանատիպ այլ գործիքների օգնությամբ` նվագելով տեղի սրճարաններում: 1931թ. Ֆրենկը հեռացվում է դպրոցից «ոչ պատշաճ» պահվածքի համար: Նա այդպես էլ ոչ մի կրթություն չստացավ ողջ կյանքի ընթացքում, այդ թվում` երաժշտական: Սինատրան երգում էր լսողությամբ` առանց նոտաներ ճանաչելու: 
Փոքրիկ Ֆրենկը

1932թ.-ից Սինատրան սկսում է ելույթներ ունենալ ռադիոյով: Նրա ապագա կարիերայի համար ճակատագրական է դառնում 1933թ., երբ համերգներից մեկի ժամանակ առիթ է ունենում հանդիպել իր կուռքին` ամերիկացի հայտնի երգիչ ու դերասան Բինգ Քրոսբիին: Այդ պահից ի վեր նա հաստատապես որոշում է իր կյանքը նվիրել բեմին: Հարկ է նշել, որ այս ընթացքում Ֆրենկը զուգահեռ աշխատում էր որպես սպորտային լրագրող, բայց սա չի խանգարում նրան տարվել նաև կինոյով: Նա հիանում էր դերասան Էդվարդ Գ. Ռոբինսոնով, որը հայտնի էր գանգստերական ֆիլմերում մարմնավորած իր կերպարներով: 

Դեպի իրական փառք տանող Սինատրայի ճանապարհը սկսվում է 1935թ, երբ ''The Hoboken Four'' խմբի հետ հաղթում է ''Major Bowes Amateur Hour'' հայտնի ռադիոշոուի տաղանդների մրցույթում` միջազգային հյուրախաղերի մեկնելու հնարավորություն ստանալով: Վերադառնալով Նյու Ջերսի` նա շոումենի մշտական աշխատանք է ստանում տեղի երաժշտական ռեստորանում: Այս ռեստորանը բավականին հայտնի էր նաև աստղերի շրջանում. Ֆրենկին սկսում են ճանաչել հայտնի մարդիկ:

1947թ.
1938թ. Ֆրենկը ձերբակալվում է ամուսնացած կնոջ հետ սիրային կապի մեջ լինելու համար (30-ականների ԱՄՆ-ում դա քրեական հանցագործություն էր համարվում): Իհարկե Ֆրենկը մի կերպ խուսափում է ճաղերի հետևում հայտնվելուց, բայց նրա հեղինակությունը զգալիորեն տուժում է: Սինատրայի կարիերայի նոր վերելք է ապահովում 1939-42թթ աշխատանքը հայտնի երաժիշտ Գարի Ջեյմսի և Թոմի Դորսի ջազ-նվագախմբերում: Վերջինիս հետ Սինատրան ցմահ պայմանագիր է կնքում, որից հետագայում կարողանում է «ազատվել» միայն հեղինակավոր մաֆիոզ Սեմ Ջիանկանայի օգնությամբ: Այս իրադարձությունը հետագայում նկարագրվելու էր Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպում: Ենթադրվում է, որ ստեղծագործության կերպարներից մեկի` երգիչ Ջոննի Ֆոնտեյնի նախատիպը հենց Սինատրան է: 

1939թ. Սինատրան ամուսնանում է Նենսի Բարբատոյի հետ: 1940թ. ծնվում է ապագա երգչուհի Նենսի Սինատրան: 1944թ. լույս աշխարհ է գալիս նրանց երկրորդ երեխան` Ֆրենկ Սինատրա Կրտսերը, իսկ 1948թ.` Թինա Սինատրան: 

1942թ. Սինատրային հրավիրում են Նյու Յորք` «Փարամաունթ» հայնտի ընկերության Սուրբ ծննդյան տոնական համերգին մասնակցելու: Այստեղ նրան նկատում է գործակալ Ջորջ Էվանսը` երկու շաբաթում Ֆրենկին դարձնելով ամերիկացի դեռահաս աղջիկների կուռք: 1944թ. Սինատրային բանակ զորակոչվելու համար ոչ պիտանի են ճանաչում թմբկաթաղանթի ի ծնե արատի պատճառով: Տարիներ անց նա ծեծի է ենթարկում մի լրագրողի, որը համարձակվել էր հայտարարել, որ Սինատրան ապօրինի ազատվել է բանակի ծառայությունից իր հեղինակավոր կապերը օգտագործելու շնորհիվ: 

