Friday, 10 July 2015

Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»


     
      Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» վեպն առաջին անգամ լույս է տեսնում 1908-1909թթ. «Pacific Monthly» ամսագրում, իսկ արդեն 1909թ. «Macmillan Publishers» ընկերությունը հրատարակում է այն առանձին գրքով: Ջեկ Լոնդոնի այս ստեղծագործությունը, որը պատմում է  Մարտին  Իդեն տաղանդավոր անհատի մտավոր զարգացման մասին, շատ առումներով հանդիսանում է ինքնակենսագրական. գրքում Լոնդոնը վերածնել  է  իր կյանքի պատմությունը, որտեղ կար թե՛ ծովում ու լվացքատանը կատարվող տաժանակիր աշխատանքի, թե՛ անգլիական բուրժուական ընտանիքից սերող աղջկա նկատմամբ սիրո, թե՛ գրողին հռչակի ու մահվան հասցրած գրական համառ աշխատանքի  վերաբերյալ անդրադարձ:

      Վեպի գլխավոր հերոսը տարբերվում է Ջեկ Լոնդոնից միայն փիլիսոփայական տրամադրվածությամբ: Նա հանդիսանում էր Սփենսերի մատերիալիստական էվոլուցիայի ու Նիցշեի ինդիվիդուալիզմի կողմնակից: Մինչդեռ հեղինակի սոցիալիստական գաղափարները վեպում արտացոլվում են երկրորդական կերպարների՝ Քաղաքային զբոսայգում հավաքվող աշխատավորների, հարուստ ընտանիքիների՝ պարզ աշխատանքային կյանքով ապրող անդամների, պարոն Մորզի ու դատավոր Բլաունտի միջոցով, որոնք, ըստ Մարտին Իդենի, իրենց հասարակական գործունեության մեջ առաջնորդվում են սոցիալական հավասարության հիմքի վրա: Ջեկ Լոնդոնը պարբերաբար միմյանց առջև է դուրս բերում Մարտին Իդենին վերոնշյալ սոցիալիստների հետ՝ հասկացնելով թե՛ իրեն, թե՛ ընթերցողին, որ հասարակական զարգացման միայն այդ ուղին է, որ առավել ընդունելի է մարդկության համար:
     
    Սիրո թեմատիկան վեպում ևս ունի ինքնակենսագրական հիմք: Մարտին Իդենի եւ Ռութ Մորզի հարաբերությունների սյուժետային գիծը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ջեկ Լոնդոնի եւ Մեյբլ Էփլգարտի սիրո պատմությունը. Ռութը, ինչպեսև Մեյբլը, ունի եղբայր, որը հաճույքով շփվում է հասարակ նավաստու հետ (Արտուրը՝ վեպում, Էդուարդը՝ իրական կյանքում), Ռութը, իր նախատիպի նման, խնդրում է փեսացուին ծառայության անցնել  (լրագրող կամ ծառայակից հոր գրասենյակում, փոստում՝ իրական կյանքում), վեպի հերոսուհին, ինչպես և իրական նախատիպը, այդպես էլ չի ամուսնանում Իդենի հետ (վեպում Ռութը հրաժարվում է Մարտինից՝ ծնողների ազդեցության տակ ընկնելով, իսկ իրական կյանքում Մեյբլը նախընտրում է մնալ ամուսնուն կորցրած մոր հետ):
     Մարտին Իդենի գեղարվեստական կերպարը որոշակիորեն իդեալականացված  է. ուժեղ անհատի գաղափարի հաստատման իր նպատակամղվածութան ճանապարհին, որը կարող է մարդու համար կյանքի ճանապարհ բացել, նա աստիճանաբար ավելի անզիջում է դառնում: Անվախության, համառության ու աշխատասիրության  հետ հավասար՝ գլխավոր հերոսն աստիճանաբար գնում է դեպի բաց ճշմարտասիրություն, որն սկզբում արտահայտվում է գաղափարական հակառակորդների հետ բանավեճերում, այնուհետև՝ մարդկանցից աստիճանաբար հիասթափվելու եւ նրանցից մեկուսանալու մեջ:

     Մարտինի մտավոր զարգացումը շատ արագ է ընթանումԻնքնակրթման ու գրական համառ  աշխատանքի  մի  քանի  տարիները՝  ուղեկցված  լվացքատանը ֆիզիկական ծանր աշխատանքով ու մշտական  աղքատությամբ ու քաղցով ավարտվում են նրա համար սոցիալական հաղթանակով, բայց՝ ներքին տապալմամբ:
     Գլխավոր հերոսի գիտակցական էվոլուցիան ընթանում է մի քանի փուլերով, որոնցից յուրաքանչյուրում Ռութն ունենում է իր մասնակցությունը: Նուրբ ու փխրուն աղջկա նկատմամբ սերն իր դրական ազդեցությունն  է  ունենում  Մարտինի  վարվելաձևերի վրա: Ռութին արժանի լինելու նպատակամղվածությունն ստիպում է նրան իրագործել գրող դառնալու մտադրությունը: Ի ծնե աշխատասիրությունը, աննկարգրելի հետաքրքրասիրությունը, զարգացած խելքն ու ուշադրությունն օգնում են Մարտին Իդենին արագորեն հմտանալ նոր մասնագիտության մեջ: Հասարակ ժողովրդի կյանքին ու կենցաղին ծանոթ լինելն ու Սփենսերի  մատերիալիզմի պրիզմայի միջով շրջապատողներին տեսնելու կարողությունը զինում են նրան հրաշալի տրամաբանությամբ: Ներքին եռանդն ու երիտասարդական մաքսիմալիզմը  (Ռութի հետ ծանոթության ժամանակ Մարտինն ընդամենը քսանմեկ տարեկան էր), Մարտինի ստեղծագործություններին տալիս են կենսական ճշմարտացիություն ու ուժ, որը պակասում էր հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերով առաջնորդվող ու պարտադիր երջանիկ ավարտ ունեցող  նրբաճաշակ բուրժուական գրականությանը:
     
      Սկսնակ գրողն ինքն էլ սկզբում ստեղծագործում էր նման կաղապարային սիրային պատմություններ, որոնք հանրության շրջանում լայն տարածում ունեին: Մարտինը դա անում էր հանուն գումար վաստակելու, որը նրան հնարավորություն կտար ապրելու ու աշխատելու Նորի վրա: Նա փորձում է իրեն նաև գրական այլ ժանրերում՝ հումորային ոտանավորներ, երգիծական փոքր պատմություններ, փոքր գրական ստեղծագործություններ: Սկզբնական շրջանում նա մերժումներ է ստանում բոլոր խմբագրություններից ու ամսագրերից: Հետագայում նրա գրական գործերը քիչ թե շատ վաճառվում են, որը, սակայն, դեռ բավական չէր  նորմալ ապրելու համար: Հաջողությունն Իդենին ժպտում է անսպասելի, երբ հրատարակվում է նրա «Արևի ամոթանքը» փիլիսոփայական վիպակը, որը դրական արձագանք է գտնում գրաքննադատների կողմից: Աստիճանաբար բոլոր խմբագրություններից Մարտինին խնդրում են ուղարկել գրական նոր գործեր, բայց վերջինս լավ էր հասկանում, որ դա պատահականություն էր, այլ ոչ՝ իր իրական տաղանդի ճանաչում:
    Ռութի հետ բաժանումը ու գրական հաջողությունները բացում են Մարտին Իդենի կյանքի եկրորդ փուլը, որտեղ նա անցնում է  հակառակ՝ հետդարձի ճանապարհով՝ բուրժուական միջավայրից դեպի բոլորի նկատմամբ հիասթափություն: Նրա մոտ բարեկամները, բարձր խավի ընկերները, Մորզերի ընտանիքը, վաճառականները, որոնցից նա մթերքներ էր գնում, բոլոր նրանք, որվքեր Մարտինին համարում էին իրենից ոչինչ չներկայացնող անբան, սկսում են հրավիրել ճաշի, մոռանում են հին վիրավորանքները, ուշադրությամբ լսում են  «պարոն Իդենին» ու փորձում ամեն կերպ  բարեկամական հարաբերություններ պահպանել նրա հետ եւ պատիվ են համարում նրա հետ շփումը:
      Մարտինը դժվարությամբ է տանում իր հանդեպ նման վերաբերմունքը: Շփվելով մարդկանց հետ նա մտածում է ինքն իրեն, որ իր մեջ ոչինչ չի փոխվել եւ միայն իր հռչակն է, որ մղում է մարդկանց, այդ թվում՝ Ռութին, դեպի իրեն: Նման իրավիճակը վերջնականապես քայքայում է Մարտինին: Հիասթափվելով մարդկանցից՝ նա որոշում է փախչել իրեն խեղդող Սան-Ֆրանցիսկոյից: Թաիթի տանող նավի վրա նա հասկանում է, որ նման որոշումը սխալ  է. նրան խեղդում է ոչ թե շրջապատող աշխարհը, այլ՝ հենց ինքը՝ տեսնելով ստի ու կեղծիքի ողջ պատկերը, որն այդպես էլ չէր ընդունելու: Նա ժամանակն անցկացնում էր միայնության ու մշտական քնի մեջ, որը նրա համար դառնալու էր հավերժական իր համար երբեմնի սիրելի Հարավային ծովերի ջրերում:


No comments:

Post a Comment