Monday, 15 June 2015

Էրմիտաժ


        
      Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պատկերասրահը հանդիսանում է  Ռուսաստանում արտասահմանյան արվեստի ամենհին ու ամենամեծ գանձարանը, ինչպես նաև աշխարհի ամենամեծ  պատմա-մշակութային թանգարաններից մեկը:

      Ժամանակակից Էրմիտաժն իրենից ներկայացնում է  թանգարանային բարդ համալիր, որի  հմնական ցուցադրական հատվածը գրավում են Նևա գետի ափին ձգվող  հինգ կառույցներ՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, որոնցից  գլխավորն ընդունված է համարել Ձմեռային պալատը:

        Ներկայումս պալատի հավաքածուն ներառում է արվեստի ու համաշխարհային մշակույթի  մոտ երեք միլիոն գործ՝ սկսած քարե դարի գործերից մինչև ժամանակակից աշխատանքներ:


      Էրմիտաժ (ermitage) անվանումը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է  «մեկուսանալու վայր». Դա  պայմանավորված է նրանով, որ ի սկզբանե այդ վայրը (պալատական հատուկ կողաշենք՝ Փոքր Էրմիտաժ)  մտածված է եղել Եկատերինա II թագուհու կողմից՝ որպես հանգստի եւ զվարճությունների համար կոկիկ անկյուն: Այստեղ դրվում են հոլանդացի ու ֆլամանդացի նկարիչների առաջին 225 կտավները, որոնք Եկատերինա թագուհին ձեռք է բերում Բեռլինում իր գործակալ Ի. Գացովսկու միջոցով: Նման կերպ 1764թ. Եկատերինա II թագուհու անձնական հավաքածուն դառնում է Էրմիտաժի ստեղծման հիմքը:

      
Եկատերինա  II շնորհիվ XVIII  դարում Ռուսաստանում աճում է  հավաքածուներ ստեղծելու  նկատմամբ հետաքրքրությունը: Այդ տարվածությունը շուտով այնպիսի չափերի  է  հասնում, որ  Ռուսաստանում կուտակվում է արվեստի հսկայական հարստություն՝ արևմտաեվրոպական վարպետների նշանավոր կտավներ: Եկատերինա II թագուհին, նպատակ ունենալով նվաճել «լուսավորյալ տիրակալուհու» եւ արվեստի մեծ գնահատողի հռչակ եւ ցանկանալով  իր պալատի հրաշագեղությամբ ստվերել եվրոպական կառավարողների պալատները, սկսում է ստեղծել արվեստի գործերի իր հավաքածուն: Գեղարվեստի գիտակները, որոնց մեջ էր նաեւ ֆրանսիացի լուսավորիչ-փիլիսոփա Դենի Դիդրոն, սկսում են ռուս կայսրուհու համար հավաքել արվեստի գործեր: 1769թ. Դրեզդենում Էրմիտաժի համար ձեռք է բերվում սաքսոնացի նախարար կոմս Բրյուլյայի հարուստ հավաքածուն, որը ներառում էր գրեթե 600 կտավ, այդ թվում ՝ Տիցիանի «Փախուտ դեպի Եգիպտոս» կտավը:

Ձմեռային պալատը
       1772թ. Եկատերինա II Փարիզում գնում է բարոն Կրոզի գեղանկարների հավաքածուն, որը ներառում էր XVI—XVIII իտալացի, ֆրանսիացի, ֆլամանդացի  եւ հոլանդացի վարպետների գործեր, որոնց թվում՝ Ռաֆայելի «Սուրբ ընտանիքը», Ջորջոնեի «Յուդիֆը» , Տիցիանի «Դանայան», ինչպես նաեւ Ռեմբրանդտի, Ռուբենսի, Վան Դեյքի, Կլոդ Լորենայի եւ Վատտոյի մի շարք գործեր:
      Էրմիտաժը հետագայում եւս համալրվում է մի շարք հավաքածուներով: Ալեքսանդր I եւ Նիկոլայ I կայսրերը եւս մեծ ուշադրություն էին դարձնում պալատի արվեստի հավաքածուն մեծացնելու գործին եւ գնում էին ոչ միայն հավաքածուներ, այլև՝ արվեստի առանձին գործեր եւս:

      
Մինչ   XIX դարի կեսերը Էրմիտաժը հասանելի էր միայն ընտրյալներին: Այդպես՝ անգամ Ալեքսանդր Պուշկինն  է  մուտքի թույլտվություն ստանում միայն կայսեր որդու մոտ ծառայող Ժուկովսկու երաշխավորագրերի միջոցով:  Ի վերջո, Նիկոլայ I կայսրն իրականացնում է Էրմիտաժը հանրային թանգարանի վերածելու մտահղացումը, որը բացվում  է 1852թ հատուկ այդ նպատակով կառուցված նոր շինության՝ Նոր Էրմիտաժում, որտեղ այդ ժամանակաշրջանում պահվում էին հին արևելյան, հին եգիպտական, անտիկ ու միջնադարյան մշակույթի, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի արվեստի գործեր, ինչպես նաև Ասիայի հնէաբանական ու գեղարվեստական հուշարձաններ, Vlll-XlX ռուսական արվեստի գործեր, որոնց շնորհիվ թանգարանի տարեկան այցելուների քանակը դեռ այն ժամանակ հասնում էր հիսուն հազարի:

     XIX դարից սկսած Էրմիտաժն սկսում է համալրվել ռուսական արվստի գործերով, ինչին նպաստում  է նաեւ նշանավոր արվեստաբան ու գիտնական Անդրեյ Սոմովը, որի հսկայական ջանքերի շնորհիվ ուսումնասիրվում են արվեստի մի շարք գործեր, այդ թվում՝ վերջինիս մեծածավալ աշխատանքի արդյունքում  նրա կողմից հրատարակվում  է «Էրմիտաժ պատկերասրահի գրացուցակը», որը ներառում էր իտալացի ու իսպանացի գեղանկարիչների գործերը:
  Կայսերական իշխանության տապալումից հետո Էրմիտաժն էական փոփոխությունների  է ենթարկվում: Այն զգալիորեն հարստանում  է  պետականացված  մասնավոր  հավաքածուների  հաշվին, որոնց թվում Բոտտիչելլիի, Անդրեա դել Սարտոյի, Կորեջոյի, Ռեմբրանդտի, Կանոբայի, Դելակրուայի գործերն էի:

    
1948թ. Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի միջև մշակութային ժառանգության հերթական տեղաբաշխման արդյունքում Էրմիտաժը համալրվում  է  Սերգեյ Շուշկինի եւ Իվան Մորոզովի մոսկովյան հավաքածուներով, ընդ որում, եթե մինչ այդ Էրմիտաժում կարելի էր գտնել մեծամասամաբ հին վարպետների գործեր, ապա այդ ժամանակ թանգարանի արվեստի գործերի ժամանակագրական շրջանակն զգալիորեն ընդլայնվում  է  շնորհիվ  իմպրեսիոնիստների, Սեզանի, Վան Գոգի, Մատիսի, Պիկասսոյի ու գեղանկարչական այլ նոր ուղղությունների ներկայացուիչների գործերով: Բայց թանգարանը նաև որոշակի կորուստներ է ունենում, քանի որ մասնավորապես Ձմեռային պալատի հիմնական մի շարք գործեր տեղափոխվում են Մոսկվայի գեղարվեստի թանգարան:

     Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Էրմիտաժի հավաքածուների մեծ մասը (գրեթե երկու միլիոն միավոր) տարհանվում է Ուրալ, իսկ Էրմիտաժի նկուղներն օգտագործվում էին որպես զինապահեստ: Մինչդեռ թանգարանի աշխատակիցնրը շարունակում էին կատարել իրենց ուսումնասիրություններն ու անգամ անցկացնել արվեստաբանական դասախոսություններ: Դեռ մինչ պատերազմի ավարտը թանգարանի սրահներում սկսվում են վերականգնողական աշխատանքներ, իսկ հաղթանակից հետո թանգարանը վերադարձնում է արվեստի իր բոլոր գործերը:, ընդ որում՝ արվեստի ոչ մի գործ այդ ընթացքում չի կորչում եւ միայն քիչ մասն էր, որ վերականգնման կարիք ուներ:


Ժամանակակից Էրմիտաժը ներկայացնում  է  համաշխարհային արվեստի  ու մշակույթի զարգացումը սկսած քարե դարից մինչ քսաներորոդ դար: Հատկապես մեծ արժեք ունեն նախնադարյան արվեստի ու հնէաբանական մշակութային գործերը: Հին վարպետների ցուցասրահներն առ այսօր շարունակում են վկայել ռուս կայսրերի ակադեմիական բարձր ճաշակի մասին, որի վառ դրսևորումն են նրանց կողմից ձեռք բերված այնպիսի հավաքածուները, որոնք ներառում են Բարձր Վերածննդի, բոլոնական դպրոցի, կլասիցիզմի, ռոկոկոյի ու արվեստի այլ նշանավոր ուղղությունների գործեր:



No comments:

Post a Comment