1940-ական թվականներին Սինատրան բուռն սիրավեպ է սկսում հայտնի դերասանուհի Ավա
Ֆ.Սինատրան և Ա. Գարդները
Գարդների հետ: Այս շրջանը համընկնում է ստեղծագործական մեծ ճգնաժամի հետ: 1949թ. նրան զրկում են ռադիոյի աշխատանքից, կինը ամուսնալուծության հայտ է ներկայացնում, Ավա Գարդների հետ սիրավեպը մեծ սկանդալի է վերածվում, իսկ ''Columbia Records''-ը հրաժարվում է համագործակցությունից: 1951թ. Սինատրան և Գարդներն ամուսնանում են և 6 տարի համատեղ կյանք են վարում: Ամուսնալուծության շրջանում Ֆրենկը ուժեղ մրսածության պատճառով կորցնում է ձայնը: Այս օրերն այնքան ծանր էին Սինատրայի համար, որ նա մտածում էր ինքնասպանություն գործելու մասին: Այնուամենայնիվ, անհաջողությունների այս շարքը շուտով ավարտվում է Սինատրայի աղմկահարույց վերադարձով. 1952թ. Լաս Վեգասի հայտնի խաղատներից մեկում ունեցած նրա համերգն անցնում է լեփ-լեցուն դահլիճում: Շուտով Սինատրան հրավեր է ստանում նաև Հոլիվուդից: 1953թ. նա նկարահանվում է «Այսուհետ և հավետ» ֆիլմում և այստեղ մարմնավորած կերպարի համար արժանանում «Օսկարի» արձանիկի «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում» անվանակարգում: Այս ընթացքում Սինատրան աշխատում էր նաև NBS ռադիոյում` մեծ հաջողությամբ շարունակելով ռադիոհաղորդավարի իր մշտական կարիերան: 1950-ական թթ Սինատրան հանդես էր գալիս այնպիսի աստղերի կողքին,
Սինատրան և Դին Մարթինը
ինչպիսիք են Դին Մարթինը, Սեմմի Դեվիսը, Ջո Բիշոփը և Փիթեր Լոուֆորդը: Նրանց «միությունը» կոչվում էր ''Rat Pack'' (թարգմ.`առնետների խումբ) և այնքան հայտնի ու հաջողակ էր, որ աշխատում էր Ջոն Քեննեդիի համար: 1966թ. 51-ամյա Ֆրենկն ամուսնանում է 21-ամյա դերասանուհի Միա Ֆեռոուի հետ: Մեկ տարի անց նրանք ամուսնալուծվում են: Սինատրայի չորրորդ ու վերջին կինը դառնում է Բարբարա Մարքսը, որի հետ ապրում է մինչև կյանքի վերջը: 1971թ. Հոլիվուդում բարեգործական մի համերգի ժամանակ Սինատրան հայտարարում է բեմից հեռանալու մասին, սակայն 1974թ-ին դեռ ելույթներ էր ունենում: 1979թ. նա ձայնագրում իր ամենամեծ հիթերից մեկը`''New York, New York''-ը: 1993թ. Սինատրան թողարկում է իր վերջին`  «Զուգերգեր» ալբոմը: Լեգենդար երգիչը վերջին անգամ բեմ է դուրս գալիս 1995թ. փետրվարի 25-ին: Սինատրան մահանում է սրտի կաթվածից, 1998թ. մայիսի 14-ին՝ 82 տարեկան հասակում: 

Սինատրան մի քանի մականուն է ունեցել, որոնք պարբերաբար փոխարինել են միմյանց՝ «Ֆրենկի», «Ոսկե ձայն», «Պարոն Կապույտ աչքեր» և այլն: Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է մոտ 60 ֆիլմում, այդ թվում` «Ոսկե ձեռքով մարդը», «Օուշենի 11 ընկերները», «Հպարտություն և կիրք»: Նրա ամենասիրված հիթերից են` ''My Way”, ‘’Let it snow’’, ‘’Fly me to the moon’’, ‘’Something Stupid’’, ‘’It was a very good year’’ և այլն: «Սինատրայի մահվան օրը 20-րդ դարի վերջն է». այսպես արձագանքեցին լրատվամիջոցերը լեգենդի կորստին...

No comments:

Post a Comment