Saturday, 4 July 2015

Օնորե դը Բալզակ «Շագրենի կաշին»

«Շագրենի կաշին» (1830-1831թթ.)՝ ֆրանսիական դասական ռեալիզմի հիմնադիր Օնորե դը Բալզակի ամենահայտնի վեպերից մեկը: Բալզակը պատմական վեպերից անցում է կատարում սոցիալական վեպին՝ նպատակ ունենալով պատկերել բուրժուական նյութապաշտությունն ու փողի ուժը 19-րդ դարի Ֆրանսիայում: Փողն իրեն էր ենթարկում բոլոր սրբությունները, ոչնչացնում բոլոր սահմանները: Այն դարձել էր դարաշրջանի մեծագույն կիրքը, երազանքների գագաթնակետը: 

Վեպը բաղկացած է երեք մասից՝ «Թալիսմանը», «Անսիրտ կինը» և «Հոգեվարք»: Թալիսմանը հենց շագրենի կաշին է, որը վերը նշված իրավիճակի խորհրդանիշն է: Այս գլխում Բալզակը սկսում է ներկայացնել գլխավոր հերոսի՝ Ռաֆայել դե Վալենտինի պատմությունը: Նա աղքատ է, ի վիճակի չէ անգամ հոգալ իր ապրուստը: Չդիմանալով կյանքի դաժանությանը՝ Ռաֆայելը որոշում է ինքնասպան լինել կամրջից նետվելու եղանակով: Սպասելով հարմար պահի՝ նա պատահաբար մտնում է հնաոճ իրերի խանութ, որտեղ խանութի ծերունի տերը նրան զարմանահրաշ մի թալիսման է ցույց տալիս՝ շագրենի կաշին, որի վրա սանսկրիտով հետևյալ
տողերն են գրված լինում. «Ինձ տիրանալով՝ դու կտիրանաս ամեն ինչին, բայց քո կյանքը կպատկանի ինձ: Այդպիսին է կամքը Աստծո: Ցանկացի՛ր, և քո ցանկություններն իրականություն կդառնան, սակայն չափիր քո ցանկությունները կյանքիդ հետ: Ամեն ցանկությանը զուգահեռ ես սպանելու եմ քո օրերը: Ուզու՞մ ես ունենալ ինձ, վերցրու՛: Աստված կլսի քո ձայնը»: Այսպիսով Ռաֆայելը դաշինք է կնքում ծերունու հետ (շատ գրաքննադատներ այս դաշինքը նմանեցնում են Գյոթեի «Ֆաուստի» մեջ Մեֆիստոֆելի հետ կնքած դաշինքին): Այսուհետ երիտասարդի ցանկացած երազանք իրականություն էր դառնալու՝ միաժամանակ համապատասխան չափով կրճատելով նրա կյանքը: 

Երկրորդ գլխում Բալզակը ներկայացնում գեղեցկուհի ու մեծ ունեցվածքի տեր Ֆեոդորայի հետ
պատմությունը: Ռաֆայելը սիրահարվում է նրան, մեծաքանակ գումար է ծախսում կնոջը հաճոյանալու համար, սակայն Ֆեոդորան լսել անգամ չի ուզում ամուսնության մասին: Այս կնոջ կերպարը Բալզակը մեկնաբանել է որպես «վերին խավի խորհրդանիշ»: Այս ժամանակ Ռաֆայելն ապրում էր հյուրանոցում, որի տիրուհու աղջիկը՝ Պալինան, սիրահարվում է երիտասարդին, սակայն վերջինս ոչ մի ուշադրություն չի դարձնում աղջկան: Ռաֆայելն արդեն ենթագիտակցաբար ընտրում է՝ ում սիրահարվի. Պալինան չէր կարող գերել նրան, քանի որ հարուստ չէր: 

Երրորդ մասում Ռաֆայելն արդեն ամբողջությամբ վայելում է շագրենի կաշու բարիքները. նա ապրում է շքեղ մի առանձնատանը, որի գլխավոր պատերից մեկից կախված է իր արժեքավոր թալիսմանը: Վեպի վերջին այս գլխում Բալզակը զարգացնում է Ռաֆայելի ու Պալինայի պատմությունը և շագրենի կաշվի պատճառած անդառնալի հետևանքները: 

Բուրժուական իրականության մեջ Բալզակը տեսնում էր երկու ուղի՝ թշվառություն կամ հարստություն, որն իր հետ բերում էր բարոյական արժեքների սպառում: Գոյություն ուներ մի երջանկություն՝ ոսկուն տիրանալու բերկրանքը, քանի որ ոսկին էր ապահովում մարդու լիակատար երջանկությունը: Այս երկու ուղիները միայն երկու հնարավոր ելք ունեին՝ բարոյական մահ ու ֆիզիկական մահ: 

Այս վեպը շատ առումներով ինքնակենսագրական է. Ռաֆայելի կերպարի տակ Բալզակը նկատի ուներ ինքն իրեն: Հեղինակն ամբողջ կյանքը նվիրել էր աշխատաքին՝ սպառելով իր առողջությունը: Նա հասկանում էր, որ կրճատում է իր կյանքը, բայց միաժամանակ մեծացնում էր իր փառքը, ապագա սերունդներին հասցեագրված արժեքավոր ժառանգությունը: Ռաֆայելը ևս ստեղծագործում էր. նա աշխատում էր իր «Կամքի տրակտատ»-ի վրա՝ կամքը համարելով ամենազորեղ բանն այս աշխարհում: Զուգահեռներ կարելի է տանել նաև Բալզակի ու Ռաֆայելի՝ կանանց հետ հարաբերությունների միջև: Ֆեոդորայի սիրտը գրավելու Ռաֆայելի ջանքերը կարելի է համեմատել Բալզակի՝ Օլիմպ Պելիսյեով տարվածությամբ: Ըստ որոշ աղբյուրների՝ այն տեսարանը, երբ Ռաֆայելը թաքնվում է Ֆեոդորայի ննջարանում նրան մերկ տեսնելու համար, Բալզակը վերցրել է իր սեփական փորձից. նա ևս այդ նույն եղանակով ժամանակին փորձել էր ուսումնասիրել Օլիմպ Պելիսյեին: Նմանություն կա նաև Բալզակի ու Ռաֆայելի մայրերի միջև. երկուսն էլ աչքի էին ընկնում կարգապահությամբ ու բնավորությամբ սառը կանայք էին: 

Օլիմպ Պելիսյե
Ինչպես նշում է ծերունի հնահավաքը, մարդու ողջ կյանքն ընկած է «ցանկանալ» ու «կարենալ» բառերի միջև: Ցանկանալը մեզ այրում է, կարենալը՝ կործանում: Վալենտինը տեսնում է, որ դրամն է փոխարինում գիտությանն ու տաղանդին, առաքինությանն ու ազնվությանը: Ինքն իր կրթությամբ, իր մարդկային բարձր հատկանիշներով ոչինչ չարժե: Շագրենի կաշին բացահայտում է Վալենտինի մութ կողմերը՝ եսասիրությունը, ագահությունը: Նա փորձում է նյութականի շնորհիվ իշխել ճակատագրի վրա, սակայն հոգեվարքի մեջ հասկանում է, որ իր ճակատագիրը Աստծո ձեռքում է: Կաշին մերկացնում է Ռաֆայելի վախը. այս անգամ ոչ թե աղքատության վախը, այլ կյանքը կորցնելու: Ռաֆայելի կերպարում Բալզակը բացահայտում է 19-րդ դարի լայն հասարակության թույլ կամքը, նույնիսկ՝ կամքի բացակայությունը: Երիտասարդը դառնում է դասակարգի զոհը, բայց, ի տարբերություն շատերի, նա վերջում հասկանում է՝ որն է եղել իր մեծագույն սխալը: Այնուամենայնիվ, վատնած օրերն այլևս անհնար է վերադարձնել: Ռաֆայելը նույնիսկ բնությունից է օգնություն խնդրում, սակայն վերջինս նույնպես անզոր է ժամանակի առջև: Բուրժուական իրականության մեջ անհամատեղելի են աշխատանքն ու հարստությունը, աղքատությունն ու գոյության իրավունքը: 

«Շագրենի կաշին» կարելի է որակել որպես փիլիսոփայական, ֆանտաստիկայի ժանրին պատկանող ստեղծագործություն, սակայն երևակայական, գերբնական տարրերը չեն նվազեցնում վեպի բացառիկ ռեալիզմը: Բացի արծարծվող գաղափարների ակտուալ ու իրական բնույթից, վեպի ռեալիզմին նպաստում են մի շարք վառ նկարագրությունները, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ՝ խաղատների միջավայրը, ավանդույթները, նույնիսկ խաղամոլների դեմքերի նկարագրությունը, հնաոճ իրերի խանութը,
որտեղ զննելով ներկայացված իրերը՝ Ռաֆայելը կարծես ճամփորդում է ժամանակի մեջ՝ հնարավորություն ստանալով տեսնել արվեստի՝ տաբեր դարաշրջաններին պատկանող բազմաթիվ հայտնի գործեր:

Լույս տեսնելուն պես «Շագրենի կաշին» մեծ ճանաչում է ձեռք բերում և վաճառվում մեծ թվաքանակով՝ Բալզակին դարձնելով ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային գրականության ամենահայտնի դեմքերից մեկը: Այս վեպը, և առհասարակ, Բալզակի ստեղծագործությունները, մեծ ազդեցություն են թողնում այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Օսկար Ուայլդը, Ֆյոդոր Դոստոևսկին, Միգել դե Ունամունոն, Սեմյուել Բեքեթը և շատ ուրիշներ: 

No comments:

Post a Comment