Wednesday, 8 July 2015

Բիթլզ

     «Բիթլզը» XX դարի ամենահայտնի ռոք խումբն է. մեծապես նպաստել է ռոք երաժշտության զարգացմանը: Կազմակերպվել է 1960 թ-ին Լիվերպուլ քաղաքում: 2008 թ-ի փետրվարի 5-ին Գրինվիչի ժամանակով ուղիղ կեսգիշերին Մադրիդից Տիեզերք է հեռարձակվել «Բիթլզի» «Տիեզերքի միջով» («Across the Universe») երգը՝ ձայնագրման 40-ամյակի կապակցությամբ: Այս չորսրոպեանոց երգի ազդանշաններն ուղարկվել են Բևեռային աստղ, որը Երկիր մոլորակից հեռու է 431 լուսային տարի: Ի դեպ, սա այլմոլորակայիններին երկրային երգ ուղարկելու առաջին փորձն է:
       
     «Բիթլզն» անգլերեն է. նշանակում է բզեզներ, հարվածողներ: Խմբի անդամներն էին Ջոն Լենոնը, Փոլ Մակ-Քարթնին, Ջորջ Հարիսոնը (էլեկտրակիթառներ), Ռինգո Սթարը (իսկական անունը՝ Ռիչարդ Սթարկի, հարվածային գործիքներ):
Ջազային մեղեդիների կատարումով խումբը հռչակվել է Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ունեցել հազարավոր նմանակողներ, միլիոնավոր երկրպագուներ: Սկզբնական շրջանում խումբը կատարել է ռոքընռոլ, ինչպես նաև սքիֆլ ոճի երգեր, որոնք ամերիկյան «քանթրի» երաժշտության ու բրիտանական ժողովրդական երգերի յուրօրինակ միահյուսման արդյունքն էին: Այդ ոճով են գրվել նաև Ջ. Լենոնի և Փ. Մակ-Քարթնիի առաջին երգերը: «Բիթլզի» հիմնական երկացանկը՝ «Երեկ», «Միշել», «Էլինոր Ռիգբի», «Նա լքեց իր տունը» և այլ երգեր, ստեղծվել են Փ. Մակ-Քարթնիի երաժշտությամբ և Ջ. Լենոնի խոսքերով
     
  1962 թ-ից ձևավորվել է «Բիթլզի» պարզ անսամբլային երգեցողությամբ փոքր-ինչ թախծոտ, սակայն պայծառ լավատեսությամբ տոգորված ոճը: 1963 թ-ից խումբը համերգներով շրջագայել է մի շարք երկրներում: «Բիթլզը» դարձել է երիտասարդության կուռքը
   
   Քառյակի առաջին ալբոմը կոչվել է «Դժվարին օրվա գիշերը», երկրորդը՝ «Օգնության հասեք», որտեղ տեղ գտած «Երեկ» երգը հետագայում դարձել է դասական գլուխգործոց: 1965 թ-ին թողարկել են հաջորդ՝ «Ռետինե ոգին» և «Ատրճանակ» ալբոմները: Հետագայում խումբը հրաժարվել է համերգային գործունեությունից. վերջին համերգը տեղի է ունեցել 1966 թ-ին՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, սակայն խումբը ևս 3 տարի շարունակել է ձայնագրման աշխատանքները: Խմբի «Մորու դաշտեր» երգի գործիքավորման թարմ հնարքները և էլեկտրոնային նոր հնչերանգներն օգտագործվել են նաև «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» ալբոմում, որը դարձել է խմբի ստեղծագործության գագաթնակետը
     
     1969 թ-ին «Բիթլզը» կատարել է իր վերջին համատեղ ձայնագրությունը: 1970-ական թվականների վերջից խումբն այլևս չի գործել, սակայն խմբի անդամները հանդես են եկել որպես մենակատարներ
1980 թ-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ատրճանակի կրակոցից սպանվել է Ջ. Լենոնը՝ «Բիթլզի» ոգին և «շարժիչ ուժը»: 
     «Բիթլզ» խմբի աննախադեպ հաջողության գաղտնիքն այն է, որ երգել է XX դարի 2-րդ կեսի արևմտյան երիտասարդության  սիրո և տառապանքի, կյանքի յուրաքանչյուր օրն արժևորելու մասին: 2007 թ-ին ռեժիսոր Ջուլի Թեյմորը նկարահանել է «Տիեզերքի միջով» ֆիլմ-մյուզիքլը, որը հիմնված է խմբի 34 կատարումների վրա:



No comments:

Post a Comment