Saturday 15 August 2015

«Եվգենի Օնեգին»

«Եվգենի Օնեգինը» (1823-1831թթ., վեպ բանաստեղծություններով) Ալ.Ս.Պուշկինի գլխավոր ու ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: 

Ալ.Ս.Պուշկին
«Ինքնանկար Օնեգինի հետՆևա գետի ափին»
Իր գլուխգործոցի վրա Պուշկինն աշխատել է 7 տարի` 1823-1831թթ.: Իր այս նախաձեռնությունը հեղինակը հետագայում որակել է որպես «սխրագործություն». նման կերպ Պուշկինը արտահայտվել էր միայն «Բորիս Գոդունով» պիեսի ստեղծման մասին: Այսպես, նա սկսել է աշխատել «Եվգենի Օնեգինի» վրա 1823թ. մայիսին, Քիշնևում: Ի սկզբանե հրաժարվելով ռոմանտիզմի գրական սկզբունքներից` Պուշկինը իր ապագա ստեղծագործության հիմք է ընտրում ռեալիզմը, թեև վեպի առաջին հատվածում դեռ զգալիորեն նկատելի է ռոմանտիզմի ազդեցությունը: Հեղինակը նախապես ծրագրել էր 9 գլխից բաղկացած չափածո վեպ գրել, սակայն այնուհետև որոշում է փոքր ինչ սեղմ դարձնել այն` գլուխների քանակը հասցնելով 8-ի:
Կրճատվում է «Օնեգինի ճանապարհորդությունը» վերնագրով գլուխը, որից որոշ հատվածներ կցվում են մյուս գլուխներին: «Եվգենի Օնեգինը» հրատարակվել է առանձին գլուխներով, իսկ առանձին դրվագներ միաժամանակ տպագրվում էին գրական ամսագրերում: Գլուխներից յուրաքանչյուրի թողարկումը իսկական իրադարձություն էր ժամանակի գրականության սիրահարների համար: 1825թ. լույս է տեսնում առաջին գլուխը, իսկ 1933թ. առաջին անգամ թողարկվում է վեպի ամբողջական տարբերակը` մեկ հատորով: 

«Եվգենի Օնեգինը» 19-րդ դարի սկզբի ռուսական իրականության հայելին է: Չափածո այս վեպում արծարծվող թեմաների լայնությունը, կենցաղի ու բարքերի ճշգրիտ մանրամասները, բազմասյուժետային կառուցվածքը, կերպարների բնավորության խորը վերլուծությունը նույնիսկ մերօրյա ընթերցողին հնարավորություն են տալիս հստակ պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի մասին: Վեպն, ավելի ստույգ, ընդգրկում է 1819-25թթ.-ը` Նապոլեոն Բոնապարտի զորքերի նկատմամբ հաղթանակից հետո ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներից մինչև դեկաբրիստների ապստամբությունը: Սա կայսր Ալեքսանդր Առաջինի կառավարման տարիներն էր, այսինքն` Ռուսաստանի ծաղկման ու զարգացման շրջաններից մեկը: 

Տատյանա
Վեպի սյուժեն պարզ է ու բոլորին հայտնի: Կենտրոնում Օնեգինի ու Տատյանայի սիրո պատմությունն է: Պուշկինից առաջ սիրային շատ գրքեր կային, բայց Օնեգինի ու Տատյանայի պատմությունը պոետիկական այնպիսի վարպետությամբ է շարադրված, որ այն հարազատ է դառնում յուրաքանչյուր ընթերցողի համար: Ստեղծագործության սկզբում Պուշկինը ներկայացնում է երիտասարդ ազնվական Եվգենի Օնեգինի մտատանջությունը. նրա հորեղբայրը հիվանդ է, և Օնեգինը պետք է մեկնի Պետերբուրգից ու հրաժեշտ տա վերջինիս: Այս իրադարձության շուրջ հեղինակը սկսում է հյուսել պատմությունը` ներկայացնելով Օնեգինի ծագման, ընտանիքի ու մինչ ցավալի լուրը ստանալը վարած կենցաղի մասին: Տեղեկությունները տրվում են առաջին դեմքով` անանուն մի հեղինակի կողմից, որը ներկայանում է որպես Օնեգինի լավ բարեկամ:
Եվգենին ծնվել է Պետերբուրգի ազնվական ընտանիքներից մեկում, հետևաբար` պատշաճ կրթություն ու դաստիարակություն է ստացել: Ինչպես ընդունված էր վերին խավում, երեխայի կրթությամբ փոքրուց ի վեր զբաղվել են տարբեր ազգության ուսուցիչներ: Պատահական չէ, որ Օնեգինը գերազանց տիրապետում էր մի քանի լեզուների: Պատանի Եվգենիի կյանքը լի է եղել սիրային ինտրիգներով ու աշխարհիկ զվարճանքներով, սակայն այս ապրելակերպը շուտ է ձանձրացրել նրան` մտախոհ ու թախծոտ դարձնելով երիտասարդին: Հենց այս ժամանակ է նա ստանում հորեղբոր հիվանդության մասին լուրը ու մեկնում գյուղ: Ցավոք, նա չի հասցնում վերջին հրաժեշտը տալ նրան, քանի որ հիվանդն արդեն մահացած է լինում: Երիտասարդը որոշում է որոշ ժամանակ ապրել գյուղում, բայց այստեղ ևս ձանձրույթն ու թախիծը չեն լքում նրան: Օնեգինը ծանոթանում է 18-ամյա բանաստեղծ Վլադիմիր Լենսկու հետ, որը վերջերս է վերադարձել Գերմանիայից: Երկու երիտասարդներն ընկերանում են:
Օնեգին
Պարզվում է, որ ռոմանտիկ հոգու տեր Լենսկին սիրահարված է Օլգա Լարինային` տեղի հողատերերից մեկի դստերը: Շուտով Օնեգինը հնարավորություն է ստանում անձամբ ծանոթանալ Օլգայի ու նրա ընտանիքի հետ: Վերջինս մի քույր ունի` Տատյանան, որը բոլորովին նման չէ աշխույժ ու կենսուրախ Օլգային: Չնայած Օլգայի գեղեցիկ արտաքինին` նա բոլորովին չի գրավում Օնեգինին, քանի որ նրա մեջ կյանք չի տեսնում: Նա նույնիսկ զարմանում է, որ Լենսկին քույրերից հենց Օլգային է սիրահարվել: Ավելի խաղաղ Տատյանան իր հերթին սիրահարվում է Օնեգինին և սիրային նամակ է գրում նրան…Գործողությունների հետագա ընթացքը ընթերոցողին ստիպում են հավասարապես զգալ այն բոլոր ապրումները, որ ունենում է հերոսներից յուրաքանչյուրը: 

