Բաչատա պարային ժանրի հայրենիքը Դոմինիկյան Հանրապետությունն է, բայց այն լայնորեն տարածված է նաև Կարիբյան ավազանի երկրներում և ներառված է լատինամերիկյան պարային ծրագրի մեջ: Բաչատա երաժշտության և պարի ծագումը կապված է 20-րդ դարի 60-ական թթ-ին բռնապետ Լեոնիդաս Տրուխինյո Մոլինոյի իշխանության տապալումից հետո Դոմինիկյան Հանրապետությունում ստեղծված սոցիալական լարված իրավիճակի հետ, թեպետ որոշ աղբյուրներ վկայում են, որ այս պարը ստեղծվել է շատ ավելի վաղ՝ 1920-ական թթ-ին:
Այդ ժամանակաշրջանում բաչատա կամ կումբաչատա էին անվանվում հասարակության ցածր խավի աղմկոտ երեկույթները, որը նրանք կազմակերպում էին գրեթե ամենուր՝ տների ներքին բակերում կամ պարզապես փողոցներում՝ ծառերի ստվերների տակ: Այդ երեկույթներում հնչող թե՛ երաժշտությունը, թե՛ դրա տակ կազմակերպվող պարերը համարվում էին ցածր ծագման, աղքատ թաղամասերի երգեր, որոնք պատմում էին չքավորների խնդիրների, անպատասխան սիրո եւ կենցաղային այլ խնդիրների մասին: Հենց այդ պատճառով էին բաչատան անվանում «música de amargue»՝ դառնության երաժշտություն:
Ըստ տարածաշրջանային սկզբունքի, պատմականորեն ձևավորվել է բաչատա պարի երկու ուղղություն.
1. Դոմինիկյան բաչատա, որը բնութագրվում է պարային տեխնիկայի տեսանկյունից ոտքերի ավելի պարզ շարժումներով և ավելի մոտ է մերենգե պարին:
2. Կոլումբիական բաչատա, որին բնորոշ է չորրոդ հաշվի ժամանակ կոնքերի ավելի արտահայտիչ շարժումը եւ քայլերի բարդությունը:

Շատ դեպքերում դասակարգում է կատարվում նաև միաձուլելով բաչատայի պարային ու երաժշտական ոճերը: Ըստ այդմ, տարբերակվում է դոմինիկյան բաչատա (պարզապես՝ բաչատա), ժամանակակից բաչատա, սենսուալ (զգայական) բաչատա եւ քաղաքային բաչատա (բաչատա ուրբանա):

Ինչպես արդեն նշվեց, դոմինիկյան բաչատան սերտ կապ ունի մերենգե պարի հետ: Այստեղ գերիշխում են պարզ հենաքայլերը, իսկ չորրդ հաշվի վերջին հենքայլը կատարվում է առանց ակցենտի՝ սովորական հենաքայլ: Մինչդեռ կոլումբիական բաչատայում վերջին քայլքի շեշտադրումը պարտադիր ու տարբերակիչ գործոն է: Դրա ժամանակ կատարվում է նաեւ կոնքով շարժում վեր-առաջ եւ հակառակ ուղղությամբ՝ հետ-ցած:
No comments:
Post a Comment