«Պարզ երևում է, թե ինչ կարող է կորցնել արվեստը իր վրա դրված այս մշտական պարտավորությունից: Նախ և առաջ՝ անբռնազբոսությունը և այն աստվածային ազատությունը, որով շնչում է Մոցարտի ստեղծագործությունը»:
«Ի՞նչու է զարմանալի, որ արվեստագետներն ու մտավորականներն են առաջին զոհերը ժամանակակից բռնակալությունների՝ լինեն ձախ, թե աջ: Բռնակալները գիտեն, որ արվեստի ստեղծագործության մեջ կա ազատագրական ահռելի ուժ, որը խորհրդավոր է լոկ նրանց համար, ովքեր չեն հավատում ազատությանը: Յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն ավելի սքանչելի և ավելի հուռթի է դարձնում մարդու կերպարը. սա է ողջ գաղտնիքը» («Արվեստագետը և իր ժամանակը» դասախոսությունից, 1957թ.):
«Երբ բառերն ու խոսքերը, անգամ ամենահասարակները, վճարվում են ազատության և արյան գնով, արվեստագետը սովորում է դրանք չափավոր օգտագործել: Վտանգը դառնում է ավանդական, և ամեն մի մեծություն, ի վերջո, իր արմատներն ունի վտագավոր համարձակության մեջ» («Արվեստագետը և իր ժամանակը» դասախոսությունից, 1957թ.):
«Բայց ի՞նչ է արվեստը: Վստահ ենք, որ հասարակ բան չէ: Եվ ավելի դժվար է այն հասկանալ անթիվ մարդկանց աղաղակերի մեջ, որոնք մոլեգնորեն ջանում են պարզեցնել ամեն բան: Մի կողմից, ուզում ենք, որ հանճարը լինի վեհաշուք և միայնակ, մյուս կողմից, որ նմանվի բոլորին: Ավա՜ղ, իրականությունն ավելի բարդ է, և Բալզակն այն բացատրեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Հանճարը նման է բոլորին, բայց ոչ ոք նման չէ նրան»: Այդպես էլ արվեստն է, որը ոչինչ չարժե առանց իրականության, բայց առանց որի իրականությունը գրեթե անարժեք է» («Արվեստագետը և իր ժամանակը» դասախոսությունից, 1957թ.):
«Ազատ արվեստագետը նա է, ով մեծ դժվարությամբ ինքն է ստեղծում իր սեփական կարգուկանոնը: Ժիդը մի միտք ունի, որն ինձ դուր է գալիս, չնայած կարող է թյուրիմացություն առաջացնել. «Արվեստը ապրում է հարկադրանով և մեռնում է ազատությունից»: Սա ճշմարիտ է: Բայց չպետք է եզրակացնել, թե արվեստը կարելի է ղեկավարել: Արվեստն ապրում է լոկ իր ստեղծած հարկադրանքներով. մնացած բոլոր հարկադրանքներից նա մեռնում է» («Արվեստագետը և իր ժամանակը» դասախոսությունից, 1957թ.):
No comments:
Post a Comment