Օնեգինն ուԼենսկին
Անդրադառնալով Օնեգինի կերպարին` պետք է նշել, որ որպես նրա նախատիպ առաջին հերթին նշվում է ռուս հայտնի փիլիոսոփա Պյոտր Չաադաևը, որի անունը Պուշկինը շոշափում է վեպի հենց առաջին գլխում: Օնեգինի պատմությունը շատ կետերով հիշեցնում է Չաադաևի կյանքը: Օնեգինի կերպարի վրա անհերքելի ազդեցություն են ունեցել Բայրոնն ու իր «բայրոնական հերոսները»` Դոն Ժուանն ու Չայլդ Հարոլդը: 

Հանձին Տատյանայի՝ Պուշկինը ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը: Հեղինակը չի թաքցնում հերոսուհու հանդեպ իր տածած համակրանքը` խոստովանելով, որ նրա հետ միասին արցունք է թափում: Ուշագրավ է, որ Պուշկինն ամենևին չի փորձել կատարելության համընդհանուր սկզբունքներով կերտել Տատյանային: Աղջիկը քրոջ պես գեղեցիկ չէ, չի փայլում հմայքով: Ի հակադրություն Օլգայի` Պուշկինը ընդգծում է Տատյանայի ներքին գեղեցկությունն ու հարուստ ներաշխարհը: Տատյանան դեռ փոքրուց ինքնամփոփ ու մտախոհ է եղել, չի սիրել խաղալ մյուս երեխաների հետ, նախընտրել է վայելել մենակությունը:
Իր սեփական ընտանիքում նա օտարի տպավորություն էր թողնում: Աղջիկն իրական երջանկություն էր գտնում միայն բնության գրկում, դայակի պատմությունները լսելիս ու գրքերի աշխարհում: Տատյանային հատկապես գրավում էին ռոմանտիկ սիրային վեպերը: Չնայած բազմազան պատմություններ կարդալուն ու տարբեր հերոսների հետ ծանոթանալուն` Տատյանան մնում էր նույն պարզ ու հասարակ աղջիկը` զերծ ձևականություններից ու կոկետությունից: Ցավոք, գրքերում հանդիպող հերոսները բոլորովին նման չէին շրջապատի մարդկանց: Այս է պատճառը, որ Օնեգինը՝ մյուսներից ակնհայտորեն տարբերվող, խորհրդավոր ու ինքնամփոփ այս երիտասարդը առաջին իսկ հանդիպումից գրավում է աղջկան:
Տատյանան բնության գրկում
Պուշկինը շեշտում է, որ Տատյանան անմոռաց սիրահարվում է Օնեգինին քանի որ ժամանակը եկել էր, պարզապես սիրահարվելու պահը նրա կյանքում հասունացել էր: Օնեգինը նրա սրտում արթնացնում է իր վեպերի հերոսների հանդեպ տածած հիացմունքը: Տատյանայի սերը մաքուր ու անմեղ է. նա ոչինչ չի պահաջում Օնեգինից, պարզապես չի կարողանում այդ հսկա զգացմունքն իր մեջ պահել: Իհարկե ընթերցողը տեսնում է, թե հոգեկան ինչ ապրումներից հետո է աղջիկը համարձակվում ուղարկել սիրային խոստովանությունը: 

