Tuesday 5 August 2014

Էսքիլես




Էսքիլես՝ հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, որը կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։ Ծնվել է մ.թ.ա. 525թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրը՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլեսն ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, երբ տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլեսը թեև կողմնակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Հունաստանում արդեն քայքայվել էին տոհմատիրական կարգերը, ծաղկում էին ապրում ստրկատիրական կարգերը, ինչի արդյունքում Հունաստանում սկսես զարգանալ ինչպես տնտեսությունն, այնպես էլ մշակույթն ու արվեստը: Հունաստանում ստեղծվեց դասական տիպի պետության օրինակը, նախ` արիստոկրատական, ապա ժողովրդավարական: Մ.թ.ա. 5-րդ դարի առաջին կեսի կարևորագույն քաղաքական իրադարձությունը հույն-պարսկական պատերազմն էր, որն ի վերջո ավարտվեց հույների հաղթանակով: Էսքիլեսի կյանքը զուգադիպեց հույն-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին: Դարասկզբի երեք կարևոր ճակատամարտերում (Մարաթոն` 490թ., որին մասնակցել է նաև Էսքիլեսը, Սալամին`480, Պլատեա`479) վճռվեց Հունաստանի ճակատագիրը. այս հաղթանակները մեծապես նպաստեցին հույն ժողովրդի ազգային միավորմանը: 472թ. Էսքիլեսը ստիպված հեռացել է Աթենքից և տեղափոխվել Սիցիլիա: Այստեղ, Հիերոն թագավորի պալատում, նա ստացել է ապրելու և ստեղծագործելու հնարավորություն: Գրականության պատմությունը այդ փախուստը մեկնաբանում է կամ երիտասարդ Սոֆոկլեսից կրած պարտությամբ, կամ իր պիեսներում ինչ-ինչ գաղտնիքներ հրապարակելու հետևանքով հետապնդումներից խուսափելու անհրաժեշտությամբ: Վերադարձել է Աթենք մ.թ.ա. 468.։ Այստեղ մեծ հաջողությամբ բեմադրվում է նրա «Օրեստական» ողբերգությունը, որից հետո Էսքիլեսն անհասկանալի պատճառով նորից մեկնում է Սիցիլիա։ Էսքիլեսը մահացել է Սիցիլիայի Հելե քաղաքում մ.թ.ա. 456թ., 69 տարեկան հասակում: Նրա մահվան շուրջ հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլեսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան ՝ պատյանը ջախջախելու համար, ինչն էլ մահվան պատճառ է դառնում: Էսքիլեսը գրել է 70 ողբերգություն և 20 սատիրական դրամա: Ողբերգություններից մեզ հասել են միայն 7 ամբողջական գործեր («Պարսիկներ», «Յոթն ընդդեմ Թեբեի», «Պրոմեթևսը շղթայված», «Օրեստական» և այլն) և զանազան ստեղծագործություններից շուրջ 400 հատված: Իր առաջին ողբերգությունը Էսքիլեսը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Էսքիլեսի ողբերգություններում գերիշխողը ճակատագրի անխուսափելիության գաղափարն է: Նա վառ կերպով արծարծել է նաև մենամուսնության և բազմամուսնության, դիցաբանության ժխտման, վրեժի և այլ թեմաներ: Էսքիլեսը էական փոփոխություններ է կատարել հունական թատերական արվեստի բնագավառում, կրճատել երգչախմբային հատվածները՝ մեծ տեղ հատկացնելով երկխոսություններին: Նա առաջինն էր, ով բեմ հանեց երկրորդ դերասանին, ինչպես նաև մտցրեց բեմական ձևավորում և արտաբերման երաժշտություն:
Էսքիլեսի կիսանդրին Հյուսիսային
Կարոլինայի Արվեստի թանգարանում


No comments:

Post a Comment