Վասիլի Երանելու ուղղափառ տաճարը (Պոկրովսկի տաճար)՝ Մոսկվայի կենտրոնում` Կարմիր հրապարակում գտնվող «ռուսական հրաշքը», կառուցվել է 1555-1561թթ., Իվան Ահեղի օրոք` Կազանի և Աստրախանի խանությունների դեմ տարած հաղթանակների պատվին։ Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան:
Մի քանի տարի առաջ` տաճարի վերանորոգման աշխատանքների ընթացքում, մասնագետները պատերից մեկի արտաքին երեսպատման տակ հայտնաբերեցին մի գրություն, որտեղ ճարտարապետ-շինարարները նշել էին տաճարի շինարարության ավարտման ճիշտ օրն ու տարին` հունիսի 22, 7069` ժամանակակից օրացույցով`1561թ. հուլիսի 12:
Վասիլի Երանելու տաճարի ճարտարապետի մասին ստույգ տեղեկություններ չկան: Գոյություն ունի երկու վարկած. ըստ առաջինի`տաճարը կառուցել է պսկովցի ճարտարապետ Պոստնիկ Յակովլևը՝ Բարմա մականունով, ըստ երկրորդի՝ Բարման ու Պոստնիկ Յակովլևը՝ երկու տարբեր ճարտարապետներ, միասին նախագծել են տաճարը: Այս երկու վարկածներն այժմ հնացած են համարվում: Գոյություն ունի նաև երրորդ պատմությունը, ըստ որի տաճարի ճարտարապետը եղել է Արևմտյան Եվրոպայից ժամանած մի անհայտ վարպետ (ենթադրաբար՝ իտալացի):
Սրանով էլ բացատրվում է տաճարի յուրօրինակ ոճը, որը ներառում է թե՛ ռուսական ավանդական, թե՛ Վերածննդի դարաշրջանի եվրոպական ճարտարապետության տարրեր: Այնուամենայնիվ, այս տեսակետը ևս փաստացի ապացույց չունի: Ըստ մեկ այլ հայտնի լեգենդի՝ տաճարի կառուցումից հետո ճարտարապետներ Բարմային ու Պոստնիկին Իվան Ահեղի հրամանով կուրացրել են, որպեսզի նրանք էլ երբեք նմանատիպ շինություն չնախագծեն: Սակայն այս լեգենդը բացառում է Պոստնիկի՝ տաճարի ճարտարապետ լինելը, քանի որ նա տարիներ հետո այլ կառույցներ է նախագծել:
Տաճարի գմբեթները |
Տաճարը խորհրդանշում է Երկնային Երուսաղեմը, սակայն նման վառ գույների ընտրության պատճառը մինչ օրս էլ հանելուկ է մնում:
1558թ. կառուցվում է Վասիլի Երանելու եկեղեցին: Ճարտարապետական տեսանկյունից այն առանձին շինություն է՝ իր առանձին մուտքով:
17-րդ դարի երկրորդ կեսին տաճարի արտաքին տեսքը զգալի փոփոխություններ է կրում. որոնցից ամենաէականը շեմքի կառուցումն էր:
Պ.Վ. Խավսկու՝ 1722թ. գրքում առկա տեղեկությունների՝ այդ տարիներին տաճարի համալիրը ներառում էր 18 եկեղեցի: 1817 թ. վերանորոգման ժամանակ ճարտարապետ Օսիպ Բովեն տաճարի հիմքային պատը ամրացնում է քարով՝ ավելի դիմացկուն ու ապահով դարձնելով այն: Տաճարին ամենամեծ վնասը հասցնում էին հաճախակի բնույթ կրող հրդեհները, որոնց հետևանքով դեռ 16-րդ դարից սկսած համալիրը պարբերաբար ռեստավրացվում էր: Այս է պատճառը, որ համալիրի պատմության ընթացքում Վասիլի Երանելին բազմիցս փոխել է իր ընդհանուր կերպարը՝ կարծես հարմարվելով դարաշրջանի ճաշակին: Տաճարի վերաբերյալ փաստաթղթերում 1737թ. առաջին անգամ հիշատակվում է ճարտարապետ Իվան Միչուրինի անունը, որի գլխավորությամբ իրականացվել են տաճարի արտաքին ու ներքին վերականգնման աշխատանքները նույն թվականի «հոգեգալուստի հրդեհից» հետո (Հոգեգալուստի տոնի ժամանակ բռնկված հրդեհը):
Վերականգնողական մյուս աշխատանքներն արդեն իրականացվել են Եկատերինա Երկրորդի օրոք՝ 1784-86թթ., ճարտարապետ Իվան Յակովլևի գլխավորությամբ: Տաճարը վերանորոգվել է նաև 1900-20-ական թթթ.: 1923թ. որոշվում է տաճարի ներսում պատմահնագիտական թանգարան հիմնել: Նույն թվականի մայիսի 21-ից թանգարանը իր դռները բացում է այցելուների առջև՝ մինչ օրս երբեք չփակվելով:
Տաճարը 1613թ. |
Վասիլի Երանելու տաճարի բարձրությունը 65 մ. է: Ընդհանուր առմամբ համալիրը բաղացած է 9 եկեղեցուց (այդ թվում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին) և 11 գմբեթից: Տաճարի առաջին հարկի մեծ մասը զբաղեցնում է Վասիլի Երանելու եկեղեցին, իսկ երկրորդ հարկը՝ նախասրահը, պատկերասրահներն ու մնացած եկեղեցիները: Տաճարի ներկայիս զանգակատունը կառուցվել է 1680-ական թթ.՝ հին զանգակատան տեղում:
Զանգակատունը |
Վասիլի Երանելու տաճարը համարվում է ռուսական ճարտարապտության գլուխգործոցը, և ռուսների համար այնպիսի նշանակություն ունի, ինչպիսին, օրինակ, Էյֆելյան աշտարակը՝ ֆրանսիացիների կամ Բիգ Բենը անգլիացիների համար: «Ռուսական հրաշքը» նախ նվիրված է եղել Տիրամորը, հետո անվանվել է Հանուն Երրորդության, ապա` Վասիլի Երանելու տաճար: Ըստ որոշ ավանդազրույցների` Վասիլին խելագար է եղել: Խենթերին երբեմն պաշտում են, բացառիկ դեպքերում էլ` սրբացնում, ինչպես կատարվեց Վասիլիի դեպքում:
Ներկայումս տաճարը Ռուսաստանի Պետական պատմական թանգարանի մաս է: 1931թ. տաճարի դիմաց կանգնեցվում են ռուս ազգային հերոս Կուզմա Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկուն նվիրված հուշարձանը:
No comments:
Post a Comment