Գրետա Գարբո (նույն ինքը՝ Գրետա Լովիսա Գուստաֆսոն, 1905-1990թթ.)՝ շվեդ (ամերիկուհի) դերասանուհի, Հոլիվուդի բոլոր ժամանակների ամենավառ աստղերից մեկը: 1954թ. արժանացել է պատվավոր «Օսկարի» «Կինոարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար» ձևակերպումով: Կինոարվեստի ամերիկյան համալսարանի կողմից «Կինոյի վերջին 100 տարվա 100 մեծագույն աստղերի» կանանց ցանկում արժանացել է 5-րդ հորիզոնականին: «Պրեմիեր» ամսագիրը Գարբոյին ներառել է կինոյի բոլոր ժամանակների մեծագույն աստղերի տասնյակում:
![]() |
Գարբոն իր մայրիկի հետ, 1939թ. |
Գարբոն ծնվել է 1905թ. սեպտեմբերի 18-ին Ստոկհոլմում, Կառլ և Աննա Գուստաֆսոնների ընտանիքում: 1918թ. Գրետայի հայրը, որի հետ նա շատ կապված էր, մահանում է տուբերկուլյոզից, ինչից հետո աղջիկը ստիպված է լինում թողնել ուսումն ու աշխատանքի անցնել: Գարբոն աշխատում է նախ վարսավիրանոցում, ապա հանրախանութում` միաժամանակ լուսանկարվելով թերթերի գովազդների համար: Հենց այս լուսանկարներից մեկը տեսնելուց հետո ռեժիսոր Էրիկ Փեթչերը նրան փոքրիկ դեր է առաջարկում իր «Փիթեր-թափառականը» կատակերգությունում (1922թ.): Այս նոր «զբաղմունքը» դուր է գալիս երիտասարդ աղջկան և նա որոշում է պրոֆեսիոնալ դերասանուհի դառնալ: 1922-24թթ. Գարբոն դերասանական արվեստ է սովորում Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում:
Այստեղ նա ծանոթանում է շվեդ դերասան և ռեժիսոր Մորից Ստիլլերի հետ, որը սկսում է անձամբ զբաղվել աղջկա կրթությամբ ու բեմական տպավորիչ անուն է մտածում նրա համար` Գրետա Գարբո: Շուտով Մորիցն իր աշակերտուհուն առաջարկում է նկարահանվել իր «Ասք Յեսթ Բեռլինգի մասին» ֆիլմում, որտեղ դերասանուհու խաղընկերն է դառնում շվեդ դերասան Լարս Հանսոնը: Գարբոյի` այս ֆիլմում մարմնավորած կերպարը տպավորում է ամերիկյան հայտնի "Metro-Goldwyn-Mayer" ընկերության ղեկավարներից մեկին` Լուիս Բարտ Մայերին. արդյունքում վերջինս Գարբոյին ու Ստիլլերին առաջարկում է աշխատանքի անցնել իր կինոընկերությունում: Ուշագրավ է, որ Գարբոյի փառքի մեծանալու հետ մեկտեղ փչանում են դերասանուհու ու իր առաջին ուսուցչի հարաբերությունները: 1928թ. Ստիլլերին հեռացնում են աշխատանքից, իսկ Շվեդիա վերադառնալուց շատ չանցած նա մահանում է:
Համր կինոն մեծ ճանաչում է բերում Գարբոյին: Նրա ամենահայտնի համր ֆիլմերի շարքում են`
«Հոսք» (1926), «Մարմին ու սատանա» (1927), «Սեր» (1927) և այլն: Վերջին երկու ֆիլմերում Գարբոյի խաղընկերը ժամանակի ամենահայտնի դերասաններից մեկն էր` Ջոն Գիլբերտը, որի հետ դերասանուհին նաև սիրային կապի մեջ էր: Նրանք անգամ պատրաստվում էին ամուսնանալ, սակայն վերջին պահին Գարբոն մտափոխվում է ու չեղյալ հայտարարում հարսանիքը: Լուրեր էին պտտվում, որ Գարբոն սիրավեպեր ուներ նաև մի քանի կանանց հետ, այդ թվում` պարուհի ու դերասանուհի Լուիզա Բրուքսի ու գրող Մերսեդես դե Ակոստայի հետ:
Գարբոն համր ֆիլմի այն եզակի աստղերից էր, որ բարեհաջող կերպով անցում է կատարում ձայնային կինոյին: Այնուամենայնիվ, կինոընկերության ղեկավարությունը շարունակ հետաձգում էր այս անցումը` վախենալով հանդիսատեսի հնարավոր բացասական արձագանքից: Գարբոյի վերջին համր ֆիլմը 1929թ. նկարահանված «Համբույր»-ն է: Շուտով պարզվում, որ ղեկավարությունն իզուր էր մտահոգվում. Գարբոյի մասնակցությամբ «Աննա Քրիստի» ֆիլմը մեծ հաջողություն է գրանցում՝ էլ ավելի հայտնի ու սիրված դարձնելով դերասանուհուն: Այս ֆիլմը մեծ էկրաններ է բարձրանում «Գարբոն խոսում է» կարգախոսով:
1931թ. Գարբոն Կլարկ Գեյբլի հետ միասին նկարահանվում է «Սյուզան Լենոքս. Անկում ու վերելք» ֆիլմում, որը նրանց առաջին ու վերջին համատեղ աշխատանքն էր: Հոլիվուդի այս երկու մեգաաստղերը տանել չէին կարողանում միմյանց. սա անհերքելի փաստ էր բոլորի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գարբոյի կարիերայում ժամանակավոր դադար է գրանցվում: Դերասանուհին ծրագրում էր պատերազմի ավարտից հետո վերադառնալ նկարահանումներին, սակայն, դժբախտաբար, հանգամանքներն այլ սցենար են թելադրում: 36 տարեկանում հասակում, ի զարմանս բոլորի, Գարբոն հեռանում է կինոաշխարհից:
![]() |
Գարբոն ու Ջոն Գիլբերտը |


Գարբոյի մասնակցությամբ սիրված ֆիլմերի շարքում են նաև՝ «Առեղծվածային տիկինը», «Աննա Կարենինա», «Թագուհի Քրիստինա», «Կամելիազարդ տիկինը», «Նինոչկա» և այլն:
No comments:
Post a Comment