Wednesday, 10 June 2015

Հեսիոդոս


       Հեսիոդոս՝ հին հույն պոետ եւ էպիկական երգերի կատարող, այնպիսի գրական ուղղություններից մեկի հիմնադիրենրից, ինչպիսին է դիդակտիկական էպոսը: Հանդիսանում է հին հունական գրականության առաջին ներկայացուցիչներից մեկը, որի իրական գոյության փաստը համարվում է պատմականորեն հավաստի: Հեսիոդոսի կենսագրության գլխավոր աղբյուրը համարվում են նրա իսկ ստեղծգործությունները:
     Հեսիոդոսի հայրենիքն է եղել Էոլիդան (Փոքր Ասիա), բայց նրա ընտանիքը (Հեսիոդոսի հայրը աղքատացած մի վաճառական էր) հասնում է Հելիկոն լեռան ստորոտ՝ Բեոթիա (ներքին Հունաստան): Այստեղ՝ Ասկրա բնակավայրում ձեռք բերելով մի համեստ հողակտոր՝ նրանք սկսում են զբաղվել գյուղատնտեսությամբ, այդ իսկ պատճառով հողագործի կյանքի բոլոր դժվարությւոններն ու ուրախությունները Հեսիոդոսին ծանոթ էին դեռ մանուկ հասակից: Որպես արդյունք, նա դառնում է  հին հույն առաջին եւ, հավանաբար, միակ պոետը, որը ներկայացնում էր սոցիալական այդ շերտը:
     Պատանի Հեսիոդոսը երբեմն զբաղվում էր հովվությամբ, եւ տեղանքի  հիասքանչ բնակապատկերները ներշնչում էին նրան ու ստեղծագործելու ցանկություն արթնացնում նրա մեջ: Համաձայն նրա իսկ խոսքերի՝ մեկ անգամ նրան հայտնվում են Հելիկոնյան  հավերժահարսերն  ու կոչ անում ստեղծագործել ու բացահայտել անցյալի ու ապագայի ճշմարտությունները՝ արթնացնելով նրա մեջ բանաստեղծական տաղանդն՝ ի նշան որի, նվիրում են նրան դափնու մի հրաշալի ճյուղ:

      Դիտարկելով Հեսիոդոսի կայացումը որպես պոետ ավելի իրական տեսանկյունից՝ պետք  է նշել, որ նրա կողմից հոմերոսյան բարբառի եւ դակտիլական հեքսամետրի կիրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ բանաստեղծական վարպետություն նա սովորել է շրջիկ ռապսոդներից: Հեսիոդոսը նաեւ հին հույն պոետներից առաջինն էր, որն իրեն անվանում էր իր անունով՝ ներկայանալով որպես կոնկրետ անձնավորություն, մինչդեռ մինչ նա, հին հույն պոետները նախընտրում էին պահպանել անանունություն: Հոմերոսի պոեմներում, օրինակ, չկա անգամ փոքր ակնարկ հեղինակի անձի մասին, մինչդեռ Հեսիոդոսի պոեմները, հատկապես «Աշխատանք եւ օրեր» պոեմը, որտեղ արծարծվում են իր ժամանակակից կյանքի խնդիրները, իրենց մեջ ամփոփում են հեղինակի անձի ու կյանքի մասին արժեքավոր փաստեր:
     Դառնալով բանաստեղծ՝ Հեսիոդոսը միևնույն է մինչև կյանքի վերջ չի լքում Ասկրան ու շարունակում ապրել գյուղացու առօրյայով: Համաձայն որոշ աղբյուրնրի, նա միայն մեկ անգամ մեկնել է Հոմերոսի հետ բանաստեղծական մրցավեճի, որտեղից վերադարձել  է հաղթանակով ու բրոնզե եռոտանի մրցանակով: Ընդ որում, նշվում է, որ նա հաղթել է շնորհիվ խաղաղ աշխատնքի, այլ ոչ արյունահեղ պատերազմի մասին երգերով: Հայտնի  է, որ այդ մրցույթը տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ VIII-VII  դարերում, ինչը հնարավորույթուն է տալիս մոտավոր տեղեկանալ Հեսիոդոսի կյանքի ժամանակագրության մասին:


Գյուստավ Մորո «Հեսիոդոսը եւ մուսան» (1891թ.)
      Հեսիոդոսի՝ ներկայումս հայտնի ստեղծագործություններից համարվում է «Թեոգոնիա» («Աստվածների տոհմաբանությունը») պոեմը, որն իրենից ներկայացնում է աշխարհի ու աստվածների մասին հին հույների պատկերացումները համակարգելու առաջին փորձը: Այնումանեյանիվ, առավել նշանավոր է Հեսիոդոսի «Աշխատանք եւ օրեր» պոեմը, որը գրվել է որպես ուղերձ Հեսիոդոսի եղբորը՝ Պերսևսին, որն իրենց հոր մահից հետո դժգոհ էր ժառանգության բաժանումից  ու ակտիվորեն ցանկանում էր հավակնել Հեսիոդոսին բաժին հասած հարստությանը: Հեսիոդոսը կոչ էր անում եղբորը ազնիվ ու համառ կերպով աշխատել, այլ ոչ թե ապավինել կաշառքներին: Հոր մահից հետո Հեսիոդոսը բաժանում է ունեցվածքը եղբոր՝ Պերսևսի հետ, սակայն վերջինս, չբավարարվելով դրանով, դատավորի կաշառելու գնով կարողանում է ավել մասնաբաժին ստանալ: Այդ ժամանակաշրջանւմ թագավորական իշխանություն այստեղ այլևս չկար, եւ արդարադատությունը գտնվում էր տեղի ազնվականների ձեռքում, որոնք սերում էին Հերակլեսի սերնդից: Հեսիոդոսի ստեղծագործություններից պարզ  էր դառնում, որ նրանք ամենևին էլ արդար չեն եղել եւ դեռ ավելին՝ հողագործությամբ զբաղվելը համարել են նվաստացուցիչ ու ոչ արժանապատիվ:
     «Աշխատանք եւ օրեր» պոեմը դուրս է գալիս բարոյախրատականության շրջանակնրից ու պատմում ընթերցողին գյուղացիների ու ծովագնացների կենսակերպի մասին՝ համեմելով այն բանահյուսությամբ:
    Հեսիոդոսի այլ ստեղծագործություններից մեզ հասել են միայն պապիրուսի եւ ձեռագրերի մեջ պահպանված հատվածներ:
     Հեսիոդոսը մահացել է հարազատ գյուղում եւ թաղվել Օրքոմենում:
     Երբ Հոմերոսն իր բարձրակետին է հասցնում էպիկական պոեմը, այն շարունակում  է զարգանալ Փոքր Ասիայում արդեն մի քանի դար գոյություն ունեցող իոնական դպրոցի պոետների աշխատություններով: Եվրոպայում Հոմերոսի հերոսական էպոպեաները եւս իրենց մեծ ազդեցությունն են ունենում էպոսի զարգացման վրա, քանի որ Էգեյան ծովի արևմտյան ու արևելյան ափերի միջև ակտիվ կապը երբեք չէր դադարում: Բայց Եվրոպայում պոեզիայի երկիրը դառնում է ոչ թե հունական պոեզիայի երբեմնի բնօրրան Ֆեսալիան, այլ Բեոթիան՝ Հեսիոդոսի հայրենիքը, որի անվան հետ էլ կապված են էպիկական արվեստի նոր բնույթի մասին պատկերացումները:
Անտիկ բրոնզե քանդակ, որը ենթադրաբար համարվում է  Հեսիոդոսի կիսանդրին
      Հեսիոդոսի համար հարազատ դարձած Ասկրայում, որտեղ դեռ հնագույն ժամանակներից երկրպագում էին մուսաներին, պոեզիան երբեք չէր դադարում զարգացում ապրել, ուստի պատահական չէ, որ Հոմերոսի «Իլիական» եւ «Ոդիսական» պոեմները լայն տարածում են գտնում այստեղ տվյալ շրջանում: Սակայն տվյալ ժամանակաշրջանը Հին Հունաստանում քաղաքական կարգերի փոփոխման շրջան էր:  Մի շարք փոքր պետություններում թագավորական իշխանությունն արդեն տեղի ազնվականությունն էր զիջում էր տեղը. հինը քանդվում էր՝ իր տեղը զիջելով նորին: Նման անհանգիստ ժամակաշրջանում հերոսական էպոսն աստիճանաբար սկսում  է կորցնել իր փայլն ու հետագա զարգացման համար հիմքը: Ուստի Հեսիոդոսի պոեզիան, շեղվելով հոմերոսյան դպրոցի ավանդույթներից, նպատակ ուներ ներկակացնել ոչ թե անցյալը, այլ՝ կիրառել ներկայի գործնական պահանջները: Հեսիոդոսն արտահայտվում է լուրջ ու զուսպ՝ մշտապես նկատի ունենալով գործնական հետաքրքրությունները եւ ջանալով հնարավորինս ազատվելու կյանքի դժվարին պայմաններից ու իր պոեզիայի միջոցով կանոնակարգելու այդ կյանքը: Հեսիոդոսի՝ աշխատավոր ժողովրդի միջավայրում ստեղծված պոեզիան հենց հասարակ ժողովրդի համար էր, այլ ոչ թե արքաների ու հերոսների:

No comments:

Post a Comment