Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմը (մ.թ.ա. մոտ 700թ.) անտիկ գրականության պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի. այն ուսուցողական էպոսի առաջին օրինակն է:
Մ.թ.ա. 8-րդ դարի վերջերից հին Հունաստանում սկիզբ են առնում հասարակական-քաղաքական նոր տեղաշարժեր: Տոհմատիրական կարգերը քայքայվում են և իրենց տեղը զիջում առավել զարգացած արտադրահարաբերությունների, այն է` ստրկատիրությանը: Զարգանում է մասնավոր նախաձեռնությունը: Դիցաբանությունը, որ Հոմերոսի ժամանակներում հիմնական գաղափարախոսություն էր, աստիճանաբար վերածվում է բարոյական օրենքի: Հերոսական ժամանակներին փոխարինելու է գալիս դասակարգային հասարակության ժամանակը, ստեղծվում են հասարակական կյանքի նոր սկզբունքներ, մշակվում են բարոյական նոր օրենքներ, առաջատար դիրք են ձեռք բերում արդարության, ճշմարտության, աշխատանքի և հաշվենկատության գաղափարները: Ռազմի աստված Արեսի և շանթարձակ Զևսի փոխարեն առաջնակարգ նշանակություն են ձեռք բերում արդարադատության աստվածուհին` Թեմիսը և բերքատվության աստվածուհին` Դեմետրան: Հերոսական դարաշրջանին բնորոշ դյուցազնական էպոսին փոխարինում է ուսուցողական էպոսը: Այս ժանրի խոշորագույն ներկայացուցիչը Հեսիոդոսն է:
Հեսիոդոս |
«Աշխատանք և օրեր» պոեմը խրատական է՝ ուղղված հեղինակի եղբորը՝ Պերսևսին: Հոր մահվանից հետո Պերսևսը կարողանում է կաշառակեր դատավորների միջոցով իրեն վերցնել նաև Հեսիոդոսին բաժին հասած հողը և ի վերջո քամուն տալ թե՛ իր և թե՛ եղբոր ունեցվածքը: Իր երկով Հեսիոդոսը փորձել է եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության խորհուրդներ տալ:
Պոեմը զարգացնում է երկու հիմնական թեմա. առաջինն (1-380 տողեր) արտահայտում է ճշմարտությանը հավատարիմ լինելու գաղափարը: Հեսիոդոսը խոսում է նաև Պրոմեթևսի և մարդկության պատմության 5 շրջանների մասին: Ըստ Հեսիոդոսի՝ աստվածները առաջին սերնդի մարդկանց ստեղծեցին ոսկուց: Նրանք ապրում էին Քրոնոսի ժամանակներում, երջանիկ և անհոգ: Նրանց ոչնչացումով սկիզբ է առնում մարդկային ցեղի աստիճանական անկումը: Երկրորդ սերունդը ստեղծվում է արծաթից, և մարդկանց կյանքից իսպառ վերանում է երջանկությունը: Այնուհետև գալիս է պղնձե դարը, որի բերած սերունդը աչքի էր ընկնում ռազմատենչությամբ և պատերազմներով: Պղնձե դարին հաջորդում է հերոսների դարը, որ նախորդից ավելի արդարամիտ էր ու բարձր: Վերջին` հինգերորդ սերունդը Հեսիոդոսի ժամանակակիցներն են, որոնց մասին նա գրում է.
Երանի թե այս հինգերորդ սերնդից ես չլինեի,
Կամ մինչև այդ վախճանվեի, կամ էլ հետո աշխարհ գայի,
Զի երկաթից ստեղծվեց այս ցեղն ու ոչ մի օր,
Ոչ մի գիշեր վերջ չի լինում մեր տանջանքին, աղետներին:
Խոսելով Պրոմեթևսի մասին Հեսիոդոսը պատմում է աստվածներից կրակը գողանալու և մարդկանց նվիրելու առասպելը, որը և մեծ աղետներ բերեց մարդկության գլխին: Աստվածները, ըստ Հեսիոդոսի, թաքցրել են բարիքները հողի ընդերքում, բայց մարդկանց օժտել են դրանց հասնելու հնարավորությամբ` խելքով և աշխատասիրությամբ: «Չարիք գործելը,- ասում է պոետը,- դժվար բան չէ, կարճ է դեպի չարիք տանող ուղին, իսկ առաքինության ուղին երկար է և դժվարություններով լի»:
Հատված պոեմի 1539թ. տպագրությունից. Հին հունարեն (լատիներեն ծանոթագրություններով) |
«Աշխատանք և օրերի» հիմնական թեման երկրորդն է, որը զարգացվում է 380-828 տողերում: Այն նվիրված է գյուղատնտեսական աշխատանքներին, հողագործական գործիքներին, անասուններին, գեղջկական հագուստներին, սննդին: Հեսիոդոսի իդեալը աշխատասեր և բանիմաց գյուղացին է, որը կարողանում է, ի հեճուկս աստվածների, իր խելքով հասնել հարստության, կազմակերպել իր տնտեսությունը: Հեսիոդոսի ուշադրությունից ոչ մի մանրամասն չի վրիպում: Գյուղացին պետք է ճիշտ պատկերացում ունենա տարվա եղանակների, ցանքի, հնձի, մյուս գործերի համար հարմար օրերի մասին: Նրա ստրուկները չպետք է երեխաներ ունենան, քանի որ ծծմայր ստրուկը հարմար չէ աշխատանքի համար: Երկու կին պետք է ունենա գյուղացին. մեկը դրսի գործերի համար, մյուսը` ներսի: «Աշխատելը բոլորովին ամոթ չէ, չաշխատելն է ամոթ,- հորդորում է Հեսիոդոսը, - քանի որ աշխատանքը մարդուն դարձնում է ունևոր և շարժում ծույլերի նախանձը»: Աշխատասիրության հետ միասին Հեսիոդոսը մարդուն սովորեցնում է բարոյական արժանապատիվ կյանքի` պատվել ծնողներին, խնայել որբերին, պարտադիր կերպով կատարել ոչ միայն պետական, այլև երկնային հարկատվությունը, քանզի ամեն ինչ ի վերջո սպասվում է աստվածներից: Պոեմում Հեսիոդոսը նկարագրել է իր ժամանակաշրջանի բարքերը՝ օգտագործելով բազմաթիվ առածներ, ասացվածքներ ու առակներ: Այն հոմերոսյան ժամանակաշրջանից հետո հաստատված նոր կենսապայմանների արտահայտությունն է և արտացոլում է զարգացման նոր աստիճանը: Պոեմի կենտրոնում անհատն է՝ իր առօրյա հոգսերով, խմբից լիովին մեկուսացած, անհատական նպատակներով:
Հեսիոդոսի ստեղծագործությունը անտիկ գրականության հետաքրքրական նմուշներից է, որն իր փիլիսոփայական մոտեցումներով ու առասպելական հին ու նոր մտածելակերպով գերում է նաև մերօրյա ընթերցողին:
No comments:
Post a Comment