Քրոջից նկատելիորեն տարբերվում է Օլգան, որը նման է ժամանակի տարածված ու սիրված վեպերի հերոսուհիներին. արտաքուստ գեղեցիկ ու հմայիչ է, բայց զուրկ է ներքին բովանդակությունից: 

«Օնեգինի ու Լենսկու մենամարտը»
Իլյա Ռեպին, 1899թ.
Ժամանակի զարգացող երիտասարդության գլխավոր ողբերգությունը շրջապատող իրականությունից հիասթափությունն էր: Այդ հիասթափված սերնդի ներկայացուցիչն էր նաև Օնեգինը: Այս առումով Օնեգինի հակապատկեր կարելի է համարել Լենսկուն, որին Պուշկինը ներկայացնում է որպես վառ, կենսուրախ մի կերպար, որն աչքի է ընկնում իր պարզությամբ, անկեղծությամբ ու նույնիսկ միամտությամբ: Հեղինակը Լենսկուն նկարագրելիս տեղեկացնում է, որ երիտասարդ բանաստեղծը գեղեցկադեմ է, կյանքով ու հույսերով լի: Նա մեծացել ու սովորել է Գերմանիայում, «Շիլլերի ու Գյոթեի երկնքի տակ», և նրանց բանաստեղծական ոգին ներթափանցել էր Լենսկու մեջ: Լենսկին իր բոլոր երազանքները փորձում է արտահայտել բանաստեղծությունների միջոցով:
Նրան խորթ են ազնվական խավն ու ընդունված ձևականությունները, նա խուսափում էր խնջույքներից ու աղմկոտ զրույցներից: Լենսկին այդպես էլ չի կարողանում իրեն հոգեհարազատ մեկին գտնել գյուղում, գուցե այս պատճառով է նա ընկերանում Օնեգինի հետ: Այս տարօրինակ ու անսպասելի ընկերության մեջ, իհարկե, նաև վիճաբանություններ ու տարակարծություններ էին պատահում, բայց երիտասարդները փոխադարձ համակրանք էին տածում միմյանց հանդեպ ու հաճելի ժամանակ անցկացնում: Լենսկու համար այս բարեկամությունը ավելի կարևոր ու տեղին էր, քանի որ կյանքի այդ շրջանում նա վստահելի մի մարդու կարիք ուներ, որին կարող էր պատմել իր բոլոր ապրումներն ու մտավախությունները: Նա բարձր էր դասում Օնեգինի հետ իր ընկերությունը, և առհասարակ, ընկերությունը նրա համար վեհ մի բան էր: Իհարկե Լենսկին ապրում է իր ստեղծած ռոմանտիկ աշխարհում ու չի տեսնում խորքում թաքնված ճշմարտությունը:

Պատահական չէ, որ նա սիրահարվում է հենց Օլգային` գերվելով միայն փայլուն արտաքինով: Լենսկու կյանքի իմաստը, կարծես, հավատն է սիրո, կյանքի նկատմամբ: Միայն այդ հավատի շնորհիվ է նա պահպանում իր աշխարհն ու գոյատևում մռայլ իրականության մեջ: Լենսկու մահը սիմվոլիկ է. Պուշկինն ուզում է ցույց տալ, որ երազկոտ հոգու տեր մարդը մի օր պետք է բախվի դառը իրականությանը և չդիմանալով` հեռանա կյանքից: Լենսկին միայն այսկերպ կարող էր փրկվել համընդհանուր դատարկությունից: 

«Օնեգին»
Դմիտրի Կարդովսկի, 1909թ.
««Եվգենի Օնեգինը» ռուսական հասարակության զարգացման ամենահետաքրքրիր շրջաններից մեկի արտացոլումն է, այդ պատճառով այս վեպը լիովին պատմական է, չնայած դրա հերոսներից և ոչ մեկը իրականում գոյություն չի ունեցել: «Եվգենի Օնեգինը» ռուսների կյանքի գեղարվեստական հանրագիտարանն է, վերին աստիճանի ժողովրդական ստեղծագործություն»,-Վ.Գ.Բելինսկի:

Այս վեպից, իրոք, ինչպես հանրագիտարանից, կարելի է իմանալ գրեթե ամեն ինչ տվյալ ժամանակաշրջանի մասին` ինչպես էին հագնվում, ինչն էր նորաձև համարվում, ինչն էին մարդիկ գնահատում ամենից առավել, որն էր նրանց զրույցների հիմնական թեման, հետաքրքրությունների ինչ շրջանակներ ունեին: Կարճ, բայց դիպուկ կերպով հեղինակը տալիս է հասարակ գյուղի, հպարտ Մոսկվայի ու ազնվական Պետերբուրգի պատկերը: Նա ամենառեալ ձևով ներկայացնում է այն հասարակությունը, որտեղ ապրում են հերոսները: Այլազգի ներկայացուցչի համար դժվար է հասկանալ այս ստեղծագործությունը: Նա, ով լիարժեք հասկացել է «Եվգենի Օնեգինը», հասկացել է նաև ռուս մարդու ներաշխարհը, ռուսի խառնվածքը, մի խոսքով՝ «ռուսական հոգին»:

No comments:

Post a